Հայաստանի մտնում է 3+3 ֆորմատի մեջ, որպեսզի սպասարկի թուրքական շահը, երբ Էրդողանը և Չավուշօղլուն ասում էին՝մենք դրական արձագանքների ենք սպասում Հայաստանից, հենց սա նկատի ունենին, որ ինչ ֆորմատ իրենք ապահովեն, Հայաստանը պետք է մտնի դրա մեջ, որպեսզի լեգիտիմացնի այդ ֆորմատը:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենում «3+3» հարթակի առաջին հանդիպումը, որն իրականում ընթանում է «3+2» ֆորմատով. մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցելու հանդիպմանը:
Ըստ քաղաքագետի՝ բանակցային այս ֆորմատին մասնակցելով՝Հայաստանի իշխանությունները համաձայնվեցին Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին։
«Սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանն ամենաստորացուցիչ ձևակերպումներով բնորոշում է Հայաստանի վարչապետին, իսկ նա դուրս է գալիս ՄԱԿ-ի ամբիոն և որևէ բան չի խոսում ահաբեկիչների, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, դաժանությունների կամ գերիների մասին: Բնականաբար՝ սույն անձնավորությունը սպասարկում է հարևան երկրների շահերի, իսկ Հայաստանի մասով՝ չի սպասարկում որևէ շահ, բացառապես իշխանություն պահելու խնդիր ունի»,-ասաց Ղևոնդյանը:
Քաղաքագետի պնդմամբ՝ գործող իշխանությունների օրոք, Հայաստանը որևէ բանակցային ֆորմատում չի կարող շահեկան լուծումների հասնել.
«Հայաստանի գործող իշխանություններն իրենց թե՛ ապաշնորհությամբ, թե՛ հայկական շահը չգիտակցելու հանգամանքից ելնելով՝ բանակցություններին հայկականության դիրքերից չեն մոտենում: Հայաստանի գործող վարչապետը աշխարհաքաղաքական կշռի բոլոր բնութագրիչները փորձում է վաճառել տարբեր բևեռների վրա՝ մեկ՝ Ռուսաստանի, մեկ՝ Թուրքիայի, մեկ՝ ԱՄՆ-ի վրա, այսինքն՝ ցանկացած ուժային կենտրոնի վրա, ով որևէ կերպ կարող է մեր տարածաշրջանում ազդեցություն ունենա: Այս ամեն ինչի ելակետը մեկն է՝ արտաքին կոնսենսուսը, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա»,-ասաց Ղևոնդյանը:
Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են ցանկացած ֆորմատի մասնակցել, որպեսզի իրենց իշխանության պահպանման լեգիտիմության իրավունքը հիմնավորեն.
«Այլ կոնտեքստում խոսել հայկական պետական շահի մասին, կարճամտություն է, դա բացառապես իշխանության պահելու խնդիր է:Հայաստանը և Հայաստանի իշխանությունները տարբեր շահերի պատկերացում ունեցող օղակներ են, իշխանությունն առաջնորդվում է բացառապես իշխանապահպանման շահով, իսկ Հայաստանի շահը շատ ավելի լայն և կարևոր է: Այս առումով թե՛ ֆորմատի, թե՛ հանդիպումների մասով որևէ հուսադրող բան, մեր օգտակարության տեսանկյունից, տեսանելի պրոցես չեն տեսնի»,-ասաց քաղաքագետը:
Ալեն Ղևոնդյանը նաև արձանագրեց, որ այս պահին 3+3 ֆորմատը չի արտացոլում այն աշխարհաքաղաքական իրականությունը, ինչը կա Հարավային Կովկասում, քանի որ այդ ֆորմատի մեջ ներգրավվածություն չունի Արցախը.
«Այսինքն՝ կան հարցադրումներ, որոնք դեռ պետք է որոշակի պատասխաններ ստանան, մեծ հաշվով՝ ես դեռևս թերահավատ եմ պրոցեսի մասով: Միգուցե կարողանան իրավիճակային խնդիրներ լուծել կամ պատուհաններ բացել հայ-ադրբեջանական կոնտեքստում, բայց ասել, որ Հայաստանը այստեղ կարող է որևէ շահ ունենալ, ես թերահավատ եմ»,-ասաց Ալեն Ղևոնդյանը:
Աղբյուր` Փաստինֆո