Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերն ավարտվեցին: Հայաստանը ներկայացնող 17 մարզիկ-մարզուհիներից մեդալներով տուն վերադարձան 4-ը՝ օլիմպիական փոխչեմպիոններ, ըմբիշ (97 կգ) Արթուր Ալեքսանյանն ու ծանրորդ (109 կգ) Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մեդալակիրներ, մարմնամարզիկ (հենացատկ) Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ (63 կգ) Հովհաննես Բաչկովը:
2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով Հայաստանի ընտրանին մեդալային հաշվարկում զբաղեցրեց 69-րդ տեղը: Մեդալներով առաջատարը ԱՄՆ հավաքականն էր, որը 32-րդ խաղերում նվաճեց 39 ոսկի, 41 արծաթ եւ 33 բրոնզ (ընդհանուր՝ 113 մեդալ): Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 38 ոսկի, 32 արծաթ եւ 18 բրոնզ (ընդհանուր՝ 88): Լավագույն հնգյակում են հայտնվել Ճապոնիայի (27-14-17), Մեծ Բրիտանիայի (22-21-22) ու Ռուսաստանի (20-28-23) թիմերը: Ռուսաստանի պատվիրակները մեդալների ընդհանուր քանակով (71 մեդալ) 3-րդն էին, սակայն ճապոնացիներին (58) ու բրիտանացիներին (65) զիջեցին ոսկե մեդալների քանակով:
Հայաստանի հարեւաններից Իրանի թիմն զբաղեցրեց 27-րդ տեղը՝ նվաճելով 3 ոսկի, 2 արծաթ եւ նույնքան բրոնզ, ընդհանուր՝ 7 մեդալ: Վրաստանը նվաճեց 8 մեդալ, սակայն ոսկիների քանակով զիջեց իրանցիներին՝ 2-5-1, արդյունքում մեր հյուսիսային հարեւանները 33-րդն են: Թուրքիան 35 տեղում է՝ 2-2-9, Ադրբեջանը՝ 67-րդ՝ 0-3-4:
Հայաստանի մարզիկները ժամանակակից օլիմպիական խաղերին սկսել են մասնակցել 1952-ից, երբ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացան 15-րդ ամառային խաղերը: Մարմնամարզության խորհրդային հավաքականի անդամ Հրանտ Շահինյանը դարձավ մեր առաջին օլիմպիական չեմպիոնը: Ընդ որում՝ նա կրկնակի չեմպիոն հռչակվեց՝ ոսկի նվաճելով օղակների վրա եւ թիմային պայքարում: Իսկ ահա նժույգաթափի վրա եւ բազմամարտում Շահինյանը դարձավ օլիմպիական փոխչեմպիոն՝ այդպիսով մեկ խաղերում նվաճելով 2-ական ոսկի եւ արծաթ:
16-րդ ամառային խաղերում, որոնք տեղի ունեցան 1956-ին ավստրալական Մելբուռնում, հայաստանցի մարզիկները նոր հաջողության հասան: Մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կրկնեց Շահինյանի հաջողությունը՝ ոսկե մեդալներ նվաճելով օղակների վրա եւ թիմային պայքարում: Այդպիսով՝ նա դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն երկրորդ հայը: Մելբուռնում խորհրդային թիմի կազմում չեմպիոն դարձավ նաեւ Հայաստանի պատվիրակ, հնգամարտիկ (սուսերամարտ, լող, ձիասպորտ, վազք, հրաձգություն) Իգոր Նովիկովը: Մելբուռնում օլիմպիական չեմպիոն հռչակվեց նաեւ բռնցքամարտիկ (63,5 կգ) Վլադիմիր Ենգիբարյանը: Այդպիսով՝ 16-րդ խաղերում մերոնք միանգամից 4 ոսկի նվաճեցին:
17-րդ խաղերը, որոնք կայացան 1960-ին Հռոմում, նոր բարձունքի հասցրին Ալբերտ Ազարյանին: Մեր լեգենդար մարզիկը օլիմպիական չեմպիոն հռչակվեց օղակների վրա, իսկ թիմային պայքարում դարձավ փոխչեմպիոն: Մինչ օրս Ազարյանի նվաճած 3 ոսկի եւ 1 արծաթ արդյունքը լավագույնն է Հայաստանի օլիմպիականների համար: Հռոմում երկրորդ անգամ թիմային արծաթ նվաճեց հնգամարտիկ Իգոր Նովիկովը: Սուսերամարտի խորհրդային հավաքականի կազմում խոցասուսերի թիմային բրոնզ նվաճեց Վալենտին Չեռնիկովը: Հռոմում մերոնք գրանցեցին 1-2-1 արդյունք:
1964-ին Տոկիոյում կայացած 18-րդ ամառային խաղերում փայլեց Իգոր Նովիկովը: Մեր հնգամարտիկը թիմի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն, իսկ անհատական պայքարում՝ արծաթե մեդալակիր: Այդպիսով՝ Նովիկովը դարձավ առաջին հայաստանցին, որը մեդալ նվաճեց 3 օլիմպիական խաղերում (Մելբուռն, Հռոմ, Տոկիո)՝ իր ակտիվում գրանցելով 2-ական ոսկի եւ նույնքան արծաթ: Մեդալների այսպիսի քանակով Նովիկովը կրկնեց Հրանտ Շահինյանի նվաճումը, սակայն Ազարյանի 3 ոսկին եւ 1 արծաթը, ինչպես ասվեց, մինչ օրս անգերազանցելի է, ու դժվար է ասել, թե երբ մեր մարզիկներից որեւէ մեկը կարող է գոնե հասնել այդ նվաճմանը: Ի. Նովիկովի ոսկին ու արծաթը Տոկիոյի խաղերում հայաստանցի մարզիկների միակ ձեռքբերումն էին:
1968-ի Մեխիկոյի 19-րդ խաղերում մեր մարզիկները մնացին ձեռնունայն, ինչն առաջին անգամն էր 1952-ից, երբ մերոնք սկսեցին մասնակցել օլիմպիական խաղերին:
1972-ի Մյունխենի 20-րդ խաղերում առաջին անգամ մեդալ նվաճեց հայաստանցի թեթեւաթլետը, այն էլ՝ ոսկի: Սկավառականետորդ Ֆաինա Մելնիկը դարձավ օլիմպիական չեմպիոն, խորհրդային թիմի կազմում արծաթի արժանացավ մարմնամարզիկ Էդվարդ Միքայելյանը, իսկ ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանն ու Արկադի Անդրեասյանը միութենական ընտրանու կազմում դարձան խաղերի բրոնզե մեդալակիր:
1976-ի 21-րդ ամառային խաղերը տեղի ունեցան կանադական Մոնրեալում: Այստեղ մերոնք չեմպիոն չդարձան, սակայն ծանրորդ (75 կգ) Վարդան Միլիտոսյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչման, իսկ բռնցքամարտիկ (51 կգ) Դավիթ Թորոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Փաստորեն, մինչեւ 1980-ի Մոսկվայի 22-րդ խաղերը մեր մարզիկները չեմպիոն չէին դարձել ծանրամարտում ու ըմբշամարտում, այնինչ այսօր հենց այս մարզաձեւերն են մեր գլխավոր հույսը խաղերում: 1980-ին այդ բացը մասամբ լրացրեց լեգենդար ծանրորդ (82,5 կգ) Յուրի Վարդանյանը, որը փայլուն ռեկորդով նվաճեց օլիմպիական ոսկին: Մարմնամարզության հավաքականի կազմում էլ թիմային ոսկի նվաճեց Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը: Մոսկվայում օլիմպիական փոխչեմպիոններ դարձան սուսերամարտիկ (թիմային ճկասուսեր) Աշոտ Կարագյանը, ջրացատկորդ (10 մ աշտարակ) Սիրվարդ Էմիրզյանը, ծանրորդ (56 կգ) Յուրի Սարգսյանը: Սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը նաեւ բրոնզ նվաճեց թիմային խոցասուսեր մրցաձեւում: Օլիմպիական բրոնզի արժանացան ջրացատկորդ (10 մ աշտարակ) Դավիթ Համբարձումյանը, իսկ իրենց թիմերի կազմում՝ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն ու մականախաղի վարպետ Սոս Հայրապետյանը: Այսպիսով՝ մոսկովյան խաղերում մեր մարզիկները նվաճեցին ռեկորդային քանակով մեդալ՝ 9 հատ (2 ոսկի, 3 արծաթ, 4 բրոնզ), որը մինչ օրս անգերազանցելի արդյունք է: Բայց փաստենք, որ 1956-ի Մելբուռնի խաղերի նվաճումը՝ 4 ոսկի, մինչեւ հիմա չի հաջողվել ոչ միայն գերազանցել, այլեւ կրկնել (օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում առաջնայինը ոսկիների թիվն է):
1984-ի 23-րդ խաղերը, որոնք կայացան Լոս Անջելեսում, Խորհրդային Միությունն ու 13 այլ երկիր բոյկոտեցին այնպես, ինչպես ամերիկացիներն ու շուրջ վեց տասնյակ երկիր արել էին մոսկովյան խաղերի ժամանակ: Պատճառը 1979-1989 թթ. սովետա-աֆղանական պատերազմն էր: 1968-ի Մեխիկոյի խաղերից հետո սա երկրորդ դեպքն էր, երբ օլիմպիական խաղերը մեր մարզիկների համար անարդյունք էին, չնայած այս անգամ պատճառը մարզական չէր:
1988-ի Սեուլի 24-րդ խաղերում առաջին անգամ չեմպիոն ունեցանք ըմբշամարտում: Ոսկի նվաճեց հունահռոմեական ըմբիշ (68 կգ) Լեւոն Ջուլֆալակյանը: Չեմպիոն դարձավ նաեւ ծանրորդ (56 կգ) Հոկսեն Միրզոյանը, որը նախապես երկրորդն էր, սակայն այն բանից հետո, երբ հաղթող ճանաչված բուլղարացի ծանրորդը դոպինգի պատճառով որակազրկվեց, ոսկին հանձնվեց մեր մարզիկին: Սեուլի խաղերում փոխչեմպիոն հռչակվեց ծանրորդ (67,5 կգ) Իսրայել Միլիտոսյանը՝ 1976-ի խաղերի փոխչեմպիոն Վարդան Միլիտոսյանի եղբորորդին: Ազատոճային ըմբիշ (62 կգ) Ստեփան Սարգսյանը եւս արծաթե մեդալ նվաճեց:
Բարսելոնայի 25-րդ ամառային խաղերում, որոնք կայացան 1992-ին, նախկին խորհրդային 12 (բացի մերձբալթյան 3 հանրապետություններից) երկրները մասնակցեցին միասնական թիմով, չնայած արդեն անկախ քաղաքական միավորներ էին: Հայաստանի 1991 թ. անկախությունից հետո սրանք ամենահաջող խաղերն էին մեր մարզիկների համար: Բարսելոնայի խաղերում միանգամից 3 չեմպիոն ունեցանք: Նման արդյունք մեկ էլ 1956-ին Մելբուռնում էր գրանցվել, պարզապես այն ժամանակ Ալբերտ Ազարյանը դարձել էր կրկնակի չեմպիոն: Այս անգամ ոսկիները 3-ն էին: Չեմպիոն դարձան ծանրորդ (67,5 կգ) Իսրայել Միլիտոսյանը, հունահռոմեական ըմբիշ (74 կգ) Մնացական Իսկանդարյանը, հրաձիգ (50 մ հրացան) Հրաչյա Պետիկյանը: Հունահռոմեական ըմբիշ (52 կգ) Ալֆրեդ Տեր-Մկրտչյանն էլ դարձավ Բարսելոնայի խաղերի փոխչեմպիոն:
1996-ի ամերիկյան Ատլանտայի 26-րդ խաղերում Հայաստանի թիմն առաջին անգամ մասնակցեց իր դրոշով: Հենց այս խաղերում էլ ունեցանք առաջին չեմպիոնը ՀՀ դրոշի ներքո: Պատմություն կերտեց հունահռոմեական ըմբիշ (52 կգ) Արմեն Նազարյանը: Անկախ Հայաստանին արծաթե մեդալ բերեց ազատոճային ըմբիշ (48 կգ) Արմեն Մկրտչյանը:
2000-ին 27-րդ խաղերը հյուրընկալեց ավստրալական Սիդնեյը: Այդտեղ մեր թիմից աչքի ընկավ միայն ծանրորդ (77 կգ) Արսեն Մելիքյանը, որը դարձավ բրոնզե մեդալակիր:
2004-ի 28-րդ ամառային խաղերն Աթենքում էին, եւ Հունաստանից մերոնք ձեռնունայն հետ եկան: 1968-ից ու 1984-ից հետո սա երրորդ դեպքն էր:
29-րդ խաղերը 2008-ին հյուրընկալեց Պեկինը: Փոխչեմպիոն հռչակվեց ծանրորդ (85 կգ) Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը: Նախապես մեր ծանրորդը դարձել էր բրոնզե մեդալակիր, սակայն 2016-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն դոպինգի պատճառով որակազրկեց Պեկինի խաղերում արծաթը նվաճած բելառուս մարզիկին եւ մեդալը հանձնեց Մարտիրոսյանին: 2016-ին ՄՕԿ-ը դոպինգի պատճառով բազմաթիվ ծանրորդների որակազրկեց, որոնց մեջ էր նաեւ մեր ծանրորդ (69 կգ) Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, որը բրոնզ էր նվաճել Պեկինում, սակայն ստիպված եղավ այն վերադարձնել: Չինաստանում բրոնզե մեդալի արժանացան ծանրորդ (77 կգ) Գեւորգ Դավթյանը, հունահռոմեական ըմբիշներ Ռոման Ամոյանը (55 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ), բռնցքամարտիկ (60 կգ) Հրաչիկ Ջավախյանը: Այսպիսով՝ նախապես մերոնց նվաճած 6 բրոնզը վերջնարդյունքում դարձավ 1 արծաթ եւ 4 բրոնզ: Հայաստանի անկախությունից հետո 5 մեդալ մեր մարզիկները չէին նվաճել: Այդ արդյունքը մինչ օրս էլ լավագույնն է:
2012-ին 30-րդ ամառային խաղերը կայացան Լոնդոնում: Արծաթե մեդալ նվաճեց Սեուլի խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին՝ նույնպես հունահռոմեական ըմբիշ (74 կգ) Արսեն Ջուլֆալակյանը: Նույն ոճի ըմբիշ (96 կգ) Արթուր Ալեքսանյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Լոնդոնի խաղերում ծանրորդ (+75 կգ) Հռիփսիմե Խուրշուդյանը եւս բրոնզե մեդալ նվաճեց, սակայն 2016-ին նա, ինչպես 2008-ի մեդալակիր Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, ՄՕԿ-ի կողմից զրկվեց պարգեւից հայտնաբերված դոպինգի պատճառով:
2016-ի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ խաղերը ինչ-որ առումով պատմական էին այն պատճառով, որ Բրազիլիայում 20 տարվա դադարից հետո Հայաստանը երկրորդ օլիմպիական չեմպիոնը ունեցավ: Հունահռոմեական ըմբիշ (98 կգ) Արթուր Ալեքսանյանը նախորդ խաղերի բրոնզին ավելացրեց ոսկե մեդալը: Նույն ոճի ըմբիշ (66 կգ) Միհրան Հարությունյանն անարդար մրցավարության պատճառով ընդամենը արծաթե մրցանակակիր դարձավ, օլիմպիական փոխչեմպիոններ դարձան նաեւ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) ու Գոռ Մինասյանը (+105 կգ):
Այս տարվա Տոկիոյի 32-րդ խաղերում փոխչեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանը նոր նվաճման հասավ: Լեգենդար Հրանտ Շահինյանից (2-ական ոսկի եւ արծաթ), Ալբերտ Ազարյանից (3 ոսկի, 1 արծաթ) եւ Իգոր Նովիկովից (2-ական ոսկի եւ արծաթ) հետո նա մեր չորրորդ մարզիկն է, որն առնվազն օլիմպիական 3 մեդալ է նվաճել: Ավելին՝ Ալեքսանյանը Հայաստանի մարզական պատմության միակ ներկայացուցիչն է, որ ունի բոլոր 3 մեդալներից: Ալեքսանյանն այս վերջին խաղերում կրկնեց Իգոր Նովիկովի հաջողությունը՝ մեդալակիր դառնալով 3 խաղերում անընդմեջ:
Այսպիսով՝ 1952-ից մինչեւ հիմա Հայաստանի մարզիկներն ամառային օլիմպիական խաղերում նվաճել են 18 ոսկե, 21 արծաթե եւ 16 բրոնզե մեդալ: Սրանցից 2 ոսկին, 8 արծաթը եւ 8 բրոնզը մեր մարզիկները նվաճել են ՀՀ դրոշի ներքո:
Մեր ներկայացուցիչները մեդալակիր են դարձել հետեւյալ մարզաձեւերում՝ մարմնամարզություն, հնգամարտ, բռնցքամարտ, սուսերամարտ, թեթեւ աթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, ջրացատկ, մականախաղ, ըմբշամարտ, հրաձգություն:
Կոլաժում՝ Հայաստանի օլիմպիական չեմպիոնները (վերեւից ներքեւ եւ ձախից աջ). Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Իգոր Նովիկով, Վիկտոր Ենգիբարյան, Ֆաինա Մելնիկ, Յուրի Վարդանյան, Էդուարդ Ազարյան, Լեւոն Ջուլֆալակյան, Հոկսեն Միրզոյան, Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան, Արմեն Նազարյան, Արթուր Ալեքսանյան