Իսկ Բեռլինում Ադրբեջանի դեսպանը պահանջում էր ՀՀ սահմանադրության փոփոխություն՝ «…այնպես, որ Երեւանի ապագա կառավարությունը չկարողանա ասել, թե Փաշինյանի ստորագրածը հակասահմանադրական է, զրոյական»:
Ինչպես ծանուցել էինք ուրբաթ օրը՝ մարտի 7-ի «Ազգում», այսօր մարտի 10-ին ժամը 15- 16.30-ին Բեռլինի կենտրոնում, Բրանդենբուրգյան դարպասների առջեւ տեղի ունեցավ Բաքվում կալանավորված ռազմագերիների, պատանդների ազատարձակման պահանջով հսկում- ցույց, որ կազմակերպել էին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Վտանգված ազգերի ընկերակցությունը, Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը(IGFM), Գերմանիայի ACAT կազմակերպությունը (Action by Christians for the Abolition of Torture- Խոշտանգումների վերացմանն ուղղված քրիստոնյաների գործողություն), «Թեոֆանու» ակումբը: Մարդու իրավունքների պաշտպան հիշյալ կազմակերպությունները երկուշաբթի՝ մարտի 10-ին գերիներին եւ պատանդներին ազատարձակման պահանջով նամակ հանձնեցին, Մինսկի խմբի համանախագահող երկու երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպաններին, Եվրոպական հանձնաժողովի Գերմանիայի գրասենյակի ղեկավարին, իսկ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավարին նամակն առձեռն կհանձնվի վաղը՝ մարտի 11-ին:
«Մենք ազատության խորհրդանիշ դարձած Բրանդենբուրգյան դարպասների առջեւ ենք՝ Ադրբեջանից հայ պատանդներին անհապաղ ազատարձակելու պահանջով: Նրանց կալանավորումը անմարդկային արարք է, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների (ներառյալ ցեղասպանության) ոտնահարում է, էթնիկ հետապնդման շարունակություն», մարդու իրավունքների պաշտպաններին, ներկաներին դիմելով նշեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը: «Գերմանիան հատուկ պատասխանատվություն ստանձնած պետություն է, պարտավոր է գործել ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի համաձայն», ասաց ԳԿԽ ատենապետը՝ հիշատակելով 2023-ի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի պարզաբանումը, որ «ԼՂ-ի քաղաքացիական բնակչությունը ռազմական գործողությունների հետեւանքով բռնության, ներառյալ ցեղասպանության վտանգի տակ է, դրանից բխող վայրագությունների վտանգն առկա է» եւ «ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի այս նախազգուշացումը պետք է դրդեր ԳԴՀ կառավարությանը անհապաղ կատարելու ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայով ստանձնած պարտավորությունը: Արդարադատության միջազգային դատարանի համաձայն, ցեղասպանությունը կանխելու պարտավորությունն առաջանում է այն պահին, երբ պետությունն իրազեկ է դառնում ցեղասպանության լուրջ սպառնալիքի մասին: Այն, որ ԳԴՀ տեղյակ էր հայ բնակչությանը սպառնացող լուրջ վտանգի մասին, վկայեց նաեւ Աննալենա Բերբոքի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում 2023-ի սեպտեմբերի 22-ին», ասաց Յոնաթան Շպանգենբերգը: Նա նշեց, որ հիշատակվածն արտոնում է եզրակացնել, որ ԳԴՀ կառավարության արձագանքը չպետք է սահմանափակվեր քննադատությամբ եւ դիվանագիտական կոչերով միայն: «Գերմանիան պետք է գործի. Դաշնային հաջորդ կառավարությունը կարող է և պետք է դիմում ներկայացնի Հաագայի միջազգային քրեական դատարան՝ բռնապետ Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար», ասաց Շպանգենբերգը:
Բեռլինում Ադրբեջանի դեսպանն իհարկե լսում էր Բեռլինի կենտրոնում բարձրախոսի հնչեցրածը՝ Բաքվում պատանդառվածների անունները, նրանց անհապաղ տուն վերադարձի պահանջը, այն համոզումը, որ ցեղասպան Ալիեւը վաղ թե ուշ կանգնելու է Հաագայի դատարանի առջեւ: Նա երեւի գոհ էր, որ մեկ օր առաջ՝ մարտի 9-ին, ինչպես ծանուցում է X-ի իր էջում, առցանց ասուլիս էր տվել իր ասելով «գերմանական առաջատար ԶԼՄ-ներին»: Դեսպան Աղաեւը շեշտում է, թե Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի մարտահրավերը ՀՀ սահմանադրությունից Ադրբեջանի տարածքային պահանջների հեռացումն է: «Մենք ուզում ենք այս համաձայնագիրը ստորագրել ոչ միայն Փաշինյանի կառավարության հետ, այլեւ Հայաստանի հետ, այնպես, որ Երեւանի ապագա կառավարությունը չկարողանա ասել, թե Փաշինյանի ստորագրածը հակասահմանադրական է, զրոյական»:
Կանդրադառնանք:
Կարդացեք նաև՝ Գուրգեն Պետրոսյան. «Մեկ հիմնարար խնդիր ունենք՝ ծրագիր չունենք»





ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա