Մարտի 15-ին Բեռլինի Հարդենբերգշտրասե 16-ում թուրք երիտասարդ ֆաշիստները առանձնահատուկ հարգանքով, ծաղիկներով իրենց սերն ու նվիրվածությունը հաստատեցին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի հանդեպ, որին 105 տարի առաջ նույն փողոցում դիմահար կրակոցով սպանել էր հայ վրիժառու, արդարության մարտիկ Սողոմոն Թեհլիրյանը: X-ում Efeibram@ Tugrul Moskowits անունով օգտատերը տարածել է տեսանյութ կից գրությամբ՝ «Որպես Հանրապետության արժեքներին հավատարիմ թուրք երիտասարդներ, մենք կրկին հիշատակեցինք կայսերական դարաշրջանի ներքին գործերի մեր վերջին նախարար Թալեաթ փաշային այն փողոցում, որտեղ նա նահատակվեց Բեռլինում 1921 թվականին»։ (Cumhuriyet değerlerine sadık Türk gençleri olarak, İmparatorluk dönemimizin son Başbakanı Talat Paşa’yı 1921’de Berlin’de şehit edildiği caddede bir kez daha andık).
Բեռլինի ոստիկանությունն արտոնել էր ոճրագործ Թալեաթի սպանության օրը նրան մեծարել
Բեռլինի ոստիկանության ծանուցումից իրազեկ էինք դարձել, որ մարտի 15-ին, ժամը 11-11.30-ին Հարդենբերգշտրասե 16 հասցեում հավաքի արտոնություն էր տրվել ՝ «Ի հիշատակ արդի Թուրքիայի ճարտարապետ եւ հեղափոխական Թալեաթ փաշայի սպանության»: Ու՞մ է տրվել, ո՞վ (ովքե՞ր) են կազմակերպիչ(ներ)ը, տեղեկություն չկա:
Նույն օրը ժամը 11-ին Բեռլինի Հարդենբերգշտրասե 22 հասցեում հանրահավաք էր նախաձեռնել Ռասիզմի, ազգայնականության եւ խտրականության դեմ ակտիվիստների միությունը( AKEBI):
1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Հարդենբերգշտրասեում դիմահար կրակոցով սպանեց Թալեաթին: 105 տարի անց նույն օրը AKEBI-ի անդամները երթ էին իրականացնելու «Սփյուռքում հայերի (կյանքի) հետքը» խորագրով՝ քննելով իրողությունները գերմանական ռայխի եւ օսմանյան կայսրության ներհյուսված պատմության լույսի ներքո:
Գերմանահայ համայնքի, կազմակերպությունների անդամները վրդովված են: ԳԴՀ իրավապահ մարմիններին հանրահավաքն արգելելու գրավոր հորդոր էին ուղղել շատերը, նաեւ՝ Գերմանահայ իրավաբանների միությունը, Գերմանահայ ուսանողների «Միասին» միությունը:
«Ոճրագործներին հարգանքի տուրք մատուցելը չպետք է հանդուրժել», ֆբ-ում հայության բողոքն էր գերմաներեն ձեւակերպել Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը: Միջոցառումը, որը մեծարում է ոճրագործին, նրան ներկայացնելով որպես «հեղափոխականի, արդի Թուրքիայի ճարտարապետի», անտեսում է պատմական պատասխանատվությունը և վիրավորում զոհերի հիշատակը: Վտանգում է հարաբերականացնել կամ նսեմացնել պատմության ամենամութ դրվագներից մեկը: Սա խնդրահարույց է հատկապես Գերմանիայում՝ մի երկրում, որի խորհրդարանը՝ Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին բաց քվեարկությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հատկապես այն պետությունը, որը հանձնառու է պատմական հանցագործություններին առերեսվելու, հիշողության մշակույթի հանդեպ պատասխանատվության, պարտավոր է հատուկ զգայունություն ցուցաբերել պատմական վարկաբեկված անձանց հանրային հիշատակի հանդեպ»:
«Ազգի» ուրբաթ օրվա՝ մարտի 20-ի համարում կանդրադառնանք առավել մանրամասն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա





