ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին
1. Պարոն Աշոտյան, իշխանությունները համառորեն հանրությանն են հրամցնում «Խաղաղության խաչմերուկ» կոչված ծրագիրը։ Ի՞նչ եք կարծում, այն իրատեսակա՞ն է եւ ինչո՞ւ են նրանք այդքան կառչել դրանից։
– Իրավացի եք, այդ շոուն շարունակվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտերում։ Մի քանի անգամ անդրադարձել եմ այդ նախագծին՝ հիմնավոր ապացուցելով, որ դա հերթական նիկոլական խաբկանքն է։
Իր դրսի վոյաժներում Նիկոլը մշտապես փորձում է փիար անել այդ փուչիկը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զավեշտալի են դրսում նայվում «Խաղաղության խաչմերուկի» բուկլետներ բաժանող հայ իշխանավորները։
Ծրագիր կոչվածը որեւէ աղերս չունի ո՛չ ռեալ գեոպոլիտիկ իրավիճակի, ո՛չ միջազգային լոգիստիկ նախագծերի, ո՛չ էլ տնտեսական հաշվարկների հետ։ Ոչ մի գլոբալ կոմունիկացիոն նախագիծ՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհը», ռուսական «Հյուսիս-Հարավը», արեւմտյան «Գլոբալ դարպասը», հնդկական պրոյեկտները ոչ մի ծայրով չեն ներառում նիկոլական հեքիաթը։
«Խաղաղության խաչմերուկը» փողոցում բաժանվող պիցցաների ֆլայերների մակարդակից չի բարձրացել եւ չի բարձրանա։ Այն նման է ամեն գնով մարդու գնալու պատրաստ մի գեշ աղջկա, ում հարազատները կոտորվում են գովելով եւ իրենց հետ հյուր տանելով։ Ամոթից ելնելով էլ՝ հարեւանները եւ բարեկամները նրան առերես գովում են, իսկ հետեւից՝ հեգնում։
2. Շատ է ակտիվ Էդմոն Մարուքյանը, ով փորձում է ընդդիմությանը քննադատելով ընդդիմություն ներկայանալ։ Կարձագանքե՞ք, պարոն Աշոտյան։
– Նման դեպքերում ափսոսում եմ, որ քաղաքականության մեջ չի գործում սուպերմարկետների՝ պարտադիր պիտանելիության ժամկետի կանոնը։ Մի հարց տամ. եթե, օրինակ Մակունցին կամ նման մեկին, նիկոլական դեսպանի պաշտոնում օգտագործելուց հետո դեն նետեն ու նա «թունդ» ընդդիմադիր դառնա, պիտի նրա զեղումները մեկնաբանե՞նք։ Խնդրում եմ բոլորին, նրան պարզապես իգնոր արեք, մի արձագանքեք, մի մեկնաբանեք, մի ջղայնացեք, մի բորբոքվեք, անցյալը մի հիշեցրեք։ Մի երկարաձգեք նրա քաղաքական կարիերայի հոգեվարքը: Նրան հանգիստ թողնենք, որ նրա քաղաքական ուղին հանգչի խաղաղությամբ։ Ամեն։
3. Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթական համակարգում, մասնավորապես՝ բուհական համակարգում։
– Ոչ մի առանձնահատուկ բան էլ չի կատարվում։ Ինչպես այս ռեժիմի օրոք մնացած բոլոր ոլորտներում, այնպես էլ այստեղ, տեղի է ունենում կազմաքանդում, էռոզիա եւ կոլլապս։ Մի տարբերությամբ. այդ ոլորտը, ի տարբերություն այլ ոլորտների, պրոֆեսիոնալի համբավ ունեցող մարդու ձեռքերում է, ուստի նա ավելի ինքնավստահ եւ հավեսով է քանդում այն՝ կրթության որակից մինչեւ կրթության հասանելիություն, կրթական բովանդակությունից մինչեւ ակադեմիական ազատություններ։
