Հայկական կողմը տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմ հիմք չի տեսնում. Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ է հակադրում Հայաստանը Ադրբեջանին, որը բացահայտորեն պատրաստվում է պատերազմի, նախարարը նշում է, որ նման հայտարարությունների պատճառն ակնհայտորեն Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունն է։
«Հայտարարությունները մեզ նույնպես անհանգստացնում են»,- խոստովանում է Պապիկյանը՝ հավելելով. «Բայց մենք դրա համար լեգիտիմ հիմք չենք տեսնում։ Հայաստանը բարձրացնում է բոլոր հարցերը և ունի իր հարևանների հարցերի պատասխանները։ Կարծում եմ՝ մեր պատասխանները կարող են լուծել բոլոր հակասությունները և խաղաղություն բերել տարածաշրջան։ Մենք կշարունակենք աշխատել միջազգային գործընկերների և Ադրբեջանի հետ երկկողմ հիմունքներով»։
Պապիկյանը նշում է, որ ագրեսիա իրականացնելու համար հիմքեր չկան, որովհետև ՀՀ-ն հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղության հաստատատելու նարատիվներով, և այդ նարատիվները բավականին հիմնավոր են:
«Ես չեմ կարծում որ կա հիմք որևէ կերպ էսկալացնել տարածաշրջանը», – ասում է նա։
Նրա խոսքով՝ քանի-որ խոսվում է տարածաշրջանի անվտանգությունից, ապա դա միայն Հայաստանով ու իր մեկ հարևանով չէ պայմանավորված:
«Դա պայմանավորված է ամբողջ տարածաշրջանով: Իհարկե, տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,- ասում է Պապիկյանը: