«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնում է, որ օգոստոսի 26-ին պաշտոնական նամակով դիմել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ նշանավոր ցեղասպանագետ Վ․ Դատրյանի լքված շիրմի խնդրով։
2019-ի օգոստոսին, հաշվի առնելով ականավոր գիտնականի մեծ վաստակը, Կառավարության որոշումով ստեղծվել էր պետական հանձնաժողով Վահագն Դադրյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և այստեղ հուղարկավորելու նպատակով։
Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորելուց հետո, գիտնականի շիրիմը հայտնվել է անտերության մեջ։ Հուղարկավորումից ուղիղ երեք տարի անց՝ 2022-ին, շիրմաքարի և հուշատախտակի բացակայության պատճառով անգամ անկարելի է գերեզմանը գտնել։
Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է.
Վ․ Դումանանին ուղղված նամակում խնդրել էի պատասխանել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վիճակը շտկելու համար։
Եվ ահա, պարոն նախարարից ստացել եմ պատասխան, ուր մասնավորապես արդարացվում է կացությունը՝ ասելով.
ա) Կառավարության կարգի համաձայն հանգուցյալի հարազատներից կամ նրանց կողմից լիազորված անձանցից 6-ամսյա ժամկետում աջակցության դիմում չեն ստացել:
բ) Գիտակցելով հարցի կարևորությունը՝ ՀՀ ԿԳՄՍ-ն իր լիազորությունների շրջանակում փորձում է կարգավորել խնդիրը։
Գուցեև Կառավարական տվյալ հանձնաժողովի անդամ չորս նախարարներն ու Երևանի քաղաքապետը չիմանային, որ Վ․ Դադրյանը ընտանիք չունիի․․․զավակներ չունի։
Բայց չէ՞ որ այդ հանձնաժողովի կազմում էր Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հ․ Մարությանը։ Ու անցնող երեք տարիների ընթացքում նրա մտքով չի էլ անցել հիշել մեծ գիտնականնին։ Դե, անիմաստ է նաև ակնկալել, որ նա կայցելեր շիրմին այն գիտնականի, որի ֆոնդերն, ի դեպ, հիմա իր ղեկավարած ինստիտուտն է տնօրինում։
Անիմաստ է նաև ակնկալել, որ նա կառաջարկեր կամ կպայքարեր, որ մեծ ցեղասպանագետը հուղարկավորվեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում, ինչ իմ կարծիքով, վստահ եմ՝ շատերի, արդար և Աստվածահաճո կլիներ։
ԿԳՄՍ-ն՝ Վ․ Դումանյանի ստորագրությամբ, հավաստիացնում է, որ «իր լիազորությունների շրջանակում փորձում է կարգավորել խնդիրը»։
Բոլորովին չբավարարող պատասխան։ Իմ խորին համոզմամբ ԿԳՄՍ-ն արդեն հուշաքարի նախագիծը, ինչպես նաև կառավարության որոշման նախագիծը պիտի պատրաստած լիներ և ոչ թե փորձեր։ Սա ի՞նչ պատասխան է։
Ինչևէ, հետևելու եմ ընթացքին, որովհետև սա մեր բոլորի բարոյական պարտքն է, սա մեր պատմության, հիշատակի և արժանապատվության պարտքն է։ Այո, Վ․ Դադրյանը ընտանիք չուներ։ Նրա ընտանիքը հայ ժողովուրդն է, մենք ենք․․․
Հայոց պետության պարտքն ու պարտականությունն է, ու, եթե որոշել եք Հայաստան տեղափոխել, ուրեմն մարդավարի, պատշաճ, քրիստոնեաբար։