Մայիսի 22-ին Azg.am-ը հրապարակել էր «Ուչմիաձինը» պատմական Ադրբեջանի հող է. Հայ եկեղեցին մեծ սպառնալիք է տարածաշրջանի բոլոր հարևան երկրների համար. Փաշազադե» խորագրով հոդված՝ այն թարգմանաբար ներկայացնելով ադրբեջանական ԱՊԱ-ից։
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ծրագրված ագրեսիան, զրպարտչական քաղաքականությունը, փաստորեն, ՀՀ իշխանության պարագլխի ուշադրության կենտրոնում է մնացել, որին հաջորդել է Փաշազադեի ագրեսիվ պահվածքին ու դիրքորոշմանը հազարապատիկ գերազանցող վարչապետի հարձակումը։
Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարչի՝ մեր երեկեղեցիները «չուլանացնելու» քաղաքականությունը, հայ հոգևորականներին գռեհկորեն հայհոյելու բառապաշարի կիրառումը ուղից հրահանգն է Բաքվից, որը նա սրբորեն կատարում է։
Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստում Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածել, զրպարտել՝ հայտարարելով. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ, ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «ապալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես… Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը…»։
Իսկ այսօր նա արդեն ֆեյսբուքյան գրառումներ է արել. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Եվ սա միակ գրառումը չէ…
Մայիսի 22-ի մեր հրապարակումը նորից ենք ներկայացնում մեր ընթերցողներին.
Կովկասի մահմեդականների վարչության նիստում վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն թշնամական, զրպարտիչ հայտարարություններ է արել Հայաստանյայց Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին։
Նրա խոսքը մեջբերել է ադրբեջանական ԱՊԱ-ն։
«Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձին՝ պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին, և իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեին»։
Նա նշել է, որ հայերը քրիստոնեության պատմության մասին կեղծ նկատառումներով ներկայանում են որպես բացառիկ համայնք՝ աշխարհի առաջին քրիստոնյաներ։ «Ղարաբաղում ստեղծվել է Արցախի թեմը, իսկ Ռուսաստանում՝ Նոր Նախիջևանի թեմը։ Հայերի կրոնական կենտրոնի միակ նպատակը «Պատմական մեծ Հայաստան» հայկական ուտոպիան աջակցելն էր։ Մենք բախվում ենք մի համայնքի հետ, որը, բազմաթիվ կեղծիքների միջոցով յուրացնելով այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, Ուչմիածնի և Կիլիկիայի իր կրոնական կենտրոնների միջոցով աշխարհով մեկ տարածում է ստերով և զրպարտությամբ լի ուղերձներ, որոնք հեռու են քրիստոնեական կրոնի խաղաղության, եղբայրության, խաղաղ հարևանության մասին դրույթներից, որոնք անընդհատ քարոզում էին անհամաձայնություն, թշնամանք, վրեժխնդրություն և բախում՝ իր ուտոպիական երազանքն իրականացնելու անվան տակ։
Այո, սա է իրականությունը. համաշխարհային հայությունը, հենվելով Հայ ազգային եկեղեցու վրա, շարունակում է խաբել միջազգային հանրությանը իր պատմական և քաղաքական երեսպաշտությամբ: Նրանց նպատակն է՝ եթե հայկական պետությունը քաղաքական անգործունակության պատճառով գոյություն չունենա, ապա Հայ ազգային եկեղեցին կարող է շարունակել զորահավաք կենտրոնի առաքելությունը՝ ստեղծելով և ղեկավարելով Վատիկանի նման Գրիգորյան կրոնական պետություն: Այսպիսով, Հայ եկեղեցին ունի նենգ մտադրություն՝ այս կամ այն կերպ շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերի վրա: Սա մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք հարևան են Հայաստանին»,- հայտարարել է Փաշազադեն։
Ադրբեջանի «խաղաղասիրական» նկրտումները հերթական անգամ պարզ երևում են։ Այդ երկիրը ագրեսիվ կերպով հակահայ քարոզչությունը շարունակում է՝ աչք տնկելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, հոգևոր-մշակութային կենտրոնների ու ժառանգության վրա։
Վերոնշյալ բարբաջանքներով, զրպարտություններով ու կեղծարարություններով չբավարարվելով՝ նա հայտարարել է, թե իբր ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող «իրենց բնիկ հողերից ադրբեջանցիների աստիճանական վտարումը, էթնիկ զտումները և տեղահանությունները հանգեցրին ղազիյաթների գործունեության հարկադիր դադարեցմանը»։
«Արևմտյան Ադրբեջանի հողերում մեր ժողովրդին պատկանող նյութական և հոգևոր մշակույթի նմուշները, մզկիթների ունեցվածքը թալանվել են, Ղուրանի և ձեռագրերի հազվագյուտ օրինակները վաճառվել են արտասահմանյան աճուրդներում: Հայկական կեղծիքի և վանդալիզմի վառ օրինակ է նաև Երևանում Ջումա (Կապույտ-խմբ.) մզկիթի վերականգնումը, որը կառուցել են ադրբեջանցիները և որը հայերը ներկայացնում են որպես պարսկական»,-շարունակել է Փաշազադեն։





