Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի. Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆաջոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կարևոր ուղղություններից մեկը սահմանազատումն է և պետական հանձնաժողովների գործունեությունը։
«2024 թվականն այս առումով հիշարժան տարի էր, առաջին անգամ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք բերվեց, և 90-ականների սկզբից հայկական օկուպացիայի տակ գտնվող Ղազախի շրջանի 4 գյուղերի ազատագրման գործընթացը տեղի ունեցավ։ Պետական հանձնաժողովների միջև շփումները շարունակվում են ։
Բացի հաղորդակցությունների ապաշրջափակումից, Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի հաստատման հարցում։ Որովհետեւ նման բան չկա, որ մի երկիր բաժանվի երկու մասի։
2020 թվականին Հայաստանը ստանձնել է անարգել հաղորդակցության պարտավորություն, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջեւանի հետ շփումը պետք է անարգել լինի, որեւէ խոչընդոտ չպետք է լինի։ Սա պետք է լինի այնպիսի պարտավորություն, որ Հայաստանի օրենսդրության հետագա փոփոխությունները չկարողանան փոխել այս իրավիճակը կարճաժամկետ, երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում:
Անկախ քաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության տարրերից՝ Ադրբեջանն ակնկալում է ազատ և անարգել հաղորդակցություն, և մեր ջանքերն այս ուղղությամբ շարունակվում են»,- ասել է Բայրամովը։