Կարծում եմ՝ որևէ գաղտնի բան չկա Վենսի այցի շրջանակներում քննարկվող հարցերի օրակարգերում. Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ավելին՝ մենք ունենք նաև արդեն ռազմավարական մակարդակի հարաբերություններ և նաև դրանից բխող ոլորտային հարաբերություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Նախորդ տարվա օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո արդեն իսկ տեղի են ունեցել դրական զարգացումներ՝ ստորագրված տարբեր ուղղություններով։ Գիտեք, որ մի քանի հուշագրեր էին ստորագրվել, որոնցով մենք ունենք առաջընթաց՝ արհեստական բանականության մասով, էներգետիկայի մասով, ապաշրջափակման մասով։
Ես չեմ սիրում պաթետիկ բառեր օգտագործել, բայց ԱՄՆ փոխնախագահի այցն իրականում պատմական է, որովհետև երբևէ տեղի չի ունեցել։ Սա առաջին նման այցն է, և նրան պետք է վերաբերվել հենց այդպես։ Սա նշանն է նրա, որ հարաբերությունները խորանում են, խորանալու են, և երկուստեք շահագրգռվածություն կա դա անելու։ Մենք այդ տրամաբանության մեջ շարունակելու ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ»,-ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան և Բաքու կհանգեցնի խաղաղության պայմանագրի կնքման, Թորոսյանը պատասխանեց՝ ինքը չի կարող ուղիղ պատասխանել՝ այցը որևէ կերպ կազդի, թե չի ազդի, բայց խաղաղության պրոցեսն առաջ տանելը և դրա շրջանակներում խաղաղության համաձայնագիրը վերջնական կնքելը ամենօրյա աշխատանք է պահանջում, ինչն էլ իրենք իրականացնում են արդեն երկար տարիներ։
Արսեն Թորոսյանը չկիսեց այն կարծիքը, որ Վենսը Բաքու գնում է առավել հագեցած օրակարգով։ «Այսինքն՝ մեր օրակարգը հագեցած չի, իրենցը հագեցա՞ծ է։ Այդ նսեմացման քաղաքականությանը եկեք վերջ տանք։ Ի՞նչ է նշանակում առավել հագեցած կամ առավել քիչ հագեցած։ Մեր օրակարգն էլ է շատ հագեցած, և մենք էլ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմապիսի, բազմավեկտոր հարաբերություններ և քաղաքականություն վարում՝ բոլոր ուղղություններով։
Կա ռազմավարական փաստաթուղթ՝ ստորագրված ԱՄՆ- հետ, որտեղ նշված են ուղղություններ, բայց, իհարկե, մենք դրանցով չենք սահմանափակվում, և ընդհանրապես երկու երկրների միջև, երբ խորացող հարաբերություններ են լինում, բոլոր ուղղություններով էլ այդ հարաբերությունները խորանում են»,- ասաց նախարարը։





