Առողջապահության զարգացման նպատակով Ասիական զարգացման բանկի հետ ավելի քան 45 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր կկնքվի։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստումայս մասին հայտնեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ։
Նա նշեց, որ Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող վարկավորման ծրագրով նախատեսվում է ներգրավել 45,3 մլն եվրո արժողությամբ վարկ՝ խթանելով առողջապահության համակարգում որակի ապահովումը։
Նանուշյանը տեղեկացրեց, որ վարկային միջոցներն ուղղվելու են առողջապահական հաստատությունների կառուցման ու բարելավման, ծառայությունների որակի գնահատման, բժշկական հաստատությունների լիցենզավորման, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացման, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացման, ինչպես նաև էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավման խթանմանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի հետ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։





