Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմֆոտրոֆ պետություն է. գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նրա դիտարկումները՝ ստորև.
TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը։
Դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։
Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանը անկայունության եռման կետի։ Իսկ որոշ սցենարների դեպքում` նաև լեգիտիմ թիրախի։
Հայաստանում Իրանի դեսպանի այսօրվա հայտարարությունը հենց դրա մասին է.
«Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն»։
Առանցքային բառն այստեղ «կենտրոնն» է։
Լոկալ կտրվածքով TRIPP-ը հանգեցնելու է Սյունիքի ապամիլիտարիզացմանն ու այդտեղ ազատ տնտեսական գոտու ձևավորմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է թուրք֊ադրբեջանական տնտեսական, այնուհետև մշակութային ու աշխարհաքաղաքական֊տարածքային էքսպանսիայի իրականացմանը։
Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP֊ը նպաստելու է Իրանի նկատմամբ «անակոնդայի մեթոդի» կիրառմանը, ինչը «Բեն Գուրիոնի ջրանցք» ու «Դավթի միջանցք» նախագծերի հետ մեկտեղ լիովին տեղավորվում է Իսրայելի հակաիրանական ռազմավարության մեջ։





