Շուկայում առևտուր անենք, հետո պարզենք, որ վաճառողը աչքներս գողացել, շատ փող է վերցրել, կասենք՝ սրիկա, խաբեբա էր։
Պաշտոնյան ատկատով փող ուտի, կասենք՝ թալանչի է։
Բժիշկը սխալ բուժում նշանակի, հիվանդի վիճակն ավելի վատանա, կասնք՝ անգրագետ, անպատասխանատու մարդ է, բժիշկ կոչվելու իրավունք չունի։
Բայց որ երկրի ղեկավարը, իբր հասարակ մի մահկանացու, ժողովրդի ծոցից դուրս ելած, քայլում է ժողովրդի մեջ՝ ջինսով ու շապիկով, շորտեր հագած կնոջ հետ նստում է հանրային տրանսպորտ, որպես սովորական ուղևոր՝ մի կանգառ գնում, բայց գիտես, որ այն փողոցը, որտեղով անցնում է նա, 1 կմ շառավղով անվտանգության աշխատակիցները «սանրել են» վաղուց, շենքերի կտուրներին դիպուկահարների տեղավորել իրենց թաքստոցներում, շուրջբոլորը ինչքան համազգեստով ոստիկան կա, տասնապատիկ այդքան էլ ոչ համազգեստով ոստիկան ու անվտանգության աշխատակիցներ կան, այսինքն՝ քեզ ու ամբողջ ժողովրդին նա խաբել է, թե մեն-մենակ է շրջում քաղաքում՝ առանց վերահսկողության ու անվտանգության աշխատակիցների, ասում ենք՝ քաղաքականություն է։
Խաբեբաներին ասում ենք՝ խաբեբա են, բայց երկրի ղեկավարը խաբում է, ասում ենք՝ քաղաքականություն է, «աշխատող» PR, «ժողովրդին համոզող» տեխնոլոգիա։
Ի դեպ, լավ էլ աշխատում են PR-ն էլ, տեխնոլոգիան էլ։ Ժողվարչապետի ու նրա կնոջ՝ որպես շարքային քաղաքացի, Ազգային պատկերասրահ այցելելու, փոցում քայլելու, ավտոբուս նստելու նկարների տակ հազարավոր «սրտիկներ» ու «լայքեր» կան, իսկ գովաբանող մեկնաբանությունները… «Մեր վարչապետն ու նրա կինը մեզնից ոչնչով չեն տարբերվում», «Հասարակ, սովորական մարդիկ եք, դրա համար էլ հրաշք եք դուք», «Մեր սիրելի վարչապետն ու նրա գեղեցկուհի կինը մեզանից մեկն են»…
Գլխի էլ չեն ընկնում, որ ժողվարչապետը ձեռքի հետ էլ ՔՊ-ի իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի PR-ն է անում՝ նոր ավտոբուս, 100 դրամը գցում ես արկղը, «էս ինչ սառը, լավ ավտոբուս ա» ասում ու մտնում։
Այդպիսին է իշխանությունն ատամներով պահելու քաղաքական բեմը՝ այնպես են խաղում, ասես չեն խաղում, իսկ թե ինչ է կատարվում կուլիսներում, սատանան գիտի։