Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել դաշինքների անվանումները՝ մասնավորապես անձի անվանման օգտագործումը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին. Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Ես երեկ առիթ եմ ունեցել նշելու, որ վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժ։ Այս հապճեպ նախաձեռնությունը դրա վկայությունն է։ Իրավական մանրամասները կներկայացնեն մեր գործընկերները»,- նշել է խոսնակը։
Քպ-ն ու նրա ղեկավարը սարսափում են Սամվել Կարապետյան անուն-ազգանունից այն աստիճան, որ հապճեպ օրենք են փոխում, որպեսզի դաշինքների անվանումներում հեղինակավոր մարդկանց անուններ չընդգրկվեն։
Նրանք Սամվել Կարապետյանին բանտարկել են, բայց դրանով հանդերձ՝ վախենում են կալանավորված առաջնորդից։
Նույն վախերի դրսևորումն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Առավոտից երեկո քպ-ականները թիրախավորել են ՀՀ երկրորդ նախագահին՝ էլ ֆեյսբուքյան լայվեր, էլ հարցազրույցներում Քոչարյանի հասցեին քննադատություններ ու թշնամական խոսքեր։
Փաստ է՝ Քպ-ն ընդիմադիրներին ընկալում է ոչ թե որպես մրցակցի, այլ թշնամու։
Քպ-ի նպատակն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվանումնից ջնջել Սամվել Կարապետյանի անունը այն նկատառումով, որ եթե քվեաթերթիկներում գրված լինի միայն «Ուժեղ Հայաստան», գուցե քաղաքացիները չկողմնորոշվեն, թե դա որ քաղաքական ուժն է, իսկ եթե գրված լինի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ», հստակ կիմանան, որ դա Սամվել Կարապետյանի ստեղծած կուսակցությունն է ու այդպես կողմնորոշվելով՝ նրան ձայն կտան։
Այսինքն՝ Քպ-ն ուզում է ջնջել քաղաքացիներին կողմնորոշող անուն-ազգանունը։
Հատկապես մարզերում մարդկանց 90 տոկոսը չգիտե, թե որ քաղաքակն ուժի հետևում ով է կանգնած։ Հայտնի ճշմարտություն է, որ մարդիկ ձայն են տալիս այս կամ այն քաղաքական ուժին՝ ի դեմս նրա առաջնորդի։
Այո՛, մարդիկ մինչև վերջին վայրկյանը քաղաքական ուժերին չեն ճանաչում, մանավանդ որ ընտրություններին մի քանի տասնյակ ուժեր են մասնակցում, ու չի լինում միասնական ընդդիմության մեկ թեկնածու։ Հետևաբար, ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին ընտրության օրը քաղաքական անձերով կողմնորոշվելու կարիք է ունենում։
Անկասկած, «Ուժեղ Հայաստան« կուսակցության անվան մեջ նշելով Սամվել Կարապետյանի անունը՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»՝ այդ ուժը ընտրությունների օրը մարդկանց հստակ կոմնորոշման հնարավորություն է տալու։
Քպ-ն հենց սրանից է վախենում, դրա համար էլ ջանում է ամեն գնով Սամվել Կարապետյանի անունը նրա ստեղծած կուսակցության անվանումից ջնջել-հանել, այդպիսով այդ քաղաքական ուժի պոտենցիալ քվեները կանխավ ոչնչացնել։









