Ո՞վ է պատասխան տալու Երևանով մեկ տարածված թունավոր գազերի արտանետման համար։
Ո՞վ է կրելու հազարավոր մարդկանց առողջությունը լրջորեն վտանգելու պատասխանատվությունը։
Քաղաքային իշխանություններն առայժմ «մեղավորներ» են փնտրում՝ իբր ինչ-որ մեկը դիտավորյալ հրդեհել է Նուբարաշենի աղբավայրը։ Նույն ձեռագիրն է՝ աղետների համար «մեղավորներ են» նշանակում, բայց ոչ երբեք իշխանության շարքերից։
Պատերազմ բերեցին, Արցախը հանձնեցին թշնամուն, ադրբեջանական զորքը բերին-նստեցրին ՀՀ ինքնիշխան տարածքում, ամիսներով զոհված զինվորների դիերը պահեցին նկուղներում, Արցախն ամբողջովին հայաթափեցին, Սյունիքը դրեցին քաղաքական զոհասեղանին. ու ոչ մի պատասխանատվություն, մեղքի ոչ մի զգացում։ 5 տարի անընդմեջ «մեղավորներ են նշանակում», բանտերը լցնում քաղբանտարկյալներով, բռնաբարում իրավունքն ու ազատ խոսքը։ Ու հիմա անպատժելի ամենակարողության լիազորություներով Նուբարաշենի աղբավայրի այրվելու պատճառներ ու մեղավորներ են փնտրում։
Սեփական սխալները գիտակցելու, սեփական մեղավորությունը մատնանշելու ոչ մի ցանկություն…
Ավինյանը հայտարարել է, թե դիմել է ԱԱԾ-ին, իրավապահներին։ Վերոնշյալ համակարգերը եթե Հայաստանում գործեին անկախ ու անկաշկանդ, եթե իշխանությունների հրահանգները չկատարեին, այլ գործեին օրենքի ուժով, հիմա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքերը պետք է կաշկանդված լինեին ձեռնաշղթաներով։
Ըստ Ավինյանի հայտարարության՝ ինչ-որ մեկը կարող է ներթափանցել Նուբարաշենի աղբավայր ու այրե՞լ այն։ Ուրեմն այդ աստիճանի ամենաթողություն ու անվերահսկելի իրավիճա՞կ է այնտեղ։ Դա՛ էլ է իշխանության միտումնավոր անգործության հետևանքը։
Ուրեմն ցանկացած ոք կարող է ներխուժել աղբավայր ու անթույլատրելի գործողությո՞ւն իրականացնել։ Իսկ վերահսկաղության համար ո՞վ է պատասխանատու։
Կառավարման բոլոր համակարգերում ձախողված, ժողովրդին համակողմանի աղետի հասցրած իշխանության պատկերը սա է։
Եվ այս վիճակով Երևանի ղեկավարումը ստանձնածները, ավելի ճիշտ՝ 9 տոկոս քվե ստացած քաղաքապետը նշելու է Էրեբունի Երևանի տոնը ու բացօթյա համերգ է կազմակերպելու թունավոր օդ շնչող երևանցիների համար։