Անկախ ամեն ինչից՝ ՀՀ իշխանություններն ունեն արտաքին քաղաքականության որոշակի առաջնահերթություն, և այդ առաջնահերթությունը Ռուսաստանի Դաշնությունը չէ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այն հայտարարությանը, որ չնայած Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում, Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա լուծելու Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները։
«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ՀՀ այսօրվա իշխանությունների համար հետաքրքիր են այնքանով, որքանով դրանք առնչվում են հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին։ Իհարկե, տնտեսությունը քաղաքականությունից անջատ չէ, և հատկապես ներկա աշխարհաքաղաքականությունը հիմնված է տնտեսությունների և տնտեսական առաջնահերթությունների վրա, սակայն նաև ՀՀ իշխանությունների կողմից նկատում ենք տնտեսական քաղաքականության որոշակի կերպափոխում, որն ի վերջո պետք է հանգեցնի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառության որոշակի նվազման և նվազող մասի արտահանումը դեպի այլ շուկաներ՝ մասնավորապես արաբական և հատկապես ԵՄ շուկաներ»,- ասաց Արա Պողոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ հասկանալի հանգամանք է, որ ներկա փուլում հայ արտադրողներն ի վիճակի չեն բավարարելու ԵՄ շուկայական պահանջները և եվրոպական ստանդնարտները, և եվրոպական շուկայում կայուն տեղ զբաղեցնելը բավական երկարատև ու դանդաղ գործընթաց է լինելու։
«Սրանով պայմանավորված՝ կարծում եմ ՀՀ իշխանությունները որոշակի քայլերի միջոցով կփորձեն տնտեսական ասպեկտում պահել հայ-ռուսական հարաբերությունների որոշակի առաջնահերթություն, բայց դա, կարծում եմ, էպիզոդիկ կլինի՝ մինչև այն պահը, երբ ՀՀ տնտեսությունն ի վիճակի կլինի ներգրավվել արևմտյան տնտեսական նախագծերի մեջ։
Այն լավատեսությունը, որն ունի Հայաստանում ՌԴ արտակարգ և լիզոր դեսպանը, կարծում եմ՝ քիչ արդարացված է, որովհետև այդ հարաբերություններն անդառնալիության կետն այլևս անցել են. անցել են այն իմաստով, որ ՀՀ իշխանությունները հաճախ արդարացիորեն Ռուսաստանին հիշեցնում են իր պարտավորությունների մասին, որոնք չեն կատարվում։
Իսկ ահա Ռուսաստանի կողմից խութերը շրջանցելու փորձերն ինքնին խոսում են հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի մասին։ Հանուն արդարության՝ պետք է ասել, որ ՀՀ իշխանությունների կողմից այս մասով մեղադրանքները Ռուսաստանին լիովին լեգիտիմ են, և ռուսական կողմը սրանց պատասխան չունի»,- նշեց Արա Պողոսյանը՝ կրկին շեշտելով, որ հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական ասպեկտը կպահպանվի, և միայն այդ ասպեկտով փորձեր կարվեն ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների որոշակի առաջնահերթություն պահպանել. դրանից դուրս ՀՀ իշխանությունները կփորձեն լիովին շրջանցել հայ-ռուսական հարաբերությունների մնացած ասպեկտները՝ անվտանգային հարաբերություններ, միջազգային տարբեր կազմակերպություններում հայ-ռուսական հարաբերություններ և այլն։
Անդրադառնալով ռռուսաստանահայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու թեմային՝ մեր զրուցակիցը նշեց՝ խնդիրը ոչ թե վերջինիս ռուսամետ էությունն է, այլ նրա վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ։
«Եվ սրանով պայմանավորված՝ չեմ կարծում, որ նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է դիտարկենք որպես իշխանությունների վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ։ Սա անձնավորված խնդիր է, և ես այս հարցը չէի կապի ՀՀ քաղաքականության հետ՝ հատկապես հայ-ռոսւական հարաբերությունների հետ»,- ասաց Արա Պողոսյանը։