Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը 50:50 է. այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը:
«Ես ենթադրում եմ, որ այստեղ երկու մեծ հարց կա. առաջինը՝ արդյո՞ք կարելի է համաձայնություն ձեռք բերել, և երկրորդը՝ որքանո՞վ այն կայուն կլինի: Կարծում եմ՝ դեռ 50:50 է, երբ խոսքն այս տարի համաձայնություն ձեռք բերելու մասին է», – նշել է Դը Վաալը:
Ըստ փորձագետի, թեև մինչ այս որոշակի առաջընթաց նկատվել է, օրինակ, անցած տարի Ադրբեջանը որոշ հայ բանտարկյալների է ազատ արձակել, Հայաստանը վետո չի կիրառել և թույլ է տվել Բաքվում անցկացնել COP29 գագաթնաժողովը, որոշ չափով առաջ է շարժվել նաև սահմանազատման հարցը, բայց Բաքուն այժմ նոր նախապայման է առաջ քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, և դա շատ բարդ հարց է Երևանի համար:
«Ենթադրում եմ՝ մյուս խնդիրն այն է, որ նույնիսկ եթե մենք խոսում ենք կարգավորման համաձայնագրի մասին, որոշ բաներ այնտեղ չեն լինի: Օրինակ, ներկայումս, ինչպես ես եմ հասկանում, տեքստում ոչինչ չկա հաղորդակցությունների մասին՝ Սյունիքով դեպի Նախիջևան տանող երթուղու մասին, այն, ինչ Ադրբեջանը անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Դա, հավանաբար, համաձայնության մեջ չի լինի: Այսպիսով, դա շատ բարդ խնդիր է, որը դեռ պետք է լուծվի: Ու էլի կան շատ մարդասիրական հարցեր, բանտարկյալների հարցը, էլի պարզ չէ՝ բոլորը կլուծվե՞ն, թե՞՝ ոչ: Այսպիսով, կարծում եմ, որ գուցե ինչ-որ համաձայնագիր լինի մոտ ապագայում, սակայն միևնույն ժամանակ ամեն ինչ չափազանց դժվար է», – ընդգծել է փորձագետը: