Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ավելի քան համոզված է, որ եթե անգամ այսօր լրագրողին ոստիկանական «Գազելով» հարվածելու դեպքով ակնհայտ տեսանյութերի հիման վրա իրավական գործընթաց սկսվի, այն իր տրամաբանական ավարտին չի հասնի, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի։
Անդրադառնալով Civic.am-ի լրագող Դավիթ Լևոնյանի նկատմամբ հայտնի միջադեպին և իրավապահ համակարգի՝ դրան անմիջապես հաջորդած գործողություններին՝ իրավապաշտպանը նկատեց.
«Մեզ մոտ միշտ է այդպես եղել։ Այն լրատվամիջոցները, որոնք բոլոր ժամանակներում սպասարկել են իշխանություններին, եղել են արտոնյալ կարգավիճակում։ Կրկնում եմ՝ այդպես եղել է միշտ։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները նախկինում՝ ընդդիմադիր կամ ցուցարար եղած ժամանակ, նեղվում էին, նեղվում էին ոչ թե այն պատճառով, որ ոստիկանության կողմից իրենց նկատմամբ բռնություն էր կիրառվում, և լրագրողների նկատմամբ հետապնդումներ կային, այլ այն պատճառով, որ այդ հրամանն իրենք չէին տալիս։ Իրենց սրտնեղությունը նրանից էր, որ ինչ-որ մեկը հրաման է տալիս, և իրենց են ծեծում, ոչ թե իրենք են հրաման տալիս, որ ուրիշին ծեծեն։
Այլապես եթե գաղափարական մոտեցում ունենային, խնդիրներ տեսնեին, իրենք կգնային փոփոխությունների»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ 2018 թվականին գործող ռեժիմն ունեցել է աննախադեպ սատարում և ցանկության պարագայում իսկապես կարող էր գնալ շատ լուրջ փոփոխությունների
Ինչ վերաբերում է վերջին օրերին լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնություններին՝ մեր զրուցակիցը նկատեց.
«Անկեղծ ասած՝ շատ դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների գլխում, որովհետև դու կարող ես համաձայն չլինել մարդու վարքագծի հետ, բայց գոնե այն հասկանալի լինի։ Նիկոլ Փաշինյանի պարագայում ընդհանրապես ոչինչ հնարավոր չէ կանխատեսել կամ հասկանալ։
Բայց ակնհայտ է, որ տևական ժամանակ լրագրողների նկատմամբ նորմալ վերաբերմունք կար, այսինքն՝ ոստիկաններն ընկալում էին՝ կա օրենք, որը սահմանափակում է իրենց գործողությունները լրագրողների նկատմամբ։ Կամ եթե անգամ նրանք պետք է անցնեին ուժային գործողությունների, անպայման նախապես զգուշացնում էին լրագրողներին և օպերատորներին, հետևողական լինում, որ նրանցից որևէ մեկը հրմշտոցի մեջ չհայտնվի։
Սակայն այս պահին ոստիկանությունը տարբերակում չի դնում. կարծում եմ՝ հրահանգ կա ամեն գնով լռեցնել լրագրողներին։
Ես նայում եմ իրենց «սազանդարների» մեկնաբանությունները, և այդտեղ շեշտադրումը հետևյալն է՝ «Տեսեք, թե ովքեր են իրադարձությունները լուսաբանում»։ Իսկ ես միշտ հարցնում եմ՝ «Եթե ունեք կասկածներ, որ այս կամ այն լրատվամիջոցի ֆինանսավորումն այնքան էլ մաքուր չէ, ի՞նչ եք արել դուք, որպեսզի լյուստրացիա տեղի ունենա»։ Բառացիորեն ոչինչ չեն արել, հետևաբար իրենց կողմից այս խոսույթն օգտագործելը ոչ իրավական հիմք ունի, ոչ էլ բարոյական իրավունք ունեն այդպիսի որակումներ տալու»,- ամփոփեց Նինա Կարապետյանցը։