Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման հարցում աջակցելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։
Կոպիրկինն այս առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Իգոր Խովաևը բազմիցս եղել է տարածաշրջանում, բավականին ակտիվ աշխատել է այդ ուղղության վրա: Մի շարք եռակողմ պայմանավորվածություններ կան, որոնք, մեր կարծիքով, արդիական են մնում»:
Նա նշել է, որ Զախարովայի հայտարարություններն այդ առիթով արտացոլում են ՌԴ–ի անփոփոխ դիրքորոշումը, մասնավորապես՝ Մոսկվան միշտ հստակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունն այն ծավալներով և ձևերով, որոնք պահանջված են կողմերի կողմից՝ նպատակ ունենալով աջակցել, նպաստել Հարավային Կովկասում ամուր խաղաղության հաստատմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամուր կարգավորմանը։
Մեկնաբանելով Հայաստան ամերիկյան զինտեխնիկայի սպասվող ժամանակավոր տեղափոխման մասին հաղորդումները՝ ՌԴ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն լուրերի վրա, որ, ըստ մամուլի, այն նախատեսված է վարժանքներ անցկացնելու համար։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության՝ դեսպանն ընդգծել է արտաքին խաղացողների կողմից հարավկովկասյան տարածաշրջան առճակատման սխեմաներ ներգրավելու փորձը։
Նա ասել է. «Եթե դա տեղի է ունենում, ապա դա, իհարկե, մտահոգիչ պահ է, գործոն, որը հազիվ թե ծառայում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը»:
Ըստ Կոպիրկինի՝ Մոսկվայի մոտեցումն այն է, որ տարածաշրջանային խնդիրները լավագույնս լուծում են իրենք՝ տարածաշրջանի երկրները։
Հիշեցնենք, որ Զախարովան հայտարարել էր նաև, որ Մոսկվան օպերատիվ կերպով տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից զինտեխնիկա Հայաստան տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ։
Աղբյուր՝ infoport.am