Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակումը չափազանց դատապարտելի ևահազանգող միջադեպ է, որը խոսում է մարդու քաղաքական հայցաքները և արտահայտած կարծիքը չհանդուրժելու մասին։ Հայաստանում երևի թե մարդ չկա, որ չգիտի՝ կոնկրետ որ գրառման համար են նրա հետ հաշվեհարդար տեսել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Այսինքն՝ սա խոսում է պետական դիրքի չարաշահման և անձի նկատմամբ բռնություն կիրառելու մասին։ Սա կարող էր հասնել ընդհուպ մարդուն կյանքից զրկելուն։ Երեկվա միջադեպը չափն անցնելու հերթական դրսևորումներից մեկն էր։
Մենք վերջերս տեսանք, թե ինչպես զուտ քաղաքական նպատակներից ելնելով՝ մարդկանց սպանեցին։ Ինչքան էլ փորձեցին այլ կերպ մեկնաբանել, չկարողացան ցրել հասարակության մեջ ձևավորված կարծիքը։
Բացի այդ՝ Հայաստանում այսօր չորս սրբազան է կալանավորված, և ոչ մեկի մասով հստակ քրեական հատկանիշ չկա։ Ավելին՝ Միքայել սրբազանին հենց խոսքի համար են անազատության մեջ պահում։ Նրա՝ ո՛չ բարձր հեղինակությունը, ո՛չ առողջական վիճակը հաշվի չեն առել, ուղղակի որոշել են այդ մարդուն ազատությունցի զրկել։
Մենք այսօր տասնյակ քաղբանտարկյալներ ունենք, և կարևոր չէ, թե իշխանություններն ինչպես կփորձեն այս ամենը ներկայացնել։ Հասարակություն գիտի, որ այդ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար են անազատության մեջ»,- ասաց Կարապետ Պղոսյանը։
Իրավապաշտպանի համոզմամբ՝ ընտրություններին նախընթաց՝ պետք է սպասել բռնությունների նոր ալիքի, բացի այդ՝ որքան հասարակության շրջանում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը նվազի, և նա ռեալ զգա աթոռը կորցնելու վտանգը, առավել կատաղի պայքար է տանելու։
«Ցավոք սրտի, իր կատաղության նոպաները հասնում են մի իրավիճակի, որ կարող են անդառնալի, մեծ ծավալների խնդիներ ու կորուստներ առաջացնել։ Մեկ հասարակ օրինակ բերեմ՝ Գյումրիում տեղի ունեցած ֆեյք պատարագը։ Դա եղել է սպառնալիքի տակ։ Քահանաները եկեղեցուց դուրս են եկել միայն այն պատճառով, որ իրենց ասվել է՝ եթե չզիջեն եկեղեցին, բախումներ կլինեն, արյուն կթափվի։ Սա պետական տեռորի մասին է։
Մենք այլևս պետք է խոսենք ոչ թե ժողովրդավարության բաստիոնի, մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ ցավոք արդեն պետք է քննարկենք, թե պետական տեռորը մինչև ուր կարող է հասնել»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարապետ Պողոսյանը միաժամանակ կարծիք հայտնեց՝ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակման միջադեպը չի բացահայտվի, քանի որ դժվար հանրավոր կլինի 3-4 հոգու գտնել, որոնք գործը կվերցնեն իրենց վրա։
«Ես շատ լավ հիշում եմ 2021 թվականին Միհարն Հակոբյանի տան առջև նռնակ նետելու միջադեպը, և մինչև այսօր պարզ չէ, թե նռնակ նետողն ով էր։ Հայաստանում բացահայտվում են միայն այն քրեական գործերը, որոնք անհրաժեշտ են իշխանություններին»,- ամփոփեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա տեղի էր ունեցել բանդիտական հարձակում։ Դիմակավորված անձինք թիկունքից հարձակվել էին վերջինիս վրա, ծեծի ենթարկել և փախուստի դիմել։ Նախկին պատգամավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ։





