Սիրելի՛ հայրենակիցներ.
Արդեն լիովին պարզ է, թե օրվա իշխանությունն իր ազգակործան քաղաքականությամբ դեպի ուր է տանում մեր սրբազան հայրենիքը:
Հայ մարդը ոտքի է կանգնել՝ քաջ գիտակցելով, որ հասել է կյանքի և մահու սահմանագծին:
Կործանման եզրին են երկիրը և հայ ժողովուրդը:
Իշխանության լծակները զբաղեցնողների և ժողովրդի միջև այլևս չկա որևէ փոխըմբռնում, այրվել են բոլոր կամուրջները:
Իրենց սև գործը ավարտին հասցնելու համար իշխանությունները չեն խորշում ամենանենգ քայլերից անգամ: Հայ ոստիկանը կերպարանափոխվել է՝ դրսևորելով ենիչերիին բնորոշ պահվածք. նա տղամարդուն և օրինականության պաշտպանին անվայել ձևով բռնություն է գործադրում անգամ հայ կնոջ նկատմամբ, բերման է ենթարկում և <<ասֆալտին փռում>> նույնիսկ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորներին, հաշվի չի առնում ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ հեղինակություն: Ամենուրեք խախտվում են մարդու ազատ տեղաշարժի, ազատ խոսքի, խաղաղ ցույցեր կազմակերպելու սահմանադրական իրավունքները:
Եվ այս ամենը <<սիրում եմ բոլորիդ>>, <<խոնարհվում եմ ձեր առաջ>>, <<դուք բոլորդ վարչապետ եք>> բարձրաձայնող անհատի առնվազն տարօրինակ դրսևորումն է:
Հա՛յ ժողովուրդ,
դիմում ենք բոլորիդ՝ ի մասնավորի՝ մշակույթի, գիտության, կրթության, մտավորականության լայն խավերի ներկայացուցիչներին. մոռանանք բոլոր տարաձայնությունները, վեր կանգնենք անձնական ամեն տեսակի հավակնություններից, դառնանք մի հզոր բռունցք՝ օր առաջ ժողովրդին և երկիրը փրկելու համար:
Հա՛յ մարդ, արթնացի՛ր ինքնակործան թմբիրից, վաղը այլևս ուշ կլինի:
Հայ մտավորականների <<Ձայն Հայրենեաց>> շարժում