Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախից Հայաստան է տեղափոխվել ուղղաթիռով. տեղեկացանք ուղիղ եթերում նրա հետ հարցազրույցից։
Ստեփանակերտի մոտակայքում գտնվող ՊԲ պահեստում է պայթյունը տեղի ունեցել։ Պահեստի վառելիքը նախատեսված է եղել մարտական գործողությունների ժամանակ օգտագործելու համար․ Արցախի հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատմելով դեպքի մանրամասները։
Պայթյունը տեղի է ունեցել անվտանգության տարրական կանոնների չպահպանման պատճառով․ մարդիկ ինքնուրույն վառելանյութ են հանել պահեստից. հավաստիացրեց նա։
«Պայթյունի հետևանքով զոհերի թիվը գրեթե համեմատելի է ռազմական գործողությունների ժամանակ զոհերի թվի հետ։ Զոհերի մեծ մասը Ստեփանակերտի բնակիչներ են»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Արցախի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել և այն փոխանցել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։
Այնուհետև պատմեց.
Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարեց ինձ և հայտարարեց, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցել ադրբեջանական կողմի հետ։
Ես նրանց ասացի, որ դեմ չեմ, որ Սամվել Բաբայանը ներկայացնի իր ծրագիրը, իրավիճակի իր տեսլականը, և եթե սա մեզ համար ընդունելի է, ապա մենք այս քայլերը կանենք։
Բայց Խանումյանն ասաց, որ ոչ, իշխանությունը պետք է փոխանցվի իրեն, որպեսզի նա կարողանա հետագա գործողությունների գնալ։
Անկեղծ ասած՝ այս առաջարկն ինձ տարօրինակ թվաց, բայց իմանալով, թե հետագայում ինչ կարող է լինել դրա պատճառով, ես կապ հաստատեցի ադրբեջանական կողմի հետ և փորձեցի ճշտել նրանց հետ, թե իսկապես կա՞ մեկ այլ թեկնածու Արցախում, ում հետ կցանկանային բանակցել։
Արցախի նախագահը պատասխանեց այն մեղադրանքներին, թե ստորագրել է Արցախի Հանրապետությունը լուծարող փաստաթուղթ։
Ստորագրված փաստաթղթի գինը բնակչության համար անվտանգ ելքն էր. ասաց Շահրամանյանը։
1․ Զինվորականները, նաև բնակչությունն իր ունեցվածքով ու մեքենաներով կարող էին ապահով հեռանալ։
2․Պետական համակարգի լուծարում, որի հետևանքով Արցախի Հանրապետությունը պետք է դադարի գոյություն ունենալ։
3․Մեր բնակչությունը, ծանոթանալով ադրբեջանական կողմի ներկայացրած ինտեգրացիոն ծրագրին, պետք է ինքնուրույն և կամավոր որոշեր՝ մնա՞լ, թե հեռանալ կամ վերադառնալ՝ ապրելու Արցախում։
«Բնակչությունը քննարկում է փաստաթղթի կետերը, բայց չգիտի դրանց ընդունման իրական պատճառը»,- ասաց Շահրամանյանը
Երևանը գիտեր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ ստորագրվող հրադադարի փաստաթղթի մասին։
Հնարավոր ռիսկերը, որոնք այն պարունակում էր, քննարկվել են Հայաստանի իշխանությունների հետ․ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։