Քննչական կոմիտեի դիմաց հավաքվել էին իրավապաշտպաններ, քաղաքական ընդդիմադիր գործիչներ, արցախցիներ։ 2 օր առաջ ոստիկանության Վանաձորի բաժնում 8 հոգով ծեծի են ենթարկել ու հայհոյել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին՝ նրան ստիպելով իր վրա վերցնել Վանաձորում բնակվող իր բարեկամներից մեկի տանը կատարված գողությունը։
Տիգրանը հրաժարվել է, ասել է, որ 44-օրյայի մասնակից է, ունի զոհված հարազատներ, արցախցի է։ Սա լսելով՝ ոստիկանները հայհոյել են նրա զոհված բարեկամներին ու ոտքերով գլխին հարվածել։
Տիգարն Ուլուբաբյանի եղբայրը զոհվել է 2017-ին, Արցախում, ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման ժամանակ, հայրը նույնպես զոհվել է պատերազմում, իսկ մայրը մահացել է։
Տիգրանը միայնակ վարձով է ապրում Վանաձորում։
Փաստաբան Ռոման Երիցյանը մարտի 17-ին ներկայացրել էր Տիգրան Ուլուբաբյանի հետ կապված խոշտանգման ու բռնության դեպքը՝ ՆԳՆ-ից, ՔԿ-ից պահանջելով պատասխան՝ եղելությունը ներկայացվել է մանրամասնորեն, ոստիկանությունից ծեծված ու խոշտանգված, այլ մարդկանց օգնությամբ հեռացող Տիգրանի մասին տեսանյութ կա, նա իր հետ կատարվածի մասին պատմել է լրատվամիջոցներին, ինչո՞ւ իրավապահ մարմինները քննություն չեն սկսում։
«Ոստիկաններն ասացին` վերխդ հանի, հեսա «մշակում» ենք քեզ, պրիզնատ արի, անմեղ տեղը ծեծեցին ու հայհոյեցին»,- պատմել է Տիգրանը։
ՔԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողները պատասխանատվություն են պահանջում. Տիգրանի հարազատները զոհվել են, բայց նա մենակ չէ։ Տիգրանի փոխարեն կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը, ամենաթողությունն ու անպատժելիությունը կարող է մտնել յուրաքանչյուրիս տուն, յուրաքանչյուրիս տանել ոստիկանության բաժին ու բռնության ենթարկել։
ՔԿ-ից հայտնել են, որ ոչ մի ոստիկանի նկատմամբ քննություն չի սկսվել, անգամ չեն հետաքրքրվել ու բացահայտել, թե ովքեր են բռնության ենթարկել Տիգրան Ուլուբաբյանին։ Այնուհետև ՔԿ-ից հայտնել են, որ մարտի 20-ին՝ ժամը 17։30-ին, Տիգրան Ուլուբաբյանը լրացուցիչ հարցաքննության կենթարկվի։
Բողոքի ակցիայի մասնակիցները վաղը՝ նշված ժամին, կլինեն ՔԿ-ի դիմաց։