Վերջերս, կարճ ժամանակով, լրագրող-հրապարակախոս Անժելա Սահակյանը Երեւանում էր։
Ցանկություն առաջացավ հանդիպել ու հրավիրել զրույցի, օրը նշանակեցինք, սակայն առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա լինել։ Իրեն հետաքրքրել էր թե ինչ հարցերի շուրջ պետք է զրուցեինք, բնականաբար՝ հարցերն ուղարկել էի։
Եվ ահա, անկնկալ, հարցերին պատասխանել եւ ուղարկել էր ինձ, երկուստեք համաձայնության եկանք՝ փոխանցել որեւէ թերթի, ինքը նախընտրեց ԱԶԳ -ը։
Առաջին անգամ, բացառիկ ձեւաչափով, Արցախի հեռուստատեսության, ՀԱՅԱՑՔՆ ԱՐՑԱԽԻՆ հաղորդաշարի հերթական հյուրի հետ զրուցում եմ մամուլում հրապարակելու համար։
– Տիկին Սահակյան, ուրախ ենք, որ, ապրելով Ֆրանսիայում, մշտապես հետեւել եք, հետեւում եք «Արցախ TV»-ի աշխատանքին եւ հիմա էլ պատրաստ եք անկեղծ զրույցի՝ Ձեր ծննդավայրի մասին: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայրենի Վանք գյուղից տեղափոխվեցիք եւ հաստատվեցիք Երեւանում: Իսկ որտե՞ղ մնացին Արցախի հետ կապված Ձեր երազանքները:
-Նախ, շնորհակալ եմ ՀԱՅԱՑՔՆ ԱՐՑԱԽԻՆ հաղորդաշարի բոլոր հյուրերին, որոնք անսահման սիրով կապված են Արցախին։ Առանձնահատուկ երախտապարտ եմ Ձեզ , որ համայն հայության հայացքն ուղղում եք դեպի Արցախ։
Անկեղծ ասած, Ֆրանսիան երբեւէ ինձ համար երազանքների երկիր չի եղել, դեռեւս, երբ որ բնակվում էի Հայաստանում, իմ սիրտը մշտապես գտնվել է իմ ծննդավայր Վանք գյուղի վեհաշուք լեռներում, թավ անտառներում, եւ իմ հույսի, հավատի ու սիրո խորհրդանիշ՝ Գանձասարում։ Ամեն տարի արձակուրդս անց եմ կացրել մեր գյուղում, հետո, երբ որ ընտանիք եմ կազմել, ընտանիքով ենք գնացել։
Բնակվելով Փարիզում, ապրել եմ Արցախի հիմնախնդիրը խաղաղ կերպով լուծվելու մեծ հույսերով, տագնապներով ու երազանքներով։ Իմ հաղորդումներով մշտապես հորդորել եմ, որ գերտերությունները ճանաչեն Արցախի անկախությունը, առանց վարանելու քննադատել եմ Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը։
Ցավոք, Արցախի հետ կապված երազանքներս մնացին անկատար, ավելին՝ 44 – օրյա պատերազմում Արցախի «պարտությունը», բռնի տեղահանությունը եւ Արցախի հիմնովին հայաթափումը՝ խորապես վիշտ պատճառեց ինձ, քայքայվեց առողջությունս, այժմ փորձում եմ նոր հույսեր ու երազանքներ փայփայելու ուժ գտնել իմ մեջ եւ նոր գաղափարներով պայքարել Արցախի ազատության ու անկախության համար։
– Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր կյանքի լավագույն տարիներն Արցախում են անցել։
Ի՞նչն էր Ձեզ Արցախ տանում, եւ ի՞նչն էր ծանրացնում հերթական բաժանումը:
