Քննչական կոմիտեն հերթական անգամ դատարան է ուղարկել բլոգեր Միքայել Բադալյանի քրեական գործը:
Ավելի վաղ դատախազությունը գործն ուղարկել էր նախաքննության։
«Բանն այն է, որ դատարանում նիստը դռնբաց է, քանի որ պաշտպանական կողմն ունի բոլոր ապացույցները, որ ոչ միայն կալանքը, այլև քրեական գործի հարուցումն անօրինական է, մեղադրողը տանուլ է տալու։ Դատախազն ամեն ինչ կանի դատական նիստը ձգձգելու համար։
Այս գործը խայտառակություն է լինելու ԱԱԾ-ի և դատախազության համար, ամենահետաքրքիրն այն է, որ իրենք դա գիտեն, պարզապես ժամանակի հետ են խաղում»,-այս մասին այսօր տեղեկություն է տարածվել բլոգերի տելեգրամ ալիքում:
Նշենք, որ հուլիսի 18-ին Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 20 օրով:
Ավելի վաղ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ կալանքը չի կարող երկարաձգվել, քանի որ նոր քրեական օրենսգրքում չկա այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիօտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։