Երեխաների իրավունքներով զբաղվող ՄԱԿ-ի (UN Committee on the right of the Child) վերջին զեկույցը պարզապես խայտառակ եւ աննախադեպ գնահատականներ էր պարունակում մեր երկրում հանրակրթության խնդիրների մասին։ Ի դեպ, նույն վիճակը նաեւ բուհերի մասով է։ Օրինակ, անգամ նիկոլական ռեժիմը սիրող V-DEM institute միջազգային վարկանիշային գնահատականներում (Academic freedom Index), որոնք մշտապես աչք են փակում Հայաստանի իշխանությունների բազում խախտումների վրա, բուհերի ակադեմիական ազատությունների վերջին գնահատականներում Հայաստանը զգալի հետընթաց է արձանագրել։ Հատկապես նշանակալի էր բուհերը քաղաքական ազդեցություններից զերծ պահելու ցուցանիշի անկումը (վարկանիշի 4-րդ ցուցանիշ)։ Նրանց համար բուհերը կրթօջախներ չեն՝ շենքեր են, ուսանողները մարդ չեն՝ զանգված են, դասախոսներն էլ մտավոր էլիտա չեն՝ աշխատուժ են։ Հայաստանն էլ Հայրենիք չէ՝ դուքյան է։
4. Արարատ Միրզոյանի վերջին հայտարարություններին Հայոց ցեղասպանության մասին ինչպե՞ս եք վերաբերվում։
– Այնպես, ինչպես կվերաբերվի ցեղասպանությունը վերապրած նախնիների ընտանիքի զավակը… Այնպես, ինչպես կվերաբերվի ցանկացած նորմալ հայ… Այնպես, ինչպես կվերաբերվի ցանկացած նորմալ մարդ՝ անկախ ազգությունից եւ կրոնից… Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է։ Սրանց անբարոյանականության հերթական հակառեկորդը կանխատեսելի էր դեռեւս 2018-ից: Սրանք թեպետ պաշտոնական թղթերում հիշատակում էին Հայոց ցեղասպանության հարցը, սակայն ռեալ գործողություններով անում հակառակը՝ Նիկոլի, կառավարության, ԱԺ-ի մակարդակներում։
Դեռեւս «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տարվա ապրիլին հրապարակավ հայտարարել էի, որ ոչ մի հոգով նիկոլական Ծիծեռնակաբերդ գնալու իրավունք չունի։ Ժամանակը ցույց տվեց, որ կրկին իրավացի էի։ Հիմա սրանք անցել են ուրացման բացահայտ քաղաքականությանը, որովհետեւ առ այսօր անպատիժ են մնում հայ ժողովրդի դեմ գործած իրենց հանցանքների համար։
Ավելորդ է ասել, որ Միրզոյանի սրիկայությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սրանց կառավարության ծրագրին եւ ազգային անվտանգությանս ռազմավարությանը։ Այս դեպքում շատ ավելի կեղտոտ է եւ վրդովվեցնող ոչ թե գրված, այլ չգրված օրենքների լպիրշ ոտնակոխումը։ Կրկնեմ. Հայոց ցեղասպանության հարցի ուրացումն ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներին, որոնցում Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր մասն է։ Նիկոլը նաեւ լվանում է Թուրքիայի արյունոտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական շրջանակների տասնյակ տարիների պայքարն ու աշխատանքը։
5. Թող ներեն ինձ հայրենակիցներս, բայց հինգերորդ հարցուպատասխանի փոխարեն ցանկանում եմ հիշեցնել անվանի ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի այն բանաստեղծությունը, որը նա գրել էր ստալինյան ռեպրեսիաների ժամանակ եւ որի պատճառով նրան կալանավորվեցին, դատապարտվեցին եւ կալանքում փաստացի սպանեցին։ Այս ստեղծագործությունն իր էությամբ այսօրվա Հայաստանի մասին է.
– Мы живём, под собою не чуя страны,
Наши речи за десять шагов не слышны,
А где хватит на полразговорца,
Там припомнят кремлёвского горца.
Его толстые пальцы, как черви, жирны,
И слова, как пудовые гири, верны,
Тараканьи смеются усища
И сияют его голенища.
А вокруг него сброд тонкошеих вождей,
Он играет услугами полулюдей.
Кто свистит, кто мяучит, кто хнычет,
Он один лишь бабачит и тычет,
Как подкову, дарит за указом указ:
Кому в пах, кому в лоб, кому в бровь, кому в глаз.
Что ни казнь у него — то малина,
И широкая грудь осетина..
Осип Мандельштам