«Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ»: Փետրվարի 16-ին ՀՀ կառավարության մամլո սույն հաղորդագրությունից հետո Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը ֆբ հարթակում պարզաբանում գրեց՝ « Հանդիպումին չէին մասնակցած ո՛չ Գերմանահայոց թեմը, ո՛չ անոր 16 եկեղեցական միութիւններէն մէկը, ո՛չ ալ Գերմանահայոց կեդրոնական խորհուրդը կամ անոր անդամ համայնքային կազմակերպութիւններէն որեւէ մէկը։ Բացակայ էին նաեւ «Հայաստան» հիմնադրամը, Գերմանահայ իրաւաբաններու, Հայ բժիշկներու, Հայ եւ եվրոպացի մասնագետներու, Հայ գործարարներու, Հայ ակադեմիականներու միութիւնները, ՀԲԸՄ -ն,, ՀՕՄ-ը, Հ.Մ.Ը.Մ.-ը, հայ երիտասարդական տարբեր միութիւններ եւ այլ կազմակերպութիւններ: Չկար մէկ ճանչցուած անձնաւորութիւն կամ մտաւորական»։
Նրա հետ մեր ծավալուն զրույցը՝ ստորեւ:
-Պարոն Շպանգենբերգ, Դուք 2022 թվականի մայիսից ղեկավարում եք Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ)՝ հայերին համախմբող համայնքային ամենամեծ կազմակերպությունը, որի անդամները ազատ են՝ որեւէ կուսակցության անդամակցելու հարցում: Որքան հիշում եմ, ԳԿԽ-ը ՀՀ դեսպանության հետ միշտ համագործակցել է, Հայաստանից որեւէ պաշտոնյայի այցի կամ հանդիպման ժամանակ միշտ հրավեր է ստացել: Այս անգամ հրավեր չե՞ք ստացել: Ձեր թվարկած կազմակերպություններին հրավեր չի՞ ուղարկվել, տեղյակ չե՞ն եղել:
-Կրնամ նախ ԳԿԽ-ի անունից խոսիլ: Մենք հրավեր չենք ստացած: Տեղյակ եմ, որ Գերմանահայոց թեմը չի ստացել, Իրավաբանների միությունը չի ստացել, կարծում եմ, շատերը չեն ստացել, բայց վստահ պնդել ՝ կդժվարանամ: Սակայն հստակ է, որ թվարկածս կազմակերպությունները կառավարության տարածած լուսանկարում չկան:
– Այդուհանդերձ ձեր նշած կազմակերպությունները չէին հրավիրված, իսկ հանդիպման ներկաները գերմանահայ համայնքում շատ ճանաչված չեն: Ավանդական սփյուռքից ներկայացուցիչներ կայի՞ն: Հանդիպման մասնակիցների մեծ մասը կարծես Հայաստանից է տեղափոխվել Գերմանիայում բնակության:
-Կարծես այդպես է: Ներկաների մեջ անհատներ կան, որ Մյունխենի համայնքեն են, ծանոթ եմ, բայց ոչ մոտեն: Նորընտիր վարչութենեն նորընտիր փոխատենապետուհին ներկա էր, նաեւ նախկին նախագահը, բայց նոր վարչությունեն շատերը ներկա չէին: Ներկաներն իբր անհատ ըստ երեւույթին հրավիրված էին: Ինչպե՞ս ստացած են հրավերը, չեմ գիտեր, բայց հիմնական կառույցները, միությունները կա՛մ տեղյակ չեն եղած, կա՛մ չեն հրավիրված, կա՛մ ալ՝ մերժած են, չիկային: Այս պարագային խոսիլ, թե «վարչապետը հանդիպում ունեցած է գերմանահայ համայնքի հետ», կարող է քիչ մը սխալ տպավորություն փոխանցել: Գերմանահայ համայնքի կարեւորագույն կառույցները՝ առաջնորդարանը եւ ԳԿԽ–ն երկու շաբաթ առաջ նամակով դիմած են վարչապետին՝ իրենց մտահոգությունները հայտնելով, պատասխանը կրնային այդտեղ ստանալ:
-Եթե հրավեր ստանայիք, կգնայի՞ք հանդիպման՝ հարցերի պատասխանները ստանալու:
-Անիկա այդ վայրկյանին պիտի որոշեինք: Քանի որ ուրիշ մտահոգիչ երեւույթներ կան. տեսնելով ինչպես վարվեցան Զվիցերիո (Շվեյցարիայի) հայ համայնքի հետ, ԱՄՆ-ում, Փարիզում, կրնամ ըսել պիտի չերթայի, բայց իբրեւ կազմակերպություն՝ վարչության որոշումը պիտի առնեի: Այդտեղ խաղ կխաղցվի, կուզեն տպավորություն ձգել՝ քննադատական հարցերի, այլ լուրջ հարցումներու, երկխոսության պակասը կա: Եթե կուզեն, կրնան մեր հարցուցած հարցերուն պատասխանները ղրկել:
– Գիտեի՞ք, որ վարչապետի հետ հանդիպում է կազմակերպվում: Կարո՞ղ է թյուրիմացություն լինել, ասենք հրավերն ուղարկվել է, բայց տեղ չի հասել: Ի՞նչը կարող է լինել հրավեր չստանալու պատճառը:
-Եթե անկեղծ ըսենք, հրավերի հարց ալ չէ: Վերջին շաբաթները տեսանք, որ Ցյուրիխի մեջ, ԱՄՆ-ում, Փարիզում հանդիպումներ տեղի ունեցան: Շատ բան հասկցանք՝ ինչ տեսակ կկազմակերպվին այդ տեսակ հանդիպումները: Ովքե՞ր ներկա կըլլան, չեն ըլլար, պայմաններն ի՞նչ են: Մեզի բավական լուրեր հասան: Բովանդակային իմաստով վարչապետի կողմե բավական սուր հայտարարություններ եղան, որ գերմանահայ համայնքին ալ մտահոգեցին: Մանավանդ ցեղասպանության, ինքնության հարցի վերաբերյալ հայտարարությունները մտահոգիչ մթնոլորտ ստեղծեցին գերմանահայ համայնքին մեջ: Այս առումով Գերմանահայոց առաջնորդ Սերովբե սրբազանը, ես՝ իբրեւ ԳԿԽ ատենապետ խորհրդակցեցանք, Գերմանիո հայ մտավորականներու, կազմակերպություններու ղեկավարներու ժողով գումարեցինք՝ գիտնալու համար, թե հայ համայնքը ինչպե՞ս պիտի արձագանքե այդ մտահոգություններուն: Ընդհանուր խոսակցությունեն զատ մոտ երկու շաբաթ առաջ Գերմանահայոց թեմի առաջնորդի հետ նամակ մը ուղարկեցինք ՀՀ վարչապետին, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանին: Ադկե քանի օր ետք տարածեցինք նաեւ մեր միացյալ մամլո հաղորդագրությունը:
-Այդ հաղորդագրությունը հրապարակեցին հայաստանյան ԶԼՄ-ները: https://azg.am/news/%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%a9%d5%a5%d5%b4%d5%ab-%d5%a5%d6%82-%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8/
Դուք նշել էիք վարչապետի արտահայտությունների վերաբերյալ ձեր անհամաձայնությունը, ակնկալելով խոսել հարցերի շուրջ՝ բացառելով սակայն Հայոց ցեղասպանության ուրացումը, ռեւիզիոնիզմը: Ճի՞շտ է:
-Այո, մենք պատրաստ ենք նստելու եւ խոսելու. Մտահոգիչ արտահայտությունները նոր երես առած են, որը կվտանգե սփյուռքյան էությունն ու ինքնության հարցը: Չենք կրնար լռիլ: Անշուշտ կարող ենք ենթադրել, որ ասոր հիման վրա մեզի հրավեր չէ ուղարկված, բայց հրավերի հարցն ալ ադքան էական չէ: Իմ անկեղծ կարծիքս հետեւյալն է՝ այս հանդիպումները ուրիշ նպատակ ունին՝ ներկայացնել «իրական Հայաստանի» նոր գաղափարախոսություն մը, որ խորքին մեջ վտանգներ կպարունակե, ինչպես նշեցի: Եթե անկեղծ խոսինք՝ սփյուռքյան այսպես կոչված հանդիպումները համայնքներու ներկայացուցիչներու հետ շոուի մեկ տեսակ մըն է:
-Չենք կարող մոռանալ այն հանգամանքը, որ Դուք՝ հարգելի Յոնաթան Շպանգենբերգ, գերմանացի եք, եւ այսօր Բեռլինում բնակվելուց առաջ, ամենահայկական գաղթօջախում՝ Լիբանանում հայոց դպրոցում մկրտված «սփյուռքահայ» եք: Աշխատանքի բերումով ձեր գերմանացի ծնողները Այնճար էին տեղափոխվել, Դուք էլ լիբանանահայ կին ունեք, երկու որդի, որոնք երկու ինքնություն ունեն: Դուք պահել եք ձեր գերմանական ինքնությունը, սակայն ծառայում եք գերմանահայ համայնքին: Գերմանիան զգայուն վայր է: Դուք երբեւիցե լսե՞լ եք Իսրայելում եւ Գերմանիայում ապրող հրեական համայնքի միջեւ նույնաբնույթ հարցերի արծարծում:
-Երբեւէ այսպիսի հարցերի քննարկում չեմ լսած: Այս նոր մոտեցումը կփորձե հայոց, մանավանդ՝ սփյուռքյան իրականության սյուներուն հետ խաղալ: Ցեղասպանությունից փրկված, վերապրող հայությունը Գերմանիա եկած է սփյուռքի գաղթօջախներում՝ Սուրիա, Լիբանանում հաստատվելուց հետո, հետո Թուրքիայեն եկած հայերն են մաս կազմել համայնքին, պարսկահայերըեւ անշուշտ 1990-ականներեն ետք, ԽՍՀՄ փլուզումեն վերջ՝ Հայաստանեն հայեր եկան Գերմանիա: Հայաստանին մեջ ալ շատ թվով հայեր ցեղասպանության վերապրողների ժառանգերն են: Հավաքական հիշողությունը կենտրոնական տեղ ունի: Չեմ տեսած հրեա մեկը, որ հարցման տակ կդնե հրեաներու հանդեպ ցեղասպանությունը: Չեմ ուզեր բաղդատել հրեաներուն եւ հայերուն իրականությունն այս գետնին վրա, միայն կուզեմ ըսել՝ եղածը շատ վտանգավոր է, եւ իր վնասները հասցուցած է արդեն: Մեկ օրինակ՝ Գերմանիո մեջ Յություբի (YouTube) վրա հանդիպեցա գերմաներեն պատրաստված տեսանյութ մը, ուր վարչապետի Ցյուրիխի հայտարարութենեն ետք արդեն Հայոց ցեղասպանությունը ժխտական ներկայացված է, այդ տաբուն մեկը կտրեց: Այսպիսի վտանգավոր բան մը չեմ կրնար երեւակայել, որ հրեական իրականության մեջ տեղի ունենա:
– Վերջին տարիներին ՀՀ դեսպանությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, ոգեկոչման երեկոների համակազմակերպիչն է եղել: Վարչապետի՝ հայ համայնքի հետ ցյուրիխյան, ամերիկյան հանդիպումներից հետո Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Առաջնորդարանը 110-ամյակի առաջիկա միջոցառումները որոշել է կազմակերպել առանց դեսպանության: Վերջինիս նախկին տարիների նման հրավիրում եք մասնակցելու Բեռլինում եւ Մայնի ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում նախատեսված հիշատակի արարողություններին: Համագործակցությունը չի ընդհատվում:
– Վերջին 7 տարին, մանավանդ սուրբ Պողոսի տաճարին մեջ անցկացվող հիշատակի արարողությանը ՀՀ դեսպանությունը դարձած էր համակազմակերպիչ: Ատկե շատ առաջ հուշահանդեսները ԳԿԽ էր կազմակերպում, վերջին 30 տարին Առաջնորդարանն էլ միացավ, եւ ՀՀ դեսպանությունը հրավեր ստանալով միշտ ներկա կըլլար: Բավական լավ համագործակցած ենք այս ծիրեն ներս: Այս տարի ալ կխորհեինք միասին կազմակերպել ապրիլ 24-յան միջոցառումները: Առցանց հանդիպում ունեինք դեսպան Ենգիբարյանին հետ, իրեն հաղորդեցինք, որ վարչապետի հայտարարություններու պայմաններուն տակ չենք կրնար այլ որոշում առնել՝ իբրեւ համակազմակերպիչ ընդունել: Կարեւոր քայլ մըն էր, որ մեզնից յուրաքանչյուրն իր որոշումն առավ, այն արտահայտեց դեսպանի հետ զրույցի ժամանակ: Աս չի նշանակեր, որ կխզենք կապերը ՀՀ դեսպանության հետ:
-Մեր թշնամու՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությունն է, որ Սփյուռքը կապը խզի դեսպանության, Հայաստանի հետ: Սփյուռքը վերապրողի ուժ եւ իմաստնություն ունի՝ այդ որոգայթը հեռացնում է: Բավարար համարու՞մ եք գերմանահայ համայնքի ակտիվությունը՝ Արցախի, ռազմագերիների եւ պատանդների ազատարձակման համար աշխատանքը: Մյունխենում ավարտվեց անվտանգության 61-րդ համաժողովը: Հրեաներից չենք սովորում՝ ամենուրեք առիթը չփախցնել, պատանդների տունդարձի պահանջը հնչեցնել հնարավոր բոլոր հարթակներում: Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանից ակնկալվում էր նրանց մասին հիշեցում: Հայ համայնքն էլ կարող էր տարբեր վայրերում, նաեւ Մյունխենի փողոցներում հիշեցնել Բաքվում մեր ռազմագերիների, պատանդների մասին: Մյուս կողմից՝ հինգշաբթի օրվա ահաբեկչական գործողությունը միգուցե պատճառ դարձավ, որ փողոցում նման գործողություններից զգուշանան: (Ինչպես ծանուցել ենք «Ազգի» փետրվարի 14-ի համարում, 24-ամյա մի աֆղան ավտոմեքենայով մխրճվեց Մյունխենում ցուցարարների բազմության մեջ՝ վիրավորելով 39-ից ավելի ցուցարարի, ծանր վիրավորներից երկուսը՝ 2- ամյա մի աղջիկ, նրա 37-ամյա մայրն ավելի ուշ մահացան հիվանդանոցում-Ան. Հ.):
– 2024-ի ապրիլի 24-ին, երբ Մորենո Օքամփոն Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում հյուր բանախոսն եղավ, այնուհետ Բեռլինում, Բունդեսթագում տարբեր հանդիպումներ, իրավապաշտպան կառույցների հետ ասուլիս տվավ Արցախի հարցի, ռազմագերիների ազատարձակման թեմայով, առիթ ստեղծվեցավ հանդիպիլ Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին նախագահ Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այդ հանդիպմանը ներկա էի եւ, այլ նյութերի կողքին բարձրացվեցավ հատկապես հայ պատանդների, ռազմագերիների թեման Բաքվի մեջ: Իշինգերն 2024-ին մեզ ուշադրությամբ լսեց եւ ըսավ, թե տեղյակ է եւ կօգնե այդ հարցով: Նա խնդիրը չանտեսեց, լրջորեն ընդունեց Օքամփոյի ասածը, այլ փակագծեր չեմ կրնար բացել: Այս աշխատանքը Գերմանիո քաղաքական դաշտեն ներս մեր կարելիություններուն համեմատ կընենք: Մեր հնարավորություններն ալ ադքան հզոր չեն, բայց հարցը բարձրագույն օղակներուն մեջ ներկայացուցած ենք: Ցույցերն ալ մաս կկազմեն ընդհանուր ռազմավարության: Ամեն ինչ հրապարակային չէ սակայն: Այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովին մեծ առիթ էր ռազմագերիների, պատանդների հարցը ներկայացնել տարբեր շրջանակների միջոցավ: Վարչապետը միշտ կխոսի, թե ՀՀ քաղաքացիներուն կպաշտպանե: Բաքվի բանտերում ՀՀ քաղաքացիներ են, կարող էր այս հարցի մասին խոսել: Վերին խավերն ալ հարցին տեղյակ են եւ եթե մեր պահանջը, աշխատանքը տարբեր կողմերեն գա՝ պետությունը, սփյուռքը մասնակցին, կհաջողինք: Համագործակցած ենք մարդու իրավունքների պաշտպան գերմանական տարբեր հաստատություններու հետ, եւ իրավացի եք, ավելին կրնանք ընել: Պզտիկ ցույցերը նույնիսկ կրնան արդյունավետ ըլլալ: Պիտի ավելին ընենք: Ուրախ պիտի ըլլայի, եթե Մյունխենի մեջ վերջին համաժողովի ժամանակ ռազմագերիներին ազատ արձակելու մեր պահաջը ներկայացուցած ըլլայինք: Գիտեի, որ հայ համայնքի խումբ մը ակտիվիստներ կպատրաստվեին պատանդների վերաբերյալ ուշադրություն հրավիրել, սակայն հինգշաբթի օրվա ահաբեկչական դեպքը զգուշավոր դարձուց: Միջազգային համաժողովներու ընթացքին պիտի այս հարցը թիրախավորել, որ չմոռցվի: Համաշխարհային գետնի վրա հայերը բավական աշխատանք տարած են այս ուղղությամբ: Տարբեր խմբեր կաշխատին այս նպատակին շուրջ, սակայն նորեն պետք է ամեն անհատ մտածե՝ ի՞նչ ձեւով կրնա մասնակցիլ: Բոլորիս մասնակցության պարագային պիտի հաջողություն ունենա: Չէ՞ որ տեղի ունեցածն ահավոր է: Չեմ կրնար երեւակայել անձ մը, որ կանտեսե մեր հայ եղբայրներու այսպիսի ողբերգությունը, անկախ քաղաքական կեցվածքից: Իրենց տեղը Բաքուն չէ: Իմ տպավորությամբ՝ պետական մակարդակով աս հարցն անտեսած են:
-Պարոն Շպանգենբերգ, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը համագործակցո՞ւմ է գերմանահրեական կենտրոնական խորհրդի հետ: Միգուցե նրանք աջակցեն ռազմագերիներին ազատարձակելու հարցում, իրենք էլ պատանդներ ունեն, ուստի զգայուն են՝ ավելի լավ կհասկանան մեզ:
-Այդպիսի համագործակցություն տակավին չկա: Անցյալին կրնա եղած ըլլալ: Հետաքրքրական գաղափար է: Ռազմագերիներու հարցը մարդու իրավունքներու խնդիր է, պիտի փորձենք: Շատ մտահոգիչ է նաեւ Հայաստանի վրա կախված վտանգը: Խաղաղության պայմանագրի գործընթացը ողջունելի է, բայց արդյունքի չէ հասած, միշտ նահանջ մը կա: Ադրբեջանը վերջիվերջո ցեղասպանական քաղաքականություն կվարե հայության հանդեպ: Մենք չենք կրնար ուրանալ տեղի ունեցածը՝ թե՛ Արցախի կորուստը, թե՛ նոր զարգացումները, Հայաստանի անմիջական անվտանգությունը: Այս ընդհանուր ծիրին մեջ պետք է տեսնենք նաեւ ռազմագերիներու հարցը: Օքամփոյի բնութագրմամբ, անոնք ցեղասպանության զոհեր են, քանի որ նրանց հանդեպ արդարադատություն չի իրականացվում:
-Գերմանիան ընտրությունների շեմին է: Անկախ այն հանգամանքից, թե քաղաքական որ ուժը կընտրվի փետրվարի 23-ին, ԳԿԽ համագործակցելու՞ է:
-Անշուշտ: Մենք կփորձենք մեր հնարավորություններու համեմատ ամեն բան ընել: Անկախ ընտրության արդյունքեն, պիտի խորացնենք համագործակցությունը Գերմանիո քաղաքական ուժերու հետ, նոր կապեր ստեղծենք: Մոտեն կհետեւինք ընտրապայքարին, մասնավոր մեկ կուսակցության չենք սատարեր: Հայ համայնքին, Հայաստանին վերաբերող կոնկրետ հարցերու շուրջ կրնանք համագործակցել:
Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, Գերմանիա