Հակառակ ոչ մի տեղ չգրված, բայց բոլորի կողմից ընդունված այն օրենքի, որ լավագույն կառավարությունները նրանք են, որոնց ներկայությունը ոչ ոք չի զգում, բոլոր չափանիշները կոտրած-անցած մեր կառավարությունը, ավելի ճիշտ՝ կառավարության պետը, ամեն ինչ անում է, որպեսզի ոչ ոք չմոռանա իրեն։ Էստեղ են ասել՝ քեզ մոռանա՞լ կլինի։
Տիկնոջ հետ «կուկուռուզ» կրծելը, «պերաշկի» խժռելը, սիրահար զույգ տատրակների պես՝ նախապես ամայացրած Աբովյան փողոցով զբոսնելը, ժամանակին Հանրապետության հրապարակով մեկ հսկիչ շարասյան ուղեկցությամբ հեծանիվ քշելը, գրեթե ամեն օր արտառոց մտքերով թերթերի վերնագիր թելադրելը եւ ցուցադրական բազմաթիվ show-երով հասարակության ուշադրութունը գրավված պահելը երբեք, բնավ, ոչ մի երկրում ցուցանիշ չի եղել լավ կառավարիչ, իմաստուն ղեկավար, հոգատար իշխանավոր եւ առավել եւս՝ հայրենասեր պետական գործիչ լինելու։
Այսօր հերթը հանգստավեր նոր ավտոբուսով երթեւեկելուն էր։ «Լավ էլ սառն է» խոսքը ոչ այնքան Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզչությանը, որքան սեփական անձի շուրջ հասարակության տաք ու ջերմ վերաբերմունքը ապահովելուն էր միտված։ Միտումը՝ միտում, բայց գոնե լավ բեմադրիչ ընտրված լիներ առանց թիկնապահների ավտոբուս նստելու, առանց թիկնազորի ուղեկցության Երեւանի փողոցներով սուրալը բեմադրելու համար։ Ամեն ինչ նկատվել էր, նույնիսկ թիկնապահների ծանոթ դեմքերը։
Ավելի տպավորիչ կլիներ, եթե «ժողովրդի սիրեցյալը» նոր ավտոբուսի փոխարեն ժողովրդի մեծամասնությանը ավելի հարազատ «մարշռուտկա» նստած լիներ, երկտակված, շոգից քրտնքախաշ, ծխից հալումաշ, առանց թիկնապահ եւ առանց օպերատոր։
Ցուցամոլության ժամանակը վաղուց է անցել։ Զավզակության ժամանակը՝ նույնպես։
Այսօր 203-րդ օրն է արցախահայության շրջափակման։
Հ.Ա.