Հայաստանը պատրաստ է արդեն այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով տեղի ունեցող նիստի ընթացքում:
«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղի դուրս բերելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։
Այս տարի մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում, և մասնավորապես, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի երեք հատվածներում իրականացվել է սահմանազատում, և այդ հատվածներում խորհրդային ժամանակաշրջանի միջհանրապետական վարչական սահմանն արդեն վերարտադրվել է որպես սահմանազատված միջպետական սահման։ Սա, անկասկած, հաջողության օրինակ է։
Մեկ այլ կարևոր իրադարձություն տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 30-ին, երբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Հայաստանում ավարտվում է այս փաստաթղթի ընդունման ներքին պետական ընթացակարգերի գործընթացը, և այս ամսվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը կքննարկի այս փաստաթղթի վավերացման հարցը։ Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն արդեն հաստատել է ստորագրված կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ենթադրում է Խորհրդային Ադրբեջանի ողջ տարածքը, սահմանադրական է, ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան»,- հայտարարել է Փաշինյանը:
«Մենք ելնում ենք այն ամուր համոզմունքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի»,- հավելել է նա: