«Անհեթեթ է։ Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 27-ին կառավարության նիստում իր ելույթի ժամանակ հնչեցրած հայտարարությունները՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի տեղադրման վերաբերյալ»․նշվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարություն մեջ։
Նշենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանը խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, ապօրինաբար անցակետ տեղադրելու մասին՝ Ալիևը նշել է, որ դա «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է և տարածքային ամբողջականության» ապահովման միջոց։
Բաքուն հայտարարել է․ «Հայկական կողմի ցանկացած միջամտություն մեր ինքնիշխան տարածքում սահմանային անցակետի բացման հարցում, որը հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը, ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և հակասում է Հայաստանի՝ Պրահայում և Սոչիում հաստատված պարտավորություններին։
Հայկական կողմի նման հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը, այլ նաև միտումնավոր ուղղված են լարվածության սրմանը»։
ԱԳՆ-ն նշել է, որ «ըստ եռակողմ հայտարարության դրույթների՝ Հայաստանը չդադարեցրեց Ադրբեջանի դեմ սադրիչ ռազմական քայլերը, որոնք սրեցին իրավիճակը։ Հայաստանն օգտագործեց Լաչինի ճանապարհն ապօրինի գործողությունների, զինամթերք և ականներ տեղափոխելու համար և ամբողջությամբ դուրս չբերեց իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից»։
Ադրբեջանն անընդունելի է համարում այն կարծիքները, թե անցակետի ստեղծումը բացասաբար կանդրադառնա խաղաղ գործընթացի վրա։ Ընդհակառակը, ըստ այդ երկրի հայտարարությունների՝ «այդ քայլի ընդունումը կծառայի այդ անօրինական գործողությունների արդյունավետ կանխարգելմանը»։