Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն այս պահին կտրուկ աճել է՝ անցած տարվա տվյալներով կազմելով 700 միլիոն դոլար, բայց մենք հանձնառություն ունենք մոտ ապագայում այդ թիվը հասցնել նախ 1 միլիարդի, ապա հաջորդիվ՝ 3 միլիարդի։ Հայաստանում Իրանի առևտրի կենտրոնի պաշտոնական բացմանն այսօր այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ես վստահաբար նշում եմ, որ հենց այս առևտրի կենտրոնը մեր դրած նպատակների իրականացման գործում շատ կարևոր դեր կունենա։ Իրանը Հայաստանի համար պարզապես հարևան չէ, այլ բարեկամ երկիր է և բարեկամ ժողովուրդ, և մեր երկրների միջև գոյություն ունեն շատ սերտ առևտրատնտեսական և քաղաքական հարաբերություններ։
Մեր ժողովուրդները շատ լավ ճանաչում են իրար և ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ։ Բայց վստահաբար կա հսկայական չբացահայտված պոտենցիալ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, և այս հարթակն այդ հնարավորությունը կտա, որպեսզի նոր ոլորտներ բացահայտվեն և նոր որակի հարաբերություններ կառուցվեն»,- նշեց Գևորգ Պապոյանը՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ հայկական առևտրի կենտրոն ապագայում կբացվի նաև Թեհրանում։