Գլխավոր խաբեբան ելույթ է ունեցել ԱԺ կոչված տաղավարում և հայտարարել, որ պետության հիմնական ֆունկցիան քաղաքացիների կենսամակարդակն է, հավաստիացրել է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները հարստանան։
Այդ անձի հետ որևէ քաղաքական կամ տնտեսական զրույց ուղղակի անհնար է՝ նրանում տնտեսական գիտելիքների տոտալ բացակայության պատճառով, բայց կան հարցեր, որոնք գոնե մեկնաբանության կարիք ունեն։
Ժողովրդի հարստանալն ինչպե՞ս է նա պատկերացնում, եթե՝
1.Արտարժույթի, ԱՄՆ դոլարի փոխարժեքի 25 տոկոսով նվազելու պարագայում, գազ և հոսանք սպառող քաղաքացիների համար դրանց սակագները չնվազեցին։
ԱՄՆ դոլարի 25 տոկոս նվազելու պարագայում, դրանց դիմաց քաղաքացիների՝ ՀՀ դրամով չնվազած վճարվող գումարները էլ ավելի հարստացրեցին բնական մենաշնորհների տեր կապիտալիստներին և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում։
2. 2025 թվականի հունվարի 1-ից կրկնակի անգամ բարձրացվում է շրջանառության հարկի տոկոսադրույքը՝ 5 տոկոսից դառնալով 10 տոկոս: Այդ հարկատեսակի դաշտում գործող 60 հազար տնտեսվարող և նրանց ընտանիքի փոխկապակցված անձինք էական կորուստ կունենան եկամուտների մասով։
3. 2025 թվականի հունվարի 1-ից մոտ 3 անգամ կբարձրանա Երևանում հանրային տրանսպորտի սակագինը՝ 100 դրամի փոխարեն դառնալով 300 ՀՀ դրամ։ Մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ ամսական նվազագույն 10 000 դրամի փոխարեն ստիպված կլինի վճարել մոտ 28 000 դրամ, իսկ 4 անձից բաղկացած ընտանիքը տրանսպորտի համար ամսական կծախսի 112 000 դրամ։
4. Իբր հարստացող և սեփական տուն կառուցող քաղաքացիներ՝ գազի ու էլեկտրաէներգիայի աբոնենտ դառնալու վճարների մասին խոսելն արդեն անիմաստ է, քանի որ էլեկտրական ցանցին միանալու սակագինը դարձել է 260 000 դրամ, իսկ գազամատակարարման ցանցին միանալու հաճույքը տատանվում է 1 միլիոն դրամի սահմաններում։
Թվարկված միայն չորս խնդիրները վկայում են, որ մարդկանց պարզապես ծաղրում են, երբ արտադրության միջոցներ չունեցողներին ներշնչում են,որ նրանք «հարուստ են»։ Տնտեսությունը չի հանդուրժում սուտը, տնտեսական օրենքները անվտանգության մասին խաբեբայություններով չեն կարող շրջանցել։
Անգամ աենահամեստ գիտելիք ունեցող քաղաքացին հասկանում է, որ երկիրը մի կուսակցության և նախկին օլիգարխների հարստացմանն է ծառայում։
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