Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը 2 առաջարկ է արել՝ կապված Վաշինգտոնում Փաշինյանի երեկ արած հայտարարություններից մեկի հետ, ըստ որի՝ նա պատրաստ է ինչ-որ պայմանների դիմաց հետ վերցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցադիմումները:
Ըստ Հայկ Դեմոյանի՝ Եղիշե Կիրակոսյանը դրանից հետո երկու գործողություն կարող է անել`
ա. կամ հայտարարում եք, որ իշխանությունները Ձեզ իրավական թրաֆիքինգի են ենթարկել ու առուծախի առարկա են դարձրել, ուստի հրաժարվում եք հետայսու ներկայացնել Հայաստանը միջազգային դատարաններում, կամ շարունակում եք պետբյուջեի հաշվին մեկնել Եվրոպա` ի սկզբանե վաճառքի հանված այդ հայցադիմումները սպասարկելու համար՝ այսպիսով վատնելով հարկատուների գումարները:
բ. Ի նշան բողոքի՝ դուրս եք գալիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմից, որպես իրավաբան քաջ գիտակցելով, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ դնող ժխտողական հայտարարությունները քրեորեն պատժելի են Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով:
«Հակառակ պարագայում, ես շարունակաբար հիշատակելու եմ ծանր հանցագործությունների այն շարքը, որում որպես հանցակիցներ մեղադրվում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում` Դուք, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և իր որոշումով այդ Խորհուրդը ստեղծած Նիկոլ Փաշինյանը»,- նկատում է Դեմոյանը: