Էրդողանը մտադիր է պատասխանել Բայդենին` Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Անկարայի որոշումներից մեկը կարող է լինել ԱՄՆ-ի հետ տնտեսական և պաշտպանական համագործակցության մասին 1980 թ. համաձայնագրի չեղարկումը։
Մակրոնը և Պուտինը պայմանավորվել են շուտով հայտարարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված նոր նախաձեռնությունների մասին:
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2020 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի վերաբերյալ նոր զեկույցը: Զեկույցի համաձայն՝ աշխարհում ռազմական ծախսերը կազմել են շուրջ 2 տրիլիոն դոլար՝ 2,6% -ով ավելի, քան նախորդ տարի:
«2020 թ.-ին համաշխարհային ռազմական ծախսերն աճել են 2.6%-ով, իսկ համաշխարհային համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 4.4% -ով՝ հիմնականում COVID-19 համաճարակի տնտեսական ազդեցության պատճառով»,- ասվում է SIPRI-ի զեկույցում:
Զեկույցում համեմատվում են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը: Այսպես՝ 2020 թվականին Ադրբեջանը 17%-ով ավելացրել է իր ռազմական ծախսերը, դա ամենամեծ ցուցանիշն է Արևելյան Եվրոպայում: Նշվում է, որ ռազմական ծախսերի աճը մեծապես կախված էր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից:
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանի ռազմական ծախսերը 2020 թվականին նվազել են 2.6%-ով: Ադրբեջանն իր ՀՆԱ-ի 5.4%-ը ծախսել է ռազմական ոլորտի վրա, իսկ Հայաստանը`4.9%:
Զեկույցի համաձայն՝ ամենամեծ ռազմական ծախսեր կատարող երկիրը ԱՄՆ-ն է: Անցյալ տարի այս ցուցանիշն աճել է 4,4%-ով՝ կազմելով 778 մլրդ դոլար:
Ըստ ինստիտուտի՝ Չինաստանը և Հնդկաստանը հայտնվել են երկրորդ և երրորդ տեղերում:
Ռուսաստանը 4-րդ տեղում է: Ռուսաստանի ռազմական ծախսերը 2020-ին կազմել են 61,7 մլրդ դոլար, ինչը 2,5%-ով ավելի է, քան 2019-ին:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Բրյուսելում:
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը մի քանի օր է գտնվում է ՌԴ-ում, երեկ պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով:
Հայերեն է թարգմանվել թուրք պատմաբան, Հայ Դատի պաշտպան Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գիրքը: Հեղինակն այն շարադրել է օսմանական աղբյուրների հիման վրա՝ մեջբերելով 1809 ծանոթագրություն, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության եղելությունը: Գրքում կան նաև քիչ օգտագործված բազմաթիվ փաստեր, որոնք իրական բացահայտում կարող են լինել հայ ընթերցողի համար:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) ապրիլի 21-ին Անկարային տեղեկացրել է, որ Թուրքիան պաշտոնապես դուրս է մնացել F-35 ծրագրից: Ամերիկյան կողմը չի ներկայացրել իր որոշման մանրամասները: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը:
Պենտագոնի խոսնակը նշել է, որ Թուրքիայի հետ 2007 թվականի հունվարի 26-ին ստորագրված համատեղ հուշագիրը կասեցվել է: Թուրքիան չի ներառվել F-35 գնումների նոր հուշագրի տեքստում:
Առաջին անգամ Սաուդյան Արաբիայի Թագավորության ցամաքային զորքերի ստորաբաժանումները TOS-1A «Սոլնցեպյոկ»-ով հարձակում են գործել Եմենի հութի ապստամբների վրա։ Ապրիլի 20-ին սոցիալական ցանցերում տեղադրվել է գնդակոծության տեսանյութ:
Ականատեսների խոսքով՝ սաուդցիները այն կիրառել են «Անսար Ալլահ» շիա շարժման մարտիկների դեմ: Տեսանյութը ֆիքսել է «Սոլնցեպյոկի»-ի գիշերային արձակումները․ հինգ հրթիռ է արձակվել՝ ջերմաճնշումային լիցքավորմամբ:
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանը չի ծրագրում Bayraktar հարձակողական անօդաչու թռչող սարքեր գնել Թուրքիայից։
«Ռուսաստանը ներկայումս չի քննարկում Bayraktar անօդաչու թռչող սարքերը Թուրքիայից գնելու հարցը, քանի որ ունի այդ դասի «Orion» սեփական անօդաչու թռչող սարքերը, որոնք մատակարարվում են ինչպես Ռուսաստանի զինված ուժերին, այնպես էլ արտահանման համար են»,- ասել է ծառայության խոսնակ Վալերիա Ռեշետնիկովան։
Աղբյուրը` Combat