Այսօր, մարտի 14-ին, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Արմենիա պողոտայի վրա գտնվող Թեքեյան մշակութային միության կենտրոնատեղին կրկին կբացի իր դարպասները արգենտինահայ մշակութասեր համայնքի առջեւ, շուրջ երկու տարի տեւած վերանորոգումից հետո։ Վերանորոգման աշխատանքներն սկսվել էին քովիդի համաճարակի բռնկումից անմիջապես հետո, կենտրոնի պարտադիր փակումի եւ ազգային-մշակութային գործունեության ակամա դադարի ընթացքում։
Արգենտինահայ համայնքի համար նշանակալից այդ իրադարձությունը տեղի է ունենալու հանդիսավոր պայմաններում, որին կմասնակցեն քաղաքապետական իշխանությունների ներկայացուցիչներից բացի ազգային-եկեղեցական մարմիններ եւ Կենտրոնի սրահներին սովոր երիտասարդներ ու նրանց ծնողներ։ Հանդիսությանը մասնակցելու համար արդեն Բուենոս Այրես են ժամանել տարբեր հայ գաղութներից ԹՄՄական ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ ԹՄՄ Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտր. վարչության ատենապետ, ՌԱԿ հանրահայտ գործիչ եւ հրապարակագիր Երվանդ Ազատյանի։ Վերջինս Արգենտինայի մայրաքաղաք է ժամանել մի քանի օր առաջ։ Շրջելով վերանորոգված շենքը, Եր. Ազատյանն իր գոհունակությունն է հայտնել հայթայթված գումարների նպատակային օգտագործման համար, հիշել՝ որ 46 տարի առաջ ինքը, մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ եղել է նույն շենքի բացման արարողությանը, որով, ինչպես հարեւանությամբ գտնվող ՀԲԸՄիության կենտրոնի բացումով, սկիզբ էր դրվել արգենտինահայության ազգային կյանքի վերածննդին։
Ե. Ազատյանը, ուղեկցությամբ Հարավային Ամերիկայի ՌԱԿ վարչության ատենապետ եւ «Սարդարապատ» թերթի խմբագրապետ Սերխիո Նահապետյանի, այցելել է նույն շենքում գտնվող խմբագրատուն, թերթել «Սարդարապատի» հավաքածոների էջերը, հիշել Սերխիո Նահապետյանի հայրիկին՝ ՌԱԿ անմոռանալի ղեկավար Նահապետ Նահապետյանին։
Եր. Ազատյանը ուղեկիցների հետ այցելել է նաեւ հարեւանությամբ գտնվող ՀԲԸՄիության կենտրոն, որտեղ նրանց հյուրասիրել են ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի ավարտական դասարանի սաները, որոնք շարունակում են ավելի քան 40 տարվա ավանդույթը՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին ճաշ մատուցել այցելուներին եւ տարվա ընթացքում մատուցված ճաշի դիմաց գանձված գումարով խմբային այցելություն կատարել Մայր հայրենիք Հայաստան, ավելի եւս տոգորվելով հայկականությամբ։
Բուենոս Այրեսի ՌԱԿ եւ ԹՄՄ շրջանակներին, ինչպես նաեւ ողջ արգենտինահայությանը շնորհավորելով հայապահպանության կարեւոր այդ ամրոցի վերաբացման առթիվ՝ նորանոր հաջողություններ ենք մաղթում ԹՄՄ եւ ՌԱԿ արգենտինահայ շրջանակներին։
«Ազգ»