«Իրական Հայաստանի» իրական նպատակները
Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան ներկայանալն է, ասել կուզի՝ քեզանից հզորների ողորմածությանը հանձնվելը:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձից վերջին տարիների ընթացքում երբևէ լսե՞լ եք հայկական բանակի, հայ սպային, զինվորին վերաբերող անդրադարձ, վերլուծություն, դրվատանքի խոսք կամ գնահատական: Տեսե՞լ եք արդյոք լուսանկար բանակի զինվորականության հետ որևէ զորամասում 2020 թ.-ից հետո: Ոչ, քանզի նա փակել ու շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման: Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը:
Բանակի թեման ու բանակի կերպարները բացակայում են Հանրային հեռուստաընկերության եթերում: Դրա փոխարեն խեղկատակություններ՝ ինչքան ուզեք:
Ովքեր դեռ չեն կռահել, ասեմ, որ երկու օր առաջ Մոսկվայում հաղթանակի շքերթին առանց զորք երկրի ղեկավարի ներկայությունը կարգավիճակով հավասարազոր էր ներկաների գլխաքանակը չպակասացնելու ցանկությանը: Այլ խոսքով ասած, եթե չկա քո զինվորականությունը, ապա դու այդտեղ չպետք է լինես… Սա սոսկ արարողակարգ չի, սա պատիվ ու արժանապատվություն է, հասկացություններ, որոնք նույնպես բացակա կգրանցվեն «Իրական Հայաստանի» տեսլականում:
Հայկ Դեմոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն