Այսօր, կիրակի, հունվարի 26, զինվորականներով լեցուն էր Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տաճարը, որտեղ Բանակի օրվան ընդառաջ մատուցվում էր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Սբ. Պատարագ՝ ձեռամբ Բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Մովսես վրդ. Սարգսյանի։
Պատարագից ու պատշաճ քարոզից եւ Վեհափառ Հայրապետի խոսքից հետո ավելի քան 40 բարձրաստիճան զինվորականներ Մայր սեղանի դիմաց աղոթելուց հետո պատարագիչ Հայր Սուրբի ձեռամբ ստացան Սբ. Հաղորդություն եւ օրհնությունը Վեհափառ Հայրապետի։
Ազդեցիկ էր պահը, որով մեկ անգամ եւս շեշտվեց, որ Մայր Հայրենիքի պաշտպան հայկական բանակը, իր սպայական կազմով թե շարքային զինվորներով, հակառակ Հայ եկեղեցու ու Մայր Աթոռի դեմ գործող իշխանությունների բարբաջանքներին, հավատարիմ են մնում Հայ դարավոր եկեղեցու դավանանքին, ավանդույթներին, ազգային առաքելությանը։
«Ազգ»