Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որը տեղի է ունեցել հունիսի 21-22-ը Ստամբուլում, ընդունել է «Ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին» բանաձև:
ԻԿԿ անդամ երկրներն աջակցություն են հայտնել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ հայրենի հողեր արժանապատվորեն վերադառնալու իրավունքին, ինչպես նաև դատապարտել է Հայաստանի կողմից այս համայնքի իրավունքների ժխտումը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշված բանաձևից բացի, ընդունվել է նաև «Ստամբուլի հռչակագիր», որը «ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև կոչ է անում հայկական կողմին վերացնել քաղաքական և իրավական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։
«Հռչակագիրը հաստատում է ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և դատապարտում է, որ հայկական կողմը հրաժարվում է Արևմտյան Ադրբեջան համայնքի հետ երկխոսություն սկսել։
«Ադրբեջանի տարածքում իսլամական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն ու պղծումը որպես Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիայի արդյունք» վերնագրով բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի տարածքում իսլամական մշակութային ժառանգության նմուշների նկատմամբ օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից կատարված վանդալիզմի գործողությունները և աջակցում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ այդ հանցագործությունների համար առաջ քաշված փոխհատուցման պահանջին»,- ասված է հայտարարության մեջ։




