Իսլանդիայի ամենամեծ թերթը՝ Morgunblaðið-ը, 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հրապարակել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանի բացառիկ հարցազրույցը, որը կազմակերպվել էր Իսլանդիա նրա նոյեմբերյան այցի ընթացքում: Ստորև ներկայացվում է հարցազրույցի ամբողջական թարգմանությունը։
«Մանկությունից շատ լավ եմ հիշում՝ նրանք պայթեցնում էին ամեն ինչ ու բոլորին», — ասում է Արտակ Բեգլարյանը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը, որը անջատողական տարածաշրջան է Ադրբեջանում: Նա ընդամենը չորս տարեկան էր 1993 թվականին, երբ ադրբեջանցի զինվորների հետ բախումների ընթացքում զոհվեց նրա հայրը, իսկ երկու տարի անց նա կորցրեց տեսողությունը, երբ ականը պայթեց իրենց տան բակում։
Տարածաշրջանի շուրջ ադրբեջանցիների և հայերի միջև հակամարտությունը, որտեղ հայերը անհիշելի ժամանակներից կազմել են բնակչության մեծամասնությունը, խորը հետք է թողել Բեգլարյանի կյանքի վրա։ Նա տասնվեց տարեկանում կորցրել է մորը սրտի կաթվածից, իսկ տասնվեց տարի անց՝ 2021 թվականին, Բեգլարյանը ստանձնել է Արցախի Հանրապետության, ինչպես այն անվանում են հայերը, պետնախարարի պաշտոնը՝ տարածաշրջանի պատմության չափազանց ծանր շրջանում։
Բեգլարյանը նոյեմբերին գտնվել է Իսլանդիայում՝ Ռեյկյավիկի Մայր տաճարում կազմակերպված բարեգործական համերգի կապակցությամբ, որի նպատակն էր աջակցել տարածաշրջանի հակամարտությունից փախստական դարձած հայերին։ Բեգլարյանը, ով եղել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պայքարի առաջնագծում, Morgunblaðið-ին պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության համաձայնագրի մասին, ինչպես նաև այն շուրջ 120,000 անձանց վիճակի մասին, որոնք 2023 թվականի սեպտեմբերին հարկադրված լքեցին իրենց տները, երբ Ադրբեջանը ուժով վերահսկողություն հաստատեց տարածաշրջանի նկատմամբ։
Տարածաշրջանի երկար պատմությունը
Բեգլարյանը մեծ շեշտ է դնում տարածաշրջանի պատմության վրա, որը հայերը համարում են որպես հնագույն հայկական հող, որտեղ քրիստոնեական համայնք է ապրել դարեր և նույնիսկ հազարամյակներ շարունակ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ հակամարտության շրջադարձային պահը եղել է 1921 թվականը, երբ Իոսիֆ Ստալինը որոշեց տարածաշրջանը բռնակցել Խորհրդային Ադրբեջանին՝ չնայած այն հանգամանքին, որ տարածքի բնակչության ավելի քան 95 տոկոսը հայեր էին։ «Դրանից հետո իմ ժողովուրդը Խորհրդային Ադրբեջանի իշխանության ներքո ենթարկվեց լուրջ խտրականության, այդ թվում՝ մշակութային, տնտեսական և սոցիալական», — ասում է Բեգլարյանը։
Բեգլարյանի խոսքով՝ շատ բան փոխվեց, երբ 1980-ականներին Միխայիլ Գորբաչովը դարձավ Խորհրդային Միության ղեկավար, քանի որ խոսքի ազատությունը զգալիորեն աճեց։ Տարածաշրջանում սկսվեցին բողոքի ցույցեր, որոնց ընթացքում բնակիչները պահանջում էին միավորվել Խորհրդային Հայաստանի հետ։
«Այնուհետև ադրբեջանական իշխանությունները սկսեցին ջարդերի ենթարկել Խորհրդային Ադրբեջանում բնակվող հայերին։ Լեռնային Ղարաբաղից բացի, այդ ժամանակ Խորհրդային Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրում էր ավելի քան 500,000 հայ», — ասում է Բեգլարյանը։ «1988-1990 թվականներին Խորհրդային Ադրբեջանում գտնվող հայերը կամ սպանվեցին, կամ վտարվեցին։ Հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ ավելի քան կես միլիոնը կորցրեց իր տունը։ Սա ակնհայտ էթնիկ զտում էր», — հավելում է նա։
Անկախության հռչակում
Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թվականին, Լեռնային Ղարաբաղի բնակիչները անցկացրին հանրաքվե՝ հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որը ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, այնպես էլ ԽՍՀՄ Սահմանադրությամբ։ Դրանից հետո տարածաշրջանը հռչակեց իր անկախությունը։ Սակայն Ադրբեջանը չճանաչեց հանրաքվեն, և հիմնախնդիրը վերածվեց ադրբեջանցիների ու հայերի միջև զինված հակամարտության։ Այդ պատերազմը խորը և անջնջելի հետք թողեց Բեգլարյանի վրա, ով, ինչպես նշվեց, Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի սկզբում կորցրեց հորը և, կարճ ժամանակ անց, նաև տեսողությունը։
Հայաստանի և կամավորների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի հայերին հաջողվեց հաղթանակ տանել, և 1994 թվականին ձեռք բերվեց հրադադարի համաձայնություն։ Այնուհետև սկսվեց երկարատև բանակցային գործընթաց՝ ԵԱՀԿ հովանու ներքո՝ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ առանցքային դեր էին խաղում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան։
«1994-2020 թվականներին մենք զարգացնում էինք մեր ժողովրդավարությունն ու ինստիտուտները՝ չնայած այն փաստին, որ ոչ մի երկիր չէր ճանաչում մեր անկախությունը», — ասում է Բեգլարյանը։ «Միջազգային չափանիշներով մենք ժողովրդավարության և խոսքի ազատության առումով ավելի լավ վիճակում էինք, քան Ադրբեջանը, թեև լիովին մեկուսացված էինք», — ավելացնում է նա։ Ոչ մի պետություն պաշտոնապես չի ճանաչել Արցախի Հանրապետությունը նրա գոյության ընթացքում։
Պատերազմ՝ համավարակի քողի ներքո
2020 թվականի աշնանը սկսվեց Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց տարածաշրջանի վրա։ «Նրանք հզորացրել էին իրենց բանակը, քանի որ Ադրբեջանի բռնապետ Ալիևը նավթի ու գազի վաճառքի եկամուտներից մեծ ներդրումներ է կատարել զինված ուժերում։ Նրանք առաջադեմ զենքեր էին ձեռք բերել Թուրքիայից, Իսրայելից և Պակիստանից և 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ պահին, հարձակվեցին մեզ վրա»։
Պատերազմը տևեց 44 օր և խլեց ավելի քան 4,000 հայի կյանք, այդ թվում՝ ավելի քան 100 խաղաղ բնակչի։ Այդ ժամանակ Բեգլարյանը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) պաշտոնը և ղեկավարում էր մի խումբ, որը գրանցում և փաստաթղթավորում էր Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։
«Մենք փաստագրեցինք, ի թիվս այլոց, խաղաղ բնակիչների գլխատումներ, գերիների գնդակահարություններ, հայերի խոշտանգումներ և նվաստացումներ ու այլ պատերազմական հանցագործություններ», — ասում է նա՝ հավելելով, որ ադրբեջանցի զինվորները իրենց հանցագործությունների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակում էին սոցիալական ցանցերում։
Այդ ժամանակահատվածում Իսլանդիայի Կենտրոնական կուսակցությունից պատգամավոր Բիրգիր Թորարինսոնը այցելեց Լեռնային Ղարաբաղ և հանդիպեց Արտակ Բեգլարյանին։ «Դա նրա կողմից չափազանց խիզախ որոշում էր, և նա ընտրված պաշտոնյաներից շատ քչերից էր, ով իրավիճակը տեսավ սեփական աչքերով», — ասում է Բեգլարյանը։
Տասնյակ հազարավոր մարդիկ փախան մարտերից
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, որի համաձայն Ադրբեջանը վերահսկողություն ստացավ տարածաշրջանի մեծ մասի նկատմամբ, իսկ Ռուսաստանը խաղաղապահներ տեղակայեց Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածում։
«Այս համաձայնագրով ադրբեջանցիները վերահսկողություն հաստատեցին տարածաշրջանի շուրջ 9,000 քառակուսի կիլոմետրի վրա, մինչդեռ մեր վերահսկողության տակ մնաց ընդամենը 2,700 քառակուսի կիլոմետր», — ասում է Բեգլարյանը՝ հավելելով, որ մինչև 2020 թվականը տարածաշրջանի բնակչությունը մոտ 150,000 էր, սակայն այդ ժամանակից ի վեր ավելի քան 40,000 մարդ ստիպված է եղել փախչել։ «Այն հայերը, որոնք մնացին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կամ սպանվեցին, կամ բանտարկվեցին ու խոշտանգվեցին. շատ քչերն են վերադարձել»։
Այնուամենայնիվ, 2021 թվականին, երբ Բեգլարյանը ստանձնեց տարածաշրջանի պետնախարարի պաշտոնը, բնակչության թիվը հասել էր 120,000-ի։ Այդ դիրքում նա պատասխանատու էր մարդասիրական հարցերի, սոցիալական ծառայությունների, կրթական համակարգի, առողջապահության և բնակարանային քաղաքականության համար՝ ի թիվս այլ ոլորտների։
2022 թվականի դեկտեմբերին ադրբեջանցիները փակեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ «Ավելի քան ինը ամիս մենք ամբողջովին մեկուսացված էինք, և վերջին ամիսներին մենք այլևս չէինք ստանում ո՛չ սնունդ, ո՛չ դեղորայք», — ասում է Բեգլարյանը՝ նշելով, որ թե՛ Արդարադատության միջազգային դատարանը, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու անգամ պարտավորեցրել էին Ադրբեջանին բացել միջանցքը։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա։ «Մեկ օրվա ընթացքում սպանվեց ավելի քան 220 մարդ», — ասում է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի գրեթե բոլոր 120,000 բնակիչները Լաչինի միջանցքով փախան Հայաստան։ «Հետևած քաոսի ընթացքում պայթեց վառելիքի պահեստը, և ավելի քան 240 մարդ կենդանի այրվեց, և նրանք նույնպես ցեղասպանության զոհեր են», — ասում է Բեգլարյանը՝ իրավիճակը համեմատելով դժոխքի կրակի հետ։
Դաժան սպառնալիքներ
Բեգլարյանը նաև դատապարտում է Ադրբեջանի կողմից ատելության դրսևորումները։ «Ադրբեջանցիների այս ատելությունը հայերի նկատմամբ խիստ ֆաշիստական է, քանի որ, օրինակ, նրանք ասում են, թե եկել են մեզ սպանելու, բռնաբարելու և մեր երեխաներին մորթելու համար», — ասում է Բեգլարյանը՝ նշելով, որ ինքը նույնպես նման հաղորդագրություններ է ստացել ադրբեջանցիներից։
Բեգլարյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում մնացել է ընդամենը մեկ տասնյակ հայ, և նրանք բոլորը կամ շատ տարեց են, կամ տառապում են հոգեկան որևէ հիվանդությամբ։
2023 թվականին տարածաշրջանից փախած մոտ 120,000 անձանցից ավելի քան 70 տոկոսը այժմ Հայաստանում ապրում է աղքատության մեջ։ «Մոտ 65,000 աշխատունակ տեղահանվածներից միայն մոտ մեկ երրորդն ունի մշտական աշխատանք», — ասում է Բեգլարյանը: Նա հավելում է, որ, անկախ այս ամենից, ինքը ատելություն չի տածում սովորական ադրբեջանցիների հանդեպ։ «Ես չեմ ատում ադրբեջանցիներին, ես ատում եմ հանցագործներին, ես ատում եմ Ալիևին, բայց չեմ ատում Ադրբեջանի ժողովրդին, որովհետև գիտեմ և հասկանում եմ, որ նրանք նույնպես ստիպված են եղել տառապել»։
Ցանկանում է վերադառնալ տուն
Հարցին պատասխանելով՝ Բեգլարյանը ասում է, որ չի հավատում, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև նախատեսվող խաղաղության համաձայնագիրը որևէ բան կտա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ «Այդտեղ ոչինչ չկա մեր ժողովրդի իրավունքների մասին, ոչինչ՝ տեղահանված բնակչության վերադարձի մասին, ոչինչ՝ մշակութային ժառանգության պաշտպանության, արդարադատության կամ պատասխանատվության մասին և ոչինչ՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների մասին», — ասում է նա։ «Այն համաձայնագիրը, որը անտեսում է ցեղասպանությունը և այս ամենը ավլում գորգի տակ, չի կարող կոչվել խաղաղության համաձայնագիր»։
Այնուամենայնիվ, նա ասում է, որ հույս ունի, թե իր ժողովուրդը մի օր կկարողանա վերադառնալ իր հայրենիք։ «Այո, ես հավատում եմ դրան, բայց ոչ այն նույն պետության իշխանության ներքո, որից մենք փախել ենք։ Դա կնշանակեր հրեաներին խնդրել վերադառնալ նացիստական Գերմանիա՝ Հոլոքոստից հետո», — ասում է Բեգլարյանը։ «Մենք որևէ հատուկ վերաբերմունք չենք պահանջում։ Մենք միայն պահանջում ենք այն, ինչի իրավունք պետք է ունենա յուրաքանչյուր ոք՝ հնարավորություն տուն վերադառնալ»։





