Այսօր Հայաստանում մեկնարկում է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը կտևի մինչև օգոստոսի 20-ը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, զորավարժությունն անցկացվում է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ:
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:
«ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ» զորավարժությունը Հայաստանում անցկացվում է 2023 թվականից։
Այս տարվա վարժանքները կընթանան հայ-ամերիկյան փոխգործակցության ակտիվացման ֆոնին։
Մասնավորապես օգոստոսի 7-8-ը ԱՄՆ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկկողմ հարաբերությունները հասել են հնարավորինս բարձր մակարդակի: