Շատերն են ասում, որ հայկական կինոյում ես Մալյանապաշտ եմ, շեշտեմ, ո՛չ միայն ես… Դա հենց այնպես, օդից վերցրած չԷ:
Դեռ էն գլխից, 1969-ի «ՖԻԼՄ» թերթի առաջին համարներից սկսած՝ բազում ինֆրմացիաները, հոդվածները, հաղորդումներն ու երկխոսությունները մի կողմ, նրան նվիրված մեծ ու փոքր գրքերի հեղինակ եմ նաև: Իսկ հակիրճ՝ ասելիքն էլ այս է:
Հենրիկ Մալյան կինոբեմադրիչի արվեստը, ստեղծած կինոերկերը մեր ժողովրդի ակունքներից են գալիս: Դրանք ո՛չ թե երեկվա, այլ այսօրվա, վաղվա ու բոլոր ժամանակների համար են:
Այսօր արդեն առանց վարանելու, կարելի է փաստել, որ Հայկինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանից հետո Հենրիկ Մալյանը մեր ազգային մեծագույն կինոբեմադրիչն է, որն իր ֆիլմերով դեռ խորհրդային շրջանում ազգային արժեքները համեմեց համամարդկայինով, որոնք էլ շրջեցին միջազգային մեծ էկրաններով:
Շարունակելով բեկնազարյանական կինոյի ավանդույթները՝ նա պեղեց «երկրաբանական» իր շերտը, ասել է թե՝ կինոարվեստի իր հունը, որն, անշուշտ, ազգայինի և համամարդկայինի կուռ միասնությունն է:
Եվ սա գերագնահատական չէ, այլ ֆիքսված է համաժողովրդական գնահատման մեծ չափանիշով ու սիրով, որն զգացել եմ նրա նկատմամբ ունեցած հավատամքով, կինոյում 55-տարվա աշխատանքային իմ փորձով:
Իր կինոերկերով՝ «Եռանկյունին» (1967թ.), «Մենք ենք մեր սարերը» (1969թ.), «Հայրիկ» (1972թ.), «Նահապետ» (1977թ.), «Կտոր մը երկինք» (1981թ.) ընդամենը հինգ խաղարկային ֆիլմով Հենրիկ Մալյանը խոսեց գեղեցիկի լեզվով, ազգի, երկրի հզորության, միասնության և հարատևության լեզվով: Եվ այդ խոսելաձևը նույնիսկ առանց հայերենի իմացության, հասկանալի դարձավ բազում ազգերի:
Մեծ հաշվով՝ Մալյանն իր իսկ ֆիլմերի հերոսներն է. «Եռանկյունու» Մկրտիչները, «Մենք ենք, մեր սարերի» հովիվները, «Հայրիկի» Պապը, «Նահապետի» Նահապետը, գուցեև իր չնկարահանած «Կոմիտասի» Կոմիտասը: Դերակատարներն են տարբեր, հերոսների խառնվածքն ու տեսակը, ապրումներն ու հույզերը Մալյանինն են:
Ավելի քան 40 տարի առաջ իր ստեղծած կինոդերասանի թատրոն-ստուդիան, նրա բեմադրությունները, ասելիքը, խաղացանկի բազմերանգությունը մի առանձնակի երևույթ էին մեր մշակութային կյանքում, և ողջունելի է, որ Մալյան թատրոնի այդ ավանդույթները շարունակական են:
Այսօր, սակայն, ես բոլորովին այլ խնդիր ու առաջարկ ունեմ:
Ուղիղ մեկ տարի հետո, իսկ դա սարերի ետևում չէ, լրանում է Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի 100 ամյակը, որը, կարծում եմ, պետք է նշվի ամենաբարձր՝ պետական մակարդակով: Իսկ նախապատրաստական աշխատանքները հարկավոր է սկսել հենց այժմվանից՝ նրա ծննդյան 99 ամյակի օրվանից…Շնորհավոր…
Ռոբերտ Մաթոսյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, խմբագիր-կինոգետ


(Հենրիկ Մալյանն ու Ռոբերտ Մաթոսյանը)




