Պետք է հողին հանձնել «խաղաղության դարաշրջան» գաղափարը և սկսել բանակի վերականգնումը. հայտարարեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա ասուլիսի հերթական ուղերձն էր՝ պետք է զինվել, զենք գնել, խնդիրն այն չէ, որ Ադրբեջանն ուժեղացել է, խնդիրն այն է, որ Ադրբեջանը տեսնում է, որ մենք թուլացել ենք և մեր առաջ ուժեղանալու, զինվելու նպատակ չենք դրել. «Ինչո՞ւ, օրինակ, Հայաստանը դեռ չի գնել Իրանից հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք այժմ հաջողությամբ օգտագործում է Ռուսաստանը։ 10 տարի նախագահ եմ եղել, երբեք զենք գնելու խնդիր չեմ ունեցել, չգիտեմ՝ սրանք ո՞նց են աշխատում»։
Ռոբերտ Քոչարյանը դժվարացավ ասել, թե ընդդիմությունն ինչու հաջողության չհասավ։ Նա ընդունում է, որ ժողովրդի մեծ մասի շրջանում իր նկատմամբ վախ կա, թե եթե ինքը գա իշխանության, իբր պատերազմ կսկսվի։ Բայց, հասկանալի է, որ այս թեզը տարածողը հենց իշխանոթյունն է։
«Ես եւ Երրորդ նախագահը հարթակին չենք եղել, որ հին-նոր, հայաստանցի-արցախցի թեման առաջ չբերենք»,- ասաց Քոչարյանը՝ իր անձի ու կերպարի նկատմամբ ժողովրդի մի մասի հակակրանքի փաստն ընդունելով։
Նրա համոզմամբ՝ կապիտուլյացիան չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, չի կարող երկարատև խաղաղություն բերել այն երկրների հետ, որոնք մեզ թշնամի են համարում։
«Միայն պայքարողի համար է դուռ բացվում, կտրականապես համաձայն չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ»,-ասաց Քոչարյանը՝ հակադարձելով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե եթե հապաղենք ու մեզ առաջարկվող բարդ ու ցավոտ լուծումներից մեկը չստորագերնք, ապա, երկիրն ամբողջությամբ կկորցնենք, իսկ եթե ստորագրենք, կունենանք երկարատև խաղաղություն։
Անդրադառնալով կաթողիկոսի հրավիրած հավաքին, որին ներկա են եղել Հայաստանի ու Արցախի նախագահները, Քոչարյանը նշեց.«Մենք պայմանավորվել ենք, որ չենք բացահայտում այդ քննարկումների մանրամասները, և ես հիմա դա չեմ կարող անել: Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկ է արել։ Ի դեպ, այն թուղթը, որ ինքը իր հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել, այդպիսի բան մեզ չի ներկայացվել: Ուղղակի ինքը միգուցե այդ բովանդակությունը փորձել է որպես տեսակետ արտահայտել: Երկու հայտարարություն չենք քննարկել: Քանի որ երևաց՝ տարաձայնությունը բավական խորն է, միանգամից առաջարկ եղավ, մի հայտարարություն անել, որը դուռը բաց կպահի այդ ֆորմատի աշխատանքի շարունակության համար»:
«Չի կարելի պետությունը մուրացկան սարքել, թույլերին, խեղճերին ոչ ոք չի սիրում»,- նկատեց Քոչարյանը և ավելացրեց, որ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի «հոգեհանգստի» ելույթ էր։ Իսկ հոգեհանգստին հանգուցյալին ոչ ոք առողջություն չի մաղթում։
Նա վտանգներ է տեսնում նաև Հայաստանի արտաքին քաղաքականության որդեգրած վարքագծում։ Ակնհայտ է, որ իշխանությունների այսօրվա դիրքորոշումն արևմտամետ է ու ռուսամերժ։ Նախագահը զգուշացրեց. «Այսօր տարվող հակառուսական մեծ քարոզը մեզ լավ տեղ չի տանելու։
Մենք բանակցությունների սեղանի վրա ենք, այլ ոչ թե այդ սեղանի շուրջ. նորից հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանը։