Եթե մինչև այժմ Արցախում ամսական կատարվում էր 250 պլանային վիրահատություն, ապա այսօր թիվը 3 անգամ կրճատվել է։ Դեղորայքը պահվում է առավել սուր դեպքերի համար։ Միայն ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներն են վիրահատվում։
Կարմիր խաչի միջնորդությամբ մինչ օրս Արցախից Հայաստան է տեղափոխվել 16 հիվանդ, սակայն կան բժշկական վերահսկողության տակ գտնվող քաղաքացիներ, որոնք պարբերաբար մեկնում էին Արցախից դուրս՝ քիմիաթերապիայի, ճառագայթային և լազերային բուժման նպատակով։
«Արցախում կան երեխաներ, ովքեր ունեն տարբեր հիվանդություններ։ Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։ Ունենք բրոնխիալ ասթմայով հիվանդ 93 երեխա, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով, 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով։ Փաստորեն, դեկտեմբերի 12-ից հետո այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից»,-հայտնում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։