Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, անդրադառնալով 1920թ․ օգոստոսին Հայաստանի եւ բոլշևիկյան Ռուսաստանի միջև Թիֆլիսում ձեռք բերված զինադադարի համաձայնությանը, մի քանի դիտարկումներ է ներկայացրել ֆեյսբուքյան գրառմամբ. «1920թ․ օգոստոսի 10-ին, նույն օրը, երբ ստորագրվել է Սեւրի պայմանագիրը, Հայաստանի անկախ պետությունը եւ բոլշեւիկյան Ռուսաստանը Թիֆլիսում զինադադարի համաձայնության են եկել։
Դրանից հետեւում է, որ կողմերը մինչ այդ գտնվել են պատերազմի մեջ։ Ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվել են բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված։ Դա նշանակում է, որ բոլշեւիկայն Ռուսաստանը նշված տարածքները Հայաստանի հետ պատերազմին նախորդած շրջանում ճանաչել է հայկական։ Համաձայնագրի իմաստով՝ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի օկուպացիան չի կանխորոշել դրանց պատկանելիությունը խորհրդայնացած Ադրբեջանին։
Այսինքն, բոլշեւիկյան Ռուսաստանը ընդունել է, որ Հայաստանի անկախ հանրապետության դեմ ինքը պատերազմել է խորհրդայնացած Ադրբեջանի անունից։ Ըստ համաձայնության, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի պատկանելիության հարցը ենթակա է ռուս-հայկական բանակցությունների որոշմանը։
Նույն համաձայնագրով նշված են այն դիրքերը, որտեղ կանգ են առնում զորքերը։ Ի՞նչ է եղել հետագայում՝ հայտնի է։ Բայց դրանից չի հետեւում, թե Ադրբեջանը այսօր իրավասու է բարձրացնել ,,Ղազախի յոթ եւ Նախիջեւանի մեկ գյուղի,, հարց։ Նախիջեւանի սահմանները որոշված են Կարսի պայմանագրով, իսկ Ղազախի ուղղությամբ հայ-ռուսական զորքերի լոկացիան՝ զինադադարի մասին ռուս-հայկական համաձայնագրով։ Հայաստանի ԶՈՒ ԳՇ-ում, համոզված են, կան մասնագետներ, որ կարող են գծանշել Կարսի պայմանագրով հաստատված՝ Նախիջեւանի սահմանները, ինչպես նաեւ ռուս-հայկական զորքերի շփման գիծը, որ Ղազախ-Իջեւան հատվածում առկա է եղել 1920թ․ հուլիսի 30-ի դրությամբ՝ ինչպես սահմանված է զինադադարի մասին ռուս-հայկական համաձայնագրով»,-գրել է նա։