Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը գնալու է մինչև վերջ, եթե անգամ այդ հաղթանակը լինի Պյուռոսյան հաղթանակ, բայց հոգևորականները չպետք է ճանաչեն նրա նշանակած տեղապահին. Ալեքսանդր Քանանյան

22/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է աստվածաբան, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

-Պարո՛ն Քանանյան, ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնականապես «լուծել» Մայր Աթոռի հարցը։ Ըստ սցենարի՝ նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մուտք գործել Մայր Աթոռ։ Ի՞նչհնարավոր զարգացումներ կարող են լինել։

-Քաղաքական-սովորական գործիքակազմի փոխադրումը եկեղեցական դաշտ ոչ միայն բացարձակ անկանոն է, այլև անթույլատրելի է և անարդյունավետ։ Սակայն Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք տեսնում ենք ներքին ցանկություն՝ ամրապնդելու իր դիրքերն ընտրություններից առաջ, ցույց տալու, որ ի հեճուկս արտաքին քաղաքականության կատարյալ անարժանապատվության՝ երկրի ներսում կարողանում է դեռ «ուժեղ տղա» լինել, ցանկալի կաթողիկսոսին փոփոխել։ Բայց պետք է քաջ գիտակցենք, որ սա նախևառաջ արտաքին պատվեր է։ Խնդիրը հայոց պետականությունը խորտակելուն զուգահեռ՝ շատ ավելի հավակնոտ թուրքական տեսլական է՝ խորտակելու հնագույն հայկական հաստատությունը, որն անընդհատ կերպով գործում է դեռևս Մեծ Հայքի ժամանակաշրջանից։

Արտաքին թշնամական պատվերին և ներքին ցանկությանը զուգահեռ՝ մենք չպետք է թերագնահատենք նաև երրորդ գործոնը. երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է հոգևոր հարցերի մասին, չի օգտագործում ավանդական քրիստոնեությանը բնորոշ բառապաշար։ Նրա ողջ բառապաշարը և մտածողությունն ակնհայտորեն հատուկ են Հայաստանում գերհզոր և ուղիղ թուրքական հովանավորության ներքո երկու տասնամյակ գործող «Կյանքի խոսք» աղանդին։

Հետևաբար նպատակներից մեկն է ոչ միայն ենթարկեցնել եկեղեցին՝ փոփոխելով կաթողիկոսին, այլև կանոնադրություն փոփոխելու ճանապարհով աղանդավորացնելու կամ բողոքականացնելու Հայ Առաքելական եկեղեցին։ Այսինքն՝ մոտավորապես անել այն, ինչ ժամանակին՝ 16-րդ դարում, Հենրի 8-րդը արեց Մեծ Բրիտանիայում՝ ստեղծելով անգլիկան «եկեղեցին»։ Ընդ որում՝ և՛ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, և՛ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի խոսքում աստվածաբանորեն գրագետ ականջն այս բոլոր միտումները կարող է որսալ։ Հետևաբար մենք ականատես ենք արմատական և համակարգային ոտնձգության, որը միտված է ոչ միայն կաթողիկոսին փոփոխելու, այլև Առաքելական եկեղեցու  աստվածաբանական, ավանդութային, ծիսական հիմքերը քայքայելուն և արատավորելուն։

Գալով առաջիկա կիրակի օրվա հնարավոր զարգացումներին՝ Գյումրու խայտառակությունից և Մայր Տաճարում դրան հաջորդածից հետո սթափ բանականությունը չկորցրած ցանկացած անձ պետք է ըմբռներ, որ հարկավոր է գոնե ժամանակավոր նահանջ։ Հատկապես որ բոլորը նշում են Գարեգին Բ կաթողիկոսի՝ շատերի կողմից անթույլատրելիորեն կրավորական գնահատված պահվածքը, որն իրականում միտված է եկեղեցու ղեկավարության կողմից կարմիր գծերը չանցնելու և ներկա կառավարության հետ համակեցության բարդ, բայց գոնե հանդուրժելի բանաձև գտնելուն։

Սակայն Նիկոլ Փաշինյանի պարագայում սթափ բանականությամբ թելադրված քայլ չենք կարող գտնել, որովհետև գոյություն ունի հստակ արտաքին հրահանգավորում, որին նա չի կարող դեմ գնալ։ Առկա է ներքին հոգեբանական բարդույթ, որը եկեղեցական եզրութաբանությամբ անվանում են դիվահարություն, որովհետևնրա կատարած հակազգային և հակաեկեղեցական քայլերի ահանգնությունն ահռելի է։ Նա իսկապես դիվահար է, և պետք չէ այստեղ սոսկ հոգեկան հիվանդության նշաններ որոնել։

Հետևաբար, այո՛, Փաշինյանը տարբերակ չունի. նա գնալու է մինչև վերջ, եթե անգամ այդ հաղթանակը լինելու է Պյուռոսյան հաղթանակի նման մի բան։ Իրականում նա արդեն մատաղ է արել տիրադավ հոգևորականներին. նրանք վերջանականապես կործանվված են, և էական չէ՝ հիմա, թե հետ կարգալույծ կարվեն։ Կարծում եմ՝ նրանց չեզոքացնելու համար պետք է ոչ միայն կարգալուծել, այլ նաև բանադրել և չապաշխարելու դեպքում նաև նզովվել։

Նիկոլ Փաշինյանն իր մտադրույթուններն իրականացնելիս ստիպված կլինի օգտագործել ուժային ռեսուրսը, ես նաև կարծում եմ՝ խիստ անհրաժեշտության պարագայում նրան մի երկու հազար ջարդարար կհատկացնի նաև «Կյանքի խոսք»-ը։ Նա օգտագործելու է նաև իր՝ համարյա սպառված հանրային աջակցության պաշարը։ Իհարկե, կա նաև վարչական ռեսուրսը, բայց մենք տեսնում ենք, որ ոչ բոլոր քաղաքապետերն են, ինչպես օրինակ Տիգրան Ավինյանը, խանդավառված իրենց աշխատակիցներին կցելու եկեղեցու դեմ փողոցային պայքարին։ Առաջիկա կիրակի, կարծում եմ, կազմակերպվելու են տարբեր սադրանքներ՝ հիմանավորելու ուժային մարմինների օգտագործումը։ Կարծում եմ նաև, որ որոշ հոգևորականներ քայլեր կձեռնարկեն ճանաչելու կաթողիկոսի տեղապահին, բայց պետք է հասկանալ, որ կանոնական իրավունքի տեսանկյունից նոր տեղապահի նշանակումը կենդանի կաթողիկոսի օրոք անկանոնական է և առոչինչ։ Դա առոչինչ է նաև Սահմանադրությամբ։

Մյուս կողմից հույս ունեմ, որ Գարեգին Բ կաթողիկոսն ապաստան չի որոնի Ռուսաստանում։ Դա ծայրահեղ կերպով կթուլացնի հավատարիմ մնալու ցանկություն ունեցող հոգևորականությանը։

-Պարո՛ն Քանանյան, ըստ տեղեկությունների՝ իշխանությունները քննարկում են Կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ վերջինիս կալանավորելու հնարավորությունը։ Նման սցենարի դեպքում որո՞նք պետք է լինեն բարձրաստիճան հոգևորականության և հավատավոր ժողովրդի առաջին գործողությունները։

– Ես բոլորովին չեմ բացառում և բավականին հավանական եմ համարում կաթողիոկսին ձերբակալելու տարբերակը։ Իշխանությունը տեսնում է, որ հեշտությամբ կարողանում է քրեական գործեր հարուցել հոգևորականների նկատմամբ։ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ոչ միայն կալանավորվել, այլև կարող է մի շարք քրեական հոդվածներով երկար ժամանակով ազատազրկվել։

Բայց ինչ էլ որ լինի, հոգևորականները չպետք է ճանաչեն Նիկոլ Փաշինյանի նշանակած տեղապահին՝ անգամ եթե կաթողիկոսը բանտում ակնհայտ ճնշումների ներքո հորդորի նման բան անել։ Կարծում եմ՝ նա չի գնա այդ քայլին, բայց եթե անգամ կաթողիկոսին ճնշեն այն աստիճան, որ նա հրաժարական տա, որևէ դեպքում չի կարելի ենթարկվել Փաշինյանի նշանակած տեղապահին։ Դրան կհաջորդեն եկեղեցիների գրավումը, բոլոր հավատարիմ հոգևորականների վտարումն իրենց եկեղեցիներից։ Պետք է մերժվի հպատակությունը գործող իշխանությանը։ Եկեղեցիներից վտարվելու դեպքում նրանք իրենց հետ նախ պետք է դուրս բերեն սրբազան առարկաները, որպեսզի դրանք չպղծվեն, պետք է պահեն սրբալույս մյուռոնի անհրաժեշտ պաշարներ։

-Պարո՛ն Քանանյան, ինչպե՞ս եք գնահատում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի դիրքորոշումը Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ իրականացվող արշավի նկատմամբ։ Ի՞նչ գործուն քայլեր կարող է նա ձեռնարկել՝ բացի հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունների առնչությամբ խոր մտահոգություն հայտնելուց։

-Շատ դառը ենթատեքստով հարց է։ Ես Արամ Ա կաթողիկոսին որդիաբար կուզենայի խնդրել. այս իրադարձությունները կարող են հանգեցնել Հայաստանում թեմերի փաստացի գրավմանը։ Բայց դրանց մեծ մասը Հայաստանից դուրս են։ Իհարկե, կարող են լինել որոշ թեմեր, որոնք կընդունեն սրբապիղծ նոր տեղապահին։ Բայց Արամ Ա-ն, որպես ազատության մեջ գտնվող կաթողիկոս, պետք է աջակցի էջմիածնական թեմերին՝ կանգուն մնալու, Մայր Աթոռի գրավման պայմաններում իրենց առաքելությունը շարունակելու հարցում։ Եթե հարկ լինի, նա իր սրբագործած մյուռոնը պետք է ուղարկի առանց հովվապետի մնացած էջմիածնական եպիսկոպոսներին։

Նա չպետք է ջանա ընդարձակել եկեղեցական իրավասության սահմանները։ Եթե Գարեգին Բ կաթողիկոսը ձերբակալվի, Արամ Ա կաթողիկոսը խոր մտահոգությունների լեզվից պետք է անցնի ավելի զորեղ գործիքակազմի։ Ես որդիաբար կհայցեի Արամ Ա կաթողիկոսից, որ նա բանադրեր Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը, նզովվեր իրենց հայրապետի դեմ գնացած եպիսկոպոսներին։

Հույս ունեմ, որ Արամ Ա կաթողիկոսն իր կաթողիկոսության ավարտին՝ հատկապես ներեկեղեցական ճգնաժամի , կփորձի այնպես գործել, որ ապագայում ունենանք միացյալ Ամենայն հայոց կաթողիկոսություն, որտեղ Կիլիկիո աթոռը կվերածվի պատվավոր պատրիարքության կամ արքեպիսկոպոսության։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետական պարտքը կրկնապատկվել է, Փաշինյանը կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով

Հաջորդ գրառումը

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարներն այցելել են էրմիտաժ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
Հաջորդ գրառումը

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարներն այցելել են էրմիտաժ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական