Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայտարարության տեքստը հրապարակվել է աբխազական «Նուժնայա գազետա» լրատվամիջոցի Telegram ալիքում։
«Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Ա. Մինոսյանի, Գ. Տրապիզոնյանի, Է. Ռշտունու, Լ. Գալուստյանի հայտարարությունը.
«Իմ հրապարակային հայտարարություններում ես մի քանի անգամ նշել եմ, որ մենք լիովին և միանշանակ աջակցում ենք Վրաստանի միասնությանը և պետականությանը», – օրերս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց։ Ցինիկ է ոչ թե այն պատճառով, որ Աբխազիայի Հանրապետությունը, լինելով անկախ պետություն, կապ չունի ինքնիշխան Վրաստանի հետ, այլ այն պատճառով, որ մի քանի տարի առաջ Երևանը բարձրաձայն հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և թույլ չի տա Ադրբեջանի որևէ ոտնձգություն Ղարաբաղի տարածքի նկատմամբ։
Ցավոք, իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները ենթակա են կոնյունկտուրայի և հեշտությամբ փոխում են դիրքորոշումները, այդ թվում՝ համայն հայության համար այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին է Արցախի պետության գոյությունը։
Աշխարհի քաղաքական քարտեզից դրա անհետացման փաստն ամբողջությամբ պաշտոնական Երևանի «վաստակն» է, որն ամեն ինչ արեց ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կառուցելու գաղափարը կասեցնելու համար։ Հիշենք, որ դրա ստեղծման համար տասնյակ հազարավոր մարդիկ են զոհելլ իրենց կյանքը։
Փաշինյանի հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես դեմարշ մեր Հայրենիքի՝ Աբխազիայի Հանրապետության դեմ. Հայաստանի վարչապետի ասածը, անշուշտ, բացասական տպավորություն թողեց մեզ վրա և թողեց տհաճ հետհամ։
Պարոն Փաշինյանին հիշեցնենք, որ Անկախ Ապսնիում ապրում է 42 հազար ազգությամբ հայ քաղաքացի, բնիկ ժողովուրդը ստեղծել է բոլոր պայմանները մեր մայրենի լեզուն սովորելու, ինքնատիպ սովորույթներն ու ավանդույթները պահպանելու համար։ Մենք հպարտությամբ Աբխազիան անվանում ենք մեր հայրենիքը։
Եվ վերջում՝ Հայաստանն, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ։ Արդեն 30 տարի մեր բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը։ Եվ ի տարբերություն Փաշինյանի՝ Աբխազիայում չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կասկածի տակ դնեն ժողովրդի ընտրությունը և գրչի մեկ հարվածով ոչնչացնեն մի երկիր, որը նվաճվել է իր որդիների ու դուստրերի արյունով»,- նշված է Աբխազիայի խորհրդարանի հայ պատգամավորների հայտարարության մեջ։