Այո, իմ կյանքի լավագույն տարիներն անցել են Արցախում։ Ինձ Արցախ էր տանում իմ անհոգ մանկության տարիների հիշողությունը, մեր փոքրիկ, բայց ջերմ տունը, Թումանյանի «Ամենից լավ տունը» բանաստեղծությունը հոգուս տխուր լարերից է հյուսված։ Հերթական բաժանումս միշտ ծանր է եղել, համագյուղացիներիս հոգսերն ու սպասումներն ինձ հանգիստ չէին տալիս, այս պահին, երբ այս գիտակցությամբ հետ եմ նայում, մեծ ցավ եմ ապրում, որ դժվար օրերին, շրջափակման պատճառով՝ իրենց կողքին չէի։ Ավելին՝ երբ հեռուստատատեսությամբ ցուցադրում էին մեր հայրենակիցների բռնի տեղահանությունը, որը հիշեցնում էր Հայոց ցեղասպանության սպանդի օրերը, կրկնվող տեսաժապավենի նման ամեն վայրկյան աչքիս առջեւ են։
– Ասում եք՝ «Արցախն իմ շնչառությունն է, առանց նրա չեմ կարող ապրել»: Ո՞րն է յուրաքանչյուրիս անձնական կամ հավաքական դերն այդ օդը՝ կյանքը, վերագտնելու գործում:
– Ընդհանուր առմամբ, ընդունված է ասել, որ խոսքն ուժ ունի, բազմիցս դրանում համոզվել եմ։ Երբ ուղիղ եթերով 5- րդ ալիքի մեկնաբանը հեկեկալով կարդաց Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի Արցախի լուծարման չարաբաստիկ գրությունը , ես միանգամից շնչահեղձ եղա, ամիսներ շարունակ ձայնս չէր վերականգնվում, իսկ ինչ մնում է ապրելուն, երանի եմ տալիս նրանց, ովքեր այս ողբերգությունը չտեսան։ Հիմա, յուրաքանչյուր արցախցուս համար, որտեղ էլ որ լինենք, ինչքան էլ խորը ցավը փորձի տապալել մեզ, այդ օդը կրկին շնչելու համար պետք է վերագտնելու ուժ ունենանք, ցավը դարձնելով ցասում, համայն հայության համախմբմամբ ՝ մի բռունցք դառնանք ու պայքարենք մեր իրավունքները վերականգնելու համար։
– Հիմա ի՞նչն է Ձեզ ոգեշնչում շարունակելու պայքարը Արցախի համար։ Ձեր «Արցախապատում» հաղորդումը, որը եթեր է հեռարձակվում Փարիզի հայկական ռադիոյով, ի՞նչ ասելիք ունի, և ո՞րն էր նման հաղորդաշար սկսելու շարժիչ ուժը: Ի՞նչ բաց լրացրեց այն։
Մինչեւ տեղափոխվելս արդեն գիտեի Փարիզի հայկական ռադիոյի (AYP FM) գործունեության մասին եւ պատահական չէր, որ անմիջապես հանդիպել ու ծրագիր եմ ներկայացրել տնօրինությանը։ Իհարկե, ինձ շատ ջերմ են ընդունել, միաժամանակ ափսոսանք հայտնել, որ ի վիճակի չեն վճարելու։ Իմ պատասխանը հետևյալն էր. Սփյուռքը բարոյական ու նյութական հենարան է Հայաստանի եւ Արցախի համար, ես՝ որպես լրագրող, մանավանդ արցախցի, անվճար կաշխատեմ։
Այդպես, համաձայնության եկանք, հաղորդաշարն անվանեցինք «ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ», ասելիքս, միանշանակ, Արցախի ազատագրական պայքարի, տարեգրության, դարավոր մշակույթի ու պատմության մասին է։ Հաղորդաշար սկսելու շարժիչ ուժը անարդարության դեմ իմ պայքարող տեսակն էր, որն արդեն ակնհայտ էր Հայաստանի հանրային հեռուստատեսությունում աշխատելու տարիներից։ Իսկ ինչ մնում է, թե ինչ բաց լրացրեց այն, ասեմ, որ ռադիոյի ամենօրյա լուրերով Արցախի հիմնախնդիրն առկա է, կարծում եմ, որ իմ հաղորդաշարը որոշ չափով լրացում է ։
2002 թվականից պարբերաբար, ամեն երեքշաբթի ժամը 12 ։ 15 – ին եթերում է։ Ամեն հայտագրով յուրաքանչյուր ունկնդիր Արցախի պատմության մի նոր էջ է բացահայտում՝ համեմված հայրենաշունչ, ռազմական երգերով։ Հայտագիրը սկսվում է՝ Սոկրատ Մարտինյանի «Ղարաբաղը մերն է» և ավարտվում Գուսան Հայկազունու « Հայեր միացեք» երգով։ Պատեհ առիթ է, եւ ես ուզում եմ իմ երախտագիտության խոսքն ուղղել բոլոր նրանց, ովքեր իրենց երգերով ոգեշնչում եւ աշխարհին հաղորդակից են դարձնում մեր տարած հաղթանակների, մեր հզորության ու շարունակական պայքարի մասին։
Արխիվը պահպանվում է, ցանկացողները կարող են լսել այս հղումով՝ https://radio-aypfm.com/fr/archives/1
– «Արցախապատումը» պայքա՞ր է, պատմությու՞ն, թե՞ հիշողություն։ Դուք ինչպե՞ս կսահմանեք։
– ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ հաղորդաշարը, եւ’ պայքար է, եւ’ պատմություն, եւ’ մանավանդ, ճշմարտության պարտադրանքով՝ պատմական հիշողություն։
– Որպես Ֆրանսիայում ապրող լրագրող, ի՞նչ դժվարություններ եք ունենում սփյուռքում Արցախի մասին ճշգրիտ տեղեկություն փոխանցելու հարցում։
– Անկեղծ ասած, որպես լրագրող, ֆրանսահայ համայքն ինձ գրակաբաց ընդունեց։ Ռադիոյում աշխատելուս զուգահեռ՝ թղթակցել եմ ՖՐԱՆՍ / ԱՐՄԵՆԻ ամսագրին,
ՅԱՌԱՋ, ԱՇԽԱՐՀ թերթերին (ցավոք երկու թերթն էլ փակվեց), այժմ՝ ՆՈՐ ՅԱՌԱՋ։
Իմ հոդվածների եւ հաղորդաշարերի՝ ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ, ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՑ ՆԱՄԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ՝ հիմնական առանցքը հայ -ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավոումն էր, Արցախի անկախության ու Հայոց Ցեղասպանության ճանաչումը, որոնք պատրաստել եմ մեծ պատասխանատվությամբ ու սրտացավությամբ ։ Նյութերի ընտրության հարցում (երբեմն հեղինակային, իմ հոդվածներից) աշխատել եմ ճշգրիտ տեղեկություններ փոխանցել, որքան էլ դա մեր հակառակորդներին խոցելի լիներ։
Չնայած ֆեյսբուքով մի քանի անգամ փորձել են վախեցնել, չի հաջողվել, համապատասխան հակահարված են ստացել։ 2019 թվականից պահպանելով ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ հաղորդաշարը, անցել եմ թոշակի։ Ինչպես ասում են՝ ( այս արտահայտությունը պիտի մեր խոսակցականով գրեմ) հիշքան օշս ու մետքս յիրաս ինի, արցախապատումս կընի։ Հույս ունեմ, որ կգա ժամանակ, որ հաղորդումներս նոր հաղթանակների մասին կլինի։ Հայացքս ուղղելով Արցախին՝ մտովի ծնկի գալով Գանձասարի սուրբ խորանում, Նարեկացու խոսքերով՝ «Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապէս կառուցուի՜ դարձեալ, աջովդ պաշտպանուած.
Եթէ յանցանքի սրով կտրուի յոյսի լարը ձիգ, Ամենակալիդ կամքով թող դարձեալ կցուի ամրապէս` քո պատուաստումով», երանի այդ օրը չուշանա։
– Կարծում եք՝ սփյուռքը բավարար տեղեկացվա՞ծ էր հայկական Արցախի մասին։
– Վստահ կարող եմ ասել, այո’, բավարար չափով տեղեկացված էր, որ Արցախն ի սկզբանե հայկական է, այս իրական փաստը ոչ մի սփյուռքահայ երբեւէ կասկածի տակ չի դրել, ու տարիների հետ՝ պատմամշակութային վայրեր այցելելով, արցախցու ջերմ հյուրասիրությունը ըմբոշխնելով, սերտ, բարեկամական կապեր հաստատելով՝ ամուր թելերով կապվեցին Արցախ աշխարհին։ Այս ամենի վառ վկայությունը Համահայկական հիմնադրամի, Ֆրանսիայի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքն է։ Ի դեպ, եթե համեմատելու լինենք, Արցախի կորստի համար մեծ ցավ են ապրում, քան որոշները՝ Հայաստանում։
– Որքանո՞վ է Արցախի մասին ընկալումը արտասահմանում համապատասխանում իրականությանը։
– Տեղին հարց է, շնորհակալ եմ, մի քիչ հեռվից գամ, անկեղծ ասած, ինձ միշտ հիացրել է Ֆրանսիայի որոշ քաղքական գործիչների անկեղծ նվիրվածությունը, առիթը բաց չեմ թողել, որ շնարհակալ լինեմ։ Բացարձակ, առանց վարանելու, բարձրագույն ատյաններից իրենց ձայնն են բարձրացրել Արցախի անկախության ճանաչման, Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության համար։ Բայց, ցավոք սրտի, ինչպես կյանքը ցույց տվեց, նրանց խոսքը ուժ չունեցավ որևէ կերպ կանգնեցնելու արցախցիներին իրենց պապենական հողից բռնի տեղահանությունը։
Անդրադառնալով բուն հարցին, ասեմ, որ ֆրանսաիայի համար, որպես նշաձող՝ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթակի վրա են։ Հայ – ադրբեջանական հակամարտությունը համարում են երկու հարեւան երկների գերխնդիր, որը պետք է լուծվի երկկողմ համաձայնությամբ։ Ավելի պարզ լեզվով ասած, չնայած դեռ այս հարցը քննարկվում է, խորքում՝ Եվրոպան «ձեռքերը լվացել է»։ Սա է իրականությունը։ Եվ մենք պետք է վերջապես բացենք մեր աչքերը։ Սենատում եւ Ազգային ժողովում ինչքան հայամետ, նույնքան, գուցե ավելի շատ, թուրքա – ադրբեջանամետ անդամներ ու պատգամավորներ կան։
Հետադարձ հայացք ձգելով պետք է արձանագրենք, որ Արցախի շրջափակման, այնուհետև բռնի տեղահանման , մեր հայրենակիցներին գերեվարելու, ցմահ ու 20- տարվա ազատազրկման Բաքվի դատավճռի դեմ՝ Սենատը մեղադրանքները համարելով շինծու, միաձայն որոշում ընդունեց՝ բոլորին ազատ արձակել, սակայն, ինչպես տեսնում ենք բոլոր որոշումներն ու արձանագրությունները Ադրբեջանի համար ոչ մի ազդեցություն չունեցան, ավելին՝ Ֆրանսիան էլ իր հերթին, հետեւողական չեղավ իր որոշումներին։
– Միջազգային հանրությունը, ինչ խոսք, ուշադիր էր Արցախի նկատմամբ՝ եւ՛ շրջափակման, եւ՛ պատերազմի, եւ՛ բռնագաղթի օրերին բազում կոչեր, հատարարություններ եւ ցավակցություններ եղան…Որպես Ֆրանսիայում աշխատող լրագրող, Դուք կարողացե՞լ եք բարձրաձայնել այդ հարցը:
– Այդ ծանր օրերին, ֆրանսահայ համայնքը ցույցերով, ուր մասնակցում էին սենատորներ, Ազգային ժողովի պատգամավորներ, բազմիցս դատապարտեցին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իրենց բողոքն ու ցասումն արտահայտեցին բռնի տեղահանության համար եւ այսօր էլ նույն մտահոգությամբ շարունակում են իրենց պայքարը։ Թե’ տեղում ուղիղ եթերով, եւ թե’ իմ հաղորդաշարով առանց երկմտելու, բարձրաձայնում եմ, առիթ է, եւ ես ոչ միայն որպես աշխատակից, նաեւ որպես արցախցի, ուզում եմ իմ երախտագիտությունն արտահայտել ռադիոյի (AYP FM) տնօրինությանը, ողջ անձնակազմին, օրվա լուրերով եւ ամեն շաբաթ «Cartes sur table» երկլեզու (ֆրանսերեն, հայերեն) հայտագրով, անթաքույց՝ եւ’ պատերազմի, եւ’ շրջափակման, եւ’ բռնագաղթի, եւ այսօր էլ Բաքվում ապօրինաբար գերեվարված ու դատապարտված մեր հայրենակիցների հարցերը թեժ գծի վրա պահելու համար։
– Ձեր գործունեության ընթացքում Արցախի հետ կապված ի՞նչ որոշման կամ քայլի համար եք ամենաշատը զղջում։
– Դեռևս 2014թ․ հունվարի 23-ին Նվարդ Սողմոնյանը ԱԶԱՏ ԱՐՑԱԽ թերթում ինձ հետ ծավալուն հարցազրույց է ունեցել, որն ավարտվում է այս հարցով՝ « – Կարոտի արձագանքները Ձեր հոգում, եւ կա՞, արդյոք, վերադարձի հույս»։
– Իմ կյանքի անբաժան մասն է կազմում կարոտը։ Ես ապրում եմ իմ մանկության, դպրոցական, ուսանողական տարիների բյուրեղյա կարոտն անթեղած իմ հոգու խորքում, շատ կուզենայի գոնե մեկ անգամ տեսնել բոլոր նրանց, ում հետ կիսել եմ իմ ապրումները։ Կցանկանայի կրկին զրուցել նրանց հետ, այն համոզմամբ, որ նրանք մեկ խոսքից ինձ կհասկանան, սրտանց կուրախանան իմ հաջողություններով։ Այս օտար երկրում թերեւս յուրաքանչյուր հայ յուրովի դժբախտ է ոգու սովից։ Ոչ մեկին մյուսի կյանքը հետաքրքիր չէ, որքան էլ այն լինի գունագեղ ու օրինակելի։ Նաև՝ առողջ միջավայրի պակաս կա։
Դառնալով Ձեր հարցին, թե կա՞, արդյոք, վերադարձի հույս, միանգամից ասեմ, որ ես ինձ համարում եմ գործուղված մարդ։ Ես իմ աշխատանքով հայանպաստ գործ եմ կատարում, դա է ինձ ապրեցնում ու որոշ չափով արդարացնում իմ Ֆրանսիայում գտնվելու հանգամանքը։
Իսկ ընդհանրապես, եթե հրաշքով իմ ապրած կյանքը նորից սկսվեր, ես երբեք ու երբեք չէի հեռանա իմ ծննդավայր Վանք գյուղից, որը գտնվում է Գանձասարի շուքի ներքո»։ Ահա’ թե ամենաշատն ինչի համար եմ զղչում։
– «Արցախապատումը» գիրք դարձավ: Ո՞վ է Ձեր ընթերցողը։ Գիրքը կթարգմանվի՞ այլ լեզուներով։
– Արցախապատում հաղորդաշարս երկու հատորով՝ Արցախի ազատագրական պայքարի, նվիրյալների, հերոսների ճակատագրերի նկարագրությամբ՝ գիրք դարձավ, ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ Ա (330 էջ ), եւ ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ Բ ( 346 էջ) , ու լայն տարածում ունեցավ։ Շնորհանդեսներ եղան Փարիզում, փարիզյան շրջաններում, Վալանսում , Գերմանիայի Համբուրգ քաղաքում, Երևանում։ Հիմա պատրաստում եմ երրորդ հատորը, ցավոք, այս անգամ պատերազմի, շրջափակումի և արցախահայության բռնի տեղահանման մասին է։ Իմ առաջին ընթերցողները, տարիներ շարունակ, իմ հավատարիմ ունկնդիրներն են, Հայաստանում՝ Արցախի հիմնահարցով հետաքրքրվածները։
Առաջիկայում ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ Ա հատորը կթարգմանվի ֆրանսերեն լեզվով։ Ի դեպ, ԲԱՑ ՆԱՄԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ հաղորդաշարից 2012թ․ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ (339 էջ) վերնագրով երկու մասից բաղկացած գիրք եմ հրատարակել։ Ժողովածուն Հայոց Ցեղասպանության, Արցախյան պատերազմի եւ շարունակվող ցեղասպանության մասին է։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն ու թուրքերեն լեզուներով։ Տեղին եմ համարում իրազեկել, որ Հայոց Ցեղասպանության 100 -րդ տարելիցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության իր ՀԱՅԻՑ- ՀԱՅ հաղորդաշարով տեսաֆիլմ է պատրատել։
Գրքի բովանդակության մասին գաղափար կազմելու համար հետաքրքրվողները կարող են դիտել այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=9G_Mtl3qDTw
– Ո՞րն է արցախյան մշակույթում այն եզակի երևույթը, որը չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփյուռքում։
– Արցախցու նվիրվածությունը, հավատարմությունը, գաղտնապահությունը եւ իհարկե, ավանդական հյուրասիուրությունը։
– Հավատո՞ւմ եք, որ Արցախի հայկական սիրտը նորից կբաբախի:
– Արցախցու սիրտը տիեզերքի չափ տարողունակ է, երբեք կանգ չի առել, բռնի կերպով զարկերն են թուլացրել ։ Շուտով այնպես պիտի բաբախի, որ ողջ աշխարհն այդ զարկերից արթնանա ու գիտակցի՝ ինչ էլ լինի, արցախցու հզոր ոգին անհնար է կոտրել։
– Իր, որ պահում եք Ձեզ մոտ եւ այն Ձեզ միշտ Արցախն է հիշեցնում։
– Գանձասարում՝ լուսանկարս միշտ ինձ հետ է, որը պահում եմ Արցախի գրողների միության անդամության վկայականիս մեջ։ Հիշելը մեղմ է ասված, այս զգսցողությամբ ապրելն ուղղակի տառապանք է։ Իսկ ընդհանուր առմամբ, Արցախն ամբողջականությամբ ու իր 130 հազար բնակչությամբ՝ միշտ իմ հիշողության մեջ են։
– Արցախում մի վայր, որտեղ չեք եղել եւ հիմա ափսոսում եք դրա համար։
– ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ հաղորդաշարով բազմիցս անդրադարձել եմ Արցախի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնուրաց կերպարին։ Որոշել էի գնալ Մարտունու շրջանի Մարզիլի գյուղ ու սպանված վայրից հաղորդում պատրաստել։ Ոչ միայն ափսոսում, այլ մեծ ցավ եմ ապրում, մանավանդ, երբ ամեն անգամ հիշում եմ համայն հայության սթափությանն ուղղված նրա սրտացավ տագնապը՝« Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
– Առանց Արցախի…
– Ապրած տարիներս կիսատ են, մեր լեզվով ասած՝ սերտս կախ իլյածա։
– Ի՞նչը չեն կարող խլել Արցախից ու արցախցիներից։
– Արցախի հրաշք բնությունը, արցախցիներից՝ հզոր կամքը։
– Ի՞նչ չեք հասցրել տալ Արցախին։
– Լիարժեք սերս, եւ այն փաստը, որ այսքան հեռու եմ, բաց վերքի պես՝ միշտ ցավեցնում է։
– Ձեր հայացքն ուղղելով Արցախին` ի՞նչ ունեք նրան ասելու։
– Ներիր ինձ Արցախ, երանի հասցնեմ նորից գիրկդ գալ։
Զրույցը՝ ՀԱՅԱՑՔՆ ԱՐՑԱԽԻ հաղորդաշարի հեղինակ՝ Գայանե Մելքումյանի Հեռ․ 098499999
15․ 03․ 2026





