Երեկ Սեւանի ափին տեղի է ունեցել ծովամարտի բեմադրություն։
Գևորգ Մարզպետունի զորավարի և արաբ ոստիկանների միջև ճակատամարտից հետո Սևանա լիճը նորից մարտադաշտի էր վերածվել։
Մի քանի տասնյակ նավակներով շրջապատել էին «Ավրորա» նավ դարձած պարեկային երկու հնամաշ կատերները և ահաբեկել էին սիգ ձկան համար կյանքը չխնայող ջրային պարեկներին։
Հաջորդ առավոտյան միտինգ ցրող կարմիր գլխարկավոր ղզլբաշները գրավել էին Նորատուսը և մի քանի տասնյակ ձկնորսի ձերբակալել։
Դե իհարկե,մի քանի ժամ անց հեռուստատեսության տեսախցիկների առջև փաստացի ձկնագողերը սկսեցին խունջիկ-մունջիկ գալ և հավաստիացնել, որ իրենք ձկների ձվադրման պայմանների մասին ձկներից շատ են մտածում։ Բայց դե մենք դրա մասին չենք ուզում գրել, մենք նրանց հերոսական կերպարը լավ ենք ճանաչում։
Մենք գրելու ենք այն ամենի մասին, ինչը նախորդել էր ծովամարտին։
Փորձենք մի քանի հարցեր ուղղել համապատասխան պաշտոններում հայտնված ոչ համապատասխան անձանց։
Գաղտնիք չէ, որ Սևանա լճի ափամերձ տարածքում անխափան կերպով, ամենօրյա ռեժիմով գործել է ձկան վաճառքի մեծածախ շուկա, որտեղ ամեն օր ձկան ետևից են գալիս տասնյակ ավտոմեքենաներ Երևանի և այլ մարզերի համար ձուկ գնելու։ Ափամերձ այդ հատվածում մեքենաների կուտակումը անհնար է չնկատել։ Մեծածախ շուկայում ֆինանսական շրջանառության ծավալները որևէ կերպ չեն արձանագրվում, չեն վերահսկվում, չկա ՀԴՄ, չկան պոս- տերմինալներ, չկա սանիտարական վերահսկողություն, չկա տարրական հիգիենա։ Առնվազն մի քանի պետական գերատեսչություններ այդ տարածքը չեն նկատում, պարզապես այդ տարածքը չկա նրանց կողմից վերահսկվելու իմաստով։
Որո՞նք են այդ գերատեսչությունները՝ մարզպետարանը՝ կառուցվածքային ստորաբաժանումներով, Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության տարածքային, մարզային ստորաբաժանումը, Առողջապահության նախարարության սանիտարական ծառայությունների տարածքային ստորաբաժանումները, «Սևան ազգային պարկի» ամբողջ կառուցվածքային ստորաբաժանումը։
Ժողովրդական մի խոսք կա՝ ձուկը գլխից է հոտում, բայց դրան զուգահեռ՝ օգտագործվում է «մեծ ձկներին» բռնելու մասին ասույթը։
Փաստացի Նորատուս համայնքի մոտ ծավալված ծովամարտը վկայում է, որ Սեւանի ձկան արդյունահանման գործը ինչ-որ մաֆիոզ մետաստազներ ունի, և միայն դրանով կարելի է բացատրել ահռելի շրջանառության ստվերը, անվերահսկելի որսը, պետական իրավասու կառույցների հավկուրությունը։
Որպես վերջաբան՝ հիշեցնեմ, որ մեղքի ամենամեծ բաժինն ունի ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը, որի ղեկավարը չի համապատասխանում իր պաշտոնին։
Իսկ ինչո՞ւ է այդ կառույցը նույն օրերին փակում Արարատյան դաշտի բազմաթիվ ձկնաբուծարաններ. նախարարության ղեկավարին հարցրեք։
Այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ 6 ամսով արգելել սիգ ձկան ձկնկիթի արտահանումը։
Մարդիկ պասերով դաշտ են մաքրում։
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