Ինչու պետք է ինձ անհանգստացնի ինչ-որ մեկի հանրահավաքը։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են հանրահավաք անել, և դիմակավորված ուժայինները չեն ծեծում և սպանում հանրահավաք անողներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նախօրեին «Մեր ձևով» շարժման հրավիրած հանրահավաքից հետո իշխանությունները մտավախություններ չունե՞ն։
«7500 թիվը, ոչ, չի անհանգստացնում։ Նույնիսկ եթե 30 հազար լինի, չի անհանգստացնում։ Մեր երկրում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի»,- ասաց նա։
Հարցին՝ եթե «Մեր ձևով» շարժումն իշխանությանը չի անհանգստացնում, այդ դեպքում ինչո՞ւ Սամվել Կարապետյանը մեկ բառի համար կալանավորվեց, Ռուբինյանը պատասխանեց.
«Բայց ո՞վ ասաց, որ մեկ բառի համար կալանավորվեց։ Մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանազավթման հոդվածով, որովհետև իրավապահ մարմինները և դատարանը համարել են, որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքն իրական է։»
Ռուբինյանը խոր համոզմունք հայտնեց, որ Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի, և ինքը չի ճանաչում գեթ մեկ ՀՀ քաղաքացու, որը կաշառակերության աջակից է։