Հայաստանի որեւէ իշխանություն այսքան ծանր վիճակում չի եղել եւ այս իշխանության վերարտադրությունը անտրամաբանական է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նկատելով, որ, ճիշտ է, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մնալը Նիկոլ Փաշինյանին դիրքային որոշ առավելություն տալիս է,սակայն փաստ է նաեւ այն, որ վերջին երեք տարիներին նրա արձանագրած ցուցանիշներն ուղղակի սարսափելի են։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, ինչով, ըստ էության դրվեց, արտահերթ ընտրությունների նախապատրաստման փուլի հիմքը։ Առաջիկա 14 օրերին նոր վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի եւ կնշանակվեն նոր ընտրություններ։
Քաղաքագետի կարծիքով՝ ընդդիմությունը չի առաջադրի վարչապետի թեկնածու և փաստացի խորհրդարանը կգնա ինքնալուծարման: Ըստ նրա՝ մի քանի ամիս առաջ շատ մեծ էր հավանականությունը, որ ընդդիմությունը կառաջադրի իր թեկնածուին, սակայն հիմա իրավիճակն այլ է: «Մի քանի ամիս առաջ երկրում այլ մթնոլորտ էր և Երևանում ցնցումներ էին: Ընդդիմության որոշումը պայմանավորված է նրանով, թե ինչ մթնոլորտ է տիրում երկրում: Այսօր հասարակությունը, համակերպվել է այն մտքի հետ, որ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ և, հասկանալով այս հանգամանքը, կարծում եմ, որ ընդդիմությունը չի առաջադրի իր թեկնածուին, որպեսզի արտահերթ ընտրությունները կայանան», – նշեց քաղաքագետը:
Հրաժարական տալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը շարունակելու է մնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ինչի կապակցությամբ քաղաքական շրջանակները մտահոգություն են հայտնել, որ կօգտագործվի վարչական ռեսուրսը՝ իշխանությունների վերարտադրվելու համար։
«Իհարկե, եթե Փաշինյանը ժամանակավոր պաշտոնակատար չմնար, վերարտադրվելու համար , գործող իշխանության շանսերը գրեթե զրոյական կլինեին: Սակայն, այս պարագայում, ասել, որ Փաշինյանը մեծ շանսեր ունի պահպանել իշխանությունը, նույնպես դժվար է: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և պատերազմի արդյունքները, պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունը երբևէ այսքան ծանր իրավիճակում չի եղել»,- ասել է քաղաքագետն ու ավելացրել. «Ճիշտ է, Հայաստանում միշտ էլ իշխանությունները վերարտադրվել են, սակայն ոչ մի իշխանություն չի կորցրել Արցախի պետականությունը, 5.000 զոհ չի տվել, Հայաստանի տնտեսությունը կործանման եզրին չի կանգնեցրել: Այսինքն, սա ոչ ստանդարտ իրավիճակ է, և շատ դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունք է լինելու: Այն փաստը, որ Փաշինյանը մնացել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, նրան դիրքային առավելություն է տալիս, սակայն այն ցուցանիշները, որոնք նա ցուցաբերել է այս երեք տարվա ընթացքում ուղղակի սարսափելի են: Եվ մերժողականությունը, որը կա այս իշխանության հանդեպ շատ մեծ է»:
Քաղաքագետը համոզված է, որ այս իշխանությունը փորձելու է օգտագործել վարչական ռեսուրսը, սակայն շատ դժվար է կանխատեսել, թե որքանով դա կարող է օգնել իշխանությանը՝ վերարտադրվելու համար։
«Այսպիսի խայտառակ ցուցանիշներ երբևիցե չեն եղել նախկին իշխանության մոտ: Այո, 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի պարտվեց, սակայն 1992-1994 թվականներին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր: Հետագայում, Հայաստանը ոչ մի պարտություն չի կրել արտաքին ֆրոնտում և իշխանությունները վերարտադրվում էին, ինչը տրամաբանական էր: Սակայն, այս իշխանությունների վերարտադրությունը անտրամաբանական է, քանի որ համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք, երբ պարտված իշխանությունը կարողանում է վերարտադրվել: Օրինակ, երկրորդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո, Գերմանիայի ղեկավար ` Հիտլերը, մտածում էր ոչ թե վերարտադրման, այլ ինքնասպանության մասին: Իսկ Էլչիբեյլը պատերազմում պարտվելուց մեկ տարի անց, հեռացավ իշխանությունից»,- արձանագրել է գործիչը:
Քաղաքագետը հիշեցրեց Սահակաշվիլիի օրինակը։ «Երբ նա 2003 թվականին եկավ իշխանության, Վրաստանը արդեն չեր վերահսկում Աբխազիան և Հարավային Օսիան, ավելին` այդ ժամանակ Թբիլիսին չեր վերահսկում նաև Աջարիան: Սահակաշվիլին իր կառավարման տարիներին կարողացավ Աջարիան վերադարձնել Վրաստանի վերահսկողության ներքո, նա նաև փորձեց վերադարձնել Հարավային Օսիան, սակայն դա նրան չհաջողվեց, իսկ ժողովուրդը չներեց այդ ժամանակվա ղեկավարին»,- ասաց նա՝ նկատելով, որ Փաշինյանը դեպքում իրավիճակը այլ է։
«Մենք Արցախում վերահսկում էինք ավելի քան 10.000 կմ տարածք: Փաշինյանի կառավարման տարիներին մենք կորցրեցինք այդ տարածքի 70% -ը, Հայաստանի հարավային սահմանները այլ իրավիճակի մեջ հայտնվեցին, մենք կորցրեցինք կոմունիկացիոն կարևորագույն հանգույցներ` հենց Հայաստանի տարածքում: Նաև հարցականի տակ է դրվել Արցախի պետականության խնդիրը, եւ թե արցախցիները ինչ հեռանկարներ են ունենալու Ղարաբաղում, կախված է ռուս խաղաղապահ ուժերից: Փաշինյանի օրոք շեշտակի վատացել է Հայաստանի վիճակը և նախկինում նման բան երբեք չի եղել: Եթե այս ամենից հետո Փաշինյանը կարողանա վերարտադրվել, մենք կարող ենք ընդգրկել Հայաստանը Գինեսի գրքում»,- ասաց Բոզոյանը:
Աղբյուր` Փաստինֆո