Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, որ Ադրբեջանի հանդեպ լոյալության հարցում Նիկոլ Փաշինյանի հետ «թավշյա» մրցակցության մեջ է վաղուց, այսօր հերթական դրսեւորման ընթացքում արել է շատ վտանգավոր մի հայտարարություն:
Նա խոսելով այն մասին, թե մենք Արցախ ենք ասում, ուրեմն չպետք է «նեղվենք», որ իրենք էլ սեւանն ասում են Գյոյչա, իսկ Երեւանն էլ՝ Էիրվան, հայտարարել է նաեւ, թե «Ջավախքն էլ Հայաստան չէ, այլ Վրաստան է»:
Մի կողմ եմ թողնում Սեւանի ու Երեւանի մասին նրա խոսքերը: Այստեղ վաղուց ամեն ինչ ասված է, ամեն ինչ պարզ: Այդ հարցում Հայաստանի ներկայիս իշխանության ներկայացուցիչները անցել են ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բարոյական բոլոր «կարմիր գծերը», երբ Ադրբեջանը նվաստացրել է նրանց եւ դե ֆակտո ստիպել մեղա գալ անգամ հին լուսանկարների համար, որ վերաբերել են Արցախին: Կարելի է չունենալ կասկած, որ վաղը պայման դնելու պարագայում, Բաքուն նրանց կստիպի հրապարակի մեջտեղում այրել Արցախում արված բոլոր լուսանկարները:
Այս պարագայում ուշադրության արժանացնենք Ջավախքի մասին հայտարարությունը:
Իսկ ո՞վ է Հայաստանում երբեւէ ասել, թե Ջավախքը Հայաստան է: Հայաստանի հանրապետությունը պաշտոնապես կամ կիսապաշտոնապես երբեւէ շոշափե՞լ է այդպիսի թեմա: Ոչ: Եվ ավելին, Ջավախքի հարցում առանձնապես նախանձախնդիր գործիչներից մեկը՝ Ծիրակ Թորոսյանը, տարիներ շարունակ եղել է հենց ՔՊ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, որին, ի դեպ, Վրաստանը արգելեց մուտք գործել երկիր: Բայց, անգա, Շիրակ Թորոսյանը երբեւէ չի խոսել այն մասին, թե Ջավախքը Հայաստան է:
Ջավախքի պատկանելությունը Վրաստանին չի վիճարկվել երբեք: Ջավախքը հայաբնակ է, ու Հայաստանը մշտապես քննարկել է պարզապես տեղի հայության կրթական իրավունքների պաշտպանության հարցը, ընդ որում այնպիսի նրբությամբ, որ չառաջացնի քաղաքական կոնֆլիկտ Վրաստանի հետ:
Հիմա, երբ ԱԺ նախագահի մակարդակով արվում է այդպիսի հայտարարություն, ըստ էության Վրաստանին տրվում է առիթ՝ հարկ եղած դեպքում առնվազն խոսել այն մասին, թե «ձեզ մոտ կան մարդիկ, որ Ջավախքը համարում են Հայաստան»: Այլ կերպ ասած, Հայաստանի խորհրդարանի նախագահը անում է մի հայտարարություն, որը կարող է լինել «պանդորրայի բացված արկղ» հայ-վրացական հարաբերության հարցում:
Արվում է դա միտումնավոր, թե արվում է պարզապես քաղաքական-դիվանագիտական անհամարժեքության հետեւանքով, մի կողմից էական չէ, մյուս կողմից, իհարկե, էական է, որովհետեւ նպատակային այդպիսի սադրանքը կարող է տանել շատ հեռուն, ու հարց կառաջանա՝ թե որքան հեռվից է գալիս այդ սադրանքը:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան





