Իհարկե, առաջին պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են, որոնք այս հանցագործությունները կատարում են մեր հայրենակիցների հանդեպ, երկրորդ պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որովհետև նրանք բոլորը ՀՀ քաղաքացի են և նաև ՀՀ բացթողումների, ձախողումների հետևանքով է տեղի ունեցել նրանց առևանգումը, գերեվարումը, բանտարկությունը և այլն։ Այս մասին այսօր Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Իհարկե, այստեղ միջազգային կառույցներն էլ իրենց պատասխանատվության բաժինը ունեն, Կարմիր Խաչը իրենը: Կոնկրետ երկրներ կամ այլ միջազգային կառույցներ, այդ թվում խոշտանգումների կանխարգելման հարցերով զբաղվող կառույցներ, ամեն մեկը իր մասով ունի պատասխանատվություն, բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ այո, առաջին հերթին ՀՀ իշխանություններից ունենք պահանջելու կոնկրետ գործողություններ: Եվ քանի դեռ ՀՀ պետական մարմինները երևացող և չերևացող բոլոր հնարավոր գործիքակազմեր ճնշում չեն գործադրում թե՛ Ադրբեջանի վրա ուղղակիորեն, թե միջազգային կառույցների, պետությունների վրա, որպես իրենք էլ իրենց հերթին Ադրբեջանին ճնշեն, մենք արդյունք չենք ստանալու»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞րն է այն մեխանիզմը, որով կարող ենք Ադրբեջանին ճնշել, Բեգլարյանը պատասխանեց. «Որոշ չափով կան գործիքակազմեր, բայց մի մասը կարող է ճնշման մեխանիզմով լինել, մյուս մասը բանակցություններով։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը ունի խաղաքարտեր, բանակցությունների սեղանին օգտագործելու, նաև ունի կոնկրետ միջազգային մեխանիզմներ գործիքակազմեր տարբեր գործընկերների առջև այս հարցը բարձրացնելու։
Մենք ՀՀ իշխանությունների աշխատանքների արդյունքը չենք տեսնում և Հայաստանի ԱԳՆ-ի փետրվարի 28-ի հայտարարությունը եղավ մեկ ու կես տարի հետո։ Այդպիսի այդ բովանդակությամբ հայտարարություն դեռևս չէր եղել։ Իսկ ինչու՞ եղավ, որովհետև կա հանրային ճնշում։
Հանրային ճնշումը որքան մեծանա, որքան հանրային դաշտում օրակարգ դառնա մեր գերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց ազատ արձակումը, այնքան ավելի երևացող ու ավելի էֆեկտիվ կերպով ՀՀ պետական մարմինները կաշխատեն։
Այլ հարց, որ այո, կան բաներ, որոնք չի հրապարակվում, բայց շատ-շատ դեպքերում դրանք պետք է որևէ ձևով արտացոլվեն հրապարակային դաշտում։ Այ ԱԳՆ-ի հայտարարությունը արդեն որոշ չափով դրա դրսևորումն էր։ Մենք պետք է հնարավորինս ակնկալենք, ճնշենք, որ ՀՀ իշխանությունները իր հերթին աշխատեն այս ուղղությամբ: Այստեղ էլ հիմա կարմիր խաչի առջև ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք և մեր ակնկալիքները ներկայացնենք նրանց, իրենք իրենց աշխատանքը կատարեն։ Այս մասով էլ իրենք պետք է ճնշումը զգան, և նույնը դեսպանատները պետք է ճնշում զգան և մեր կողմից»,- ընդգծեց նա: